Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵՐՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌՆՎԱԶՆ 25 ԶՈՀ Է ՏՎԵԼ



Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետեւելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարեւան երկրի նշված ոլորտի պատասխանատուները հակված են ոչ այնքան ներկայացնելու առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան ցանկալին մատուցելու իրականի փոխարեն:
Մինչդեռ իրողությունն ունի հետեւյալ պատկերը.

* Հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել ելման դիրքեր: Ինչպես պաշտպանական, այնպես էլ կանխարգելիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները` ըստ օրերի եւ ուղղությունների, հակառակորդին հասցրել են հետեւյալ կորուստները`

* հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ ու հետ շպրտվել,

* նույն օրը Մարտունու ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության անհաջող փորձն ավարտվել է 1 զոհով ու վիրավորներով,

* հուլիսի 31-ին Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են հակառակորդի 2 զինվորի,

* պաշտպանության բանակի՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ եւ 7 վիրավոր:

* Այդ ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել ելման դիրքեր` տալով 6 զոհ եւ 7 վիրավոր,

* նույն օրը` Մարտունու ուղղությամբ ձեռնարկած կանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է թշնամու 3 զինվորի , 4-ին` վիրավորել,

-օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 1 զոհ եւ վիրավորներ ու հետ շպրտվել:

* Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավոր:

* Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

* Այսպիսին է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին հինգ օրերին տեղի ունեցած առճակատման իրական պատկերը, որին դեռեւս ԼՂՀ ՊԲ-ն կանդրադառնա:

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Ազգային բանակ


07/08/2014