Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ



ՍԱՐԱԵՎՈՅԻ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Եվրոպայում ահեղ պատերազմի առաջին կանխանշանները թերեւս հայտնվեցին 1871 թվականին՝ Գերմանիայի դեմ պատերազմում Ֆրանսիայի կրած պարտությունից հետո։ Ակնհայտ էր, որ Ֆրանսիան չէր կարող հաշտվել ազգային խայտառակության՝ տարածքային կորուստների հետ։ Եւ փոխհատուցման նախապատրաստությունն սկսվեց 1914թ հունիսյան մի առավոտ Սարաեւոյում հնչած կրակոցներից շատ ավելի վաղ։ Եվրոպայի երկրները հետզհետե խմբվում էին տարբեր բեւեռների շուրջը, որոնցից մեկը Ֆրանսիան էր, իսկ մյուսը՝ Գերմանիան։ Եւ՛ Բեռլինում, եւ՛ Փարիզում դիվանագիտական խարդավանքներ էին հյուսվում, որոնց նպատակը դաշնակիցների եւ պատերազմի վարման նյութական միջոցների ձեռքբերումն էր։ Ֆրանսիան հույսը դրել էր Անգլիայի, Գերմանիան՝ Ավստրո-Հունգարիայի վրա։ Մյուս դաշնակիցների ընտրության մրցակցությունը թեժանում էր։

1881թ սերբ թագավոր Ալեքսանդր Օբրենովիչը գաղտնի ռազմական համաձայնություն կնքեց Ավստրիայի հետ։ Փարիզում, որտեղ ուշադրությամբ հետեւում էին Բալկանների իրադրությանը, այդ փաստը ոգեւորություն չառաջացրեց։ Սերբական ազգայնամոլ շրջանակները նույնպես դեմ էին այդ մերձեցմանը։ 1903թ. մայիսի 28-ի գիշերը սերբական «Սեւ ձեռք» գաղտնի կազմակերպության մի խումբ սպաներ՝ գնդապետ Դրագուտին Դիմիտրիեւիչի գլխավորությամբ (մականունը՝ Ապիս), ներխուժեցին թագավորական պալատ եւ իսկական սպանդ կազմակերպեցին։ Սպանվեցին թագավորը, թագուհին եւ նրանց մերձավորները։ Հեղաշրջման հետեւանքով իշխանությունն անցավ Կարագեորգիեւիչների ազնվական ընտանիքին, որոնք ունեին ֆրանսամետ կողմնորոշում։ Ոգեւորված առաջին հաջողությունից՝ «Սեւ ձեռքը» սկսեց իր ընդհատակյա մասնաճյուղերը հիմնել Բալկաններում։ Նման մի կառույց էր «Միություն կամ մահ» կազմակերպությունը, որը սերտ կապված էր Բոսնիայի եւ Հերցեգովինայի սերբական ընդհատակյա խմբերի, մասնավորապես՝ «Երիտասարդ Բոսնիայի» («Մլագա Բոսնա») հետ։ Այն Բելգրադից ղեկավարում էր նույն Դրագուտին Դիմիտրիեւիչը, որն այդ ժամանակ սերբական ռազմական հետախուզության պետն էր։

1914թ. հունիսի 28-ին Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաք՝ Սարաեւո ժամանեց ավստրիական գահաժառանգ դուքս Ֆրանց Ֆերդինանդը։ Արդեն նախօրյակին քաղաքում շշուկներ էին շրջում, որ նրա այցի ժամանակ «ինչ-որ բան պիտի պատահի»։

Գնացքը ժամանեց։ Դուքսը կնոջ հետ տեղավորվեց իր ավտոմեքենայում։ Նույն գնացքով ժամանած պահպանության գործակալները, անհայտ պատճառներով, մնացին կայարանում։ Մեքենաների շարասյունը շարժվեց Սարաեւոյի փողոցներով։ Առջեւից ընթանում էր քաղաքապետի մեքենան։ Ամբողջ քաղաքը թաղված էր ծաղիկների, Հաբսբուրգերի սեւ-դեղին եւ բոսնիական կարմիր-դեղին դրոշակների պաստառների մեջ։ Մայթերին խմբված քաղաքացիները ողջունում էին հարգարժան հյուրերին…

Հանկարծ դուքսի վարորդ Լոյկան աչքի տակով նկատեց, թե ինչպես սեւ հագած մի մարդ իրենց ուղղությամբ ինչ-որ առարկա նետեց։ Լոյկան սեղմեց գազի ոտնակը, եւ մեքենան թափով առաջ սլացավ։ Առարկան ընկավ ետեւի մեքենայի տանիքին, իսկ ապա գլորվեց սալահատակին։ Խլացուցիչ պայթյունը որոտաց հաջորդ մեքենայի անիվների տակ, որտեղ նստել էին բարձրաստիճան սպաները։

«Կանգնի՛ր, կանգնի՛ր»,-գոչեց դուքսը, բայց Լոյկան առաջ սլացավ եւ մեքենան կանգնեցրեց միայն քաղաքապետարանի մոտ։ Այստեղ զինված պատվո պահակախմբի եւ բազմության ներկայությամբ պիտի տեղի ունենար հանդիպումը «քաղաքի հայրերի» հետ։

Դուքսը մտազբաղ, ցրված լսեց քաղաքապետի ողջույնի խոսքը, ապա քմծիծաղ տալով հարցրեց. «Ի՞նչ եք կարծում, այսօր եւս մի մահափորձ կլինի իմ նկատմամբ»։

Արարողությունից հետո պաշտոնյաները նորից նստեցին մեքենաները, եւ հանդիսավոր թափորն առաջ շարժվեց։ Հայտնի չէ, թէ ինչու շարասյան առաջին մեքենան Ֆրանց-Իոսիֆի փողոցում հանկարծ մեծ արագությամբ դեպի աջ թեքվեց։ Հետագայում քաղաքապետի վարորդն իր այդ քայլը բացատրում էր երթուղու չիմացությամբ։

«Կանգնի՛ր։ ՈՒղիղ գնա։ Շուտ»,-իրենց վարորդին տագնապած հրամայեցին հաջորդ մեքենայում նստած դուքսը, գեներալ Պոտիորեկը, կոմս Գարախը…

Շփոթված վարորդը սեղմեց արգելակները… «Դուքսի մեքենան անսպասելի կանգնեց մեր առջեւ,-1994թ. հիշում էր 102-ամյա Հելենա Նավրատիլովա-Պլեշուտովան՝ մահափորձի ականատեսներից մեկը։-Մենք զարմացած էինք։ Մեզնից մի քանի քայլ հեռու սեւ հագնված երիտասարդը գրպանից հանեց ատրճանակը եւ սկսեց մեքենայի ուղղությամբ կրակել։ Ընդհանուր խուճապ առաջացավ, մարդիկ ճչալով այս ու այն կողմ նետվեցին։ Երբեք չեմ մոռանա հետզհետե մեծացող արյան բիծը դքսուհու ճերմակ զգեստի վրա։ Ես տեսա, թե ինչպես ոստիկանները գետին տապալեցին ահաբեկչին։ Նրա դեմքը ճեփ-ճերմակ էր»։

Գնդակն անցնելով դուքսի համազգեստի օձիքը, խոցել էր նրա պարանոցի զարկերակը եւ քարացել ողնաշարում։ Երկրորդ գնդակը խոցել էր դքսուհու աջ կողը, որն առաջինը մահացավ։ Դուքսը տասը րոպե ավելի ապրեց։

Պարզվեց, որ մարդասպանը բոսնիացի սերբ Գավրիլ Պրինցիպն էր՝ «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամը։

Գնդապետ Դրագուտին Դիմիտրիեւիչ-Ապիսը շատ բան գիտեր, եւ նման մարդիկ հազվադեպ են մինչեւ ծերություն ապրում։ 1916թ. դեկտեմբերին Սերբիայի գահաժառանգ Ալեքսանդրը, գնդապետ Պյոտր Ժիվկովիչի ղեկավարած «Սպիտակ ձեռք» գաղտնի կազմակերպության օգնությամբ, ձերբակալեց Դիմիտրիեւիչին։ 1917թ. հունիսին Սալոնիկում ռազմական դատարանը գնդապետ Դիմիտրիեւիչ- Ապիսին եւ Սարաեւոյի մահափորձի անմիջական մյուս կազմակերպիչներին դատապարտեց գնդակահարության։

Սակայն ո՞վ էր պատվիրել, որտե՞ղ էր հղացվել Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունը. Փարիզու՞մ, Բեռլինու՞մ, Վիեննայու՞մ, Բուդապեշտու՞մ, թե՞ Բելգրադում։ Ավաղ, այդ գաղտնիքն Ապիսն իր հետ գերեզման տարավ։

Եւ այսպես, ո՞վ էր պատվիրատուն։

1913թ. Ֆրանսիայի նախագահ դարձավ Ռայմոն Պուանկարեն, որի մականունը նաեւ «Պատերազմ» էր։ Նրան անհրաժեշտ էր ամեն գնով Գերմանիայի դեմ պատերազմ սանձազերծել՝ անկախ նրանից, թե ինչպե՞ս այն կավարտվեր։ Սակայն պատերազմը չպետք է սկսեր Ֆրանսիան. հրձիգի տիտղոս այս պետությանը հարկավոր չէր։ Իսկ որտեղ կարելի էր կռվի առիթ գտնել, եթե ոչ Բալկաններում, առավել եւս, երբ այնտեղ Ֆրանսիան շատ բարեկամներ ուներ, օրինակ, սերբական ռազմական հետախուզության պետը…

Գերմանիայի համար «ստիպողական պատերազմը», քանի գնում օրախնդիր էր դառնում։ Նախ՝ ժամանակն աշխատում էր նրա հակառակորդների օգտին։ Ռուսաստանն ուժեղանում էր։ Երկրորդ՝ ավստրիացի կայսր Ֆրանց-Իոսիֆն արդեն 85 տարեկան էր։ Նրա մահից հետո գահը կանցներ Ֆրանց-Ֆերդինանդին, որն ամուսնացել էր չեխուհու հետ։ Հայտնի էր, որ Ֆրանց-Ֆերդինանդը համակրում էր սլավոններին, փոխարենը՝ ատում էր հունգարներին, հրեաներին եւ իտալացիներին, իսկ գլխավորը՝ սառը վերաբերմունք ուներ Գերմանիայի նկատմամբ։ Կարելի է գուշակել, որ նա կայսր դառնալով՝ կխզեր դաշնակցային կապերը Գերմանիայի հետ։ Իսկ միայնակ Գերմանիան Անտանտի դեմ չէր կարող պայքարել…

Իր հերթին Վիեննայում շատ պալատականներ ատում էին Ֆրանց-Ֆերդինանդին եւ նրա կնոջը։ Ինքը՝ ծերունազարդ կայսր Ֆրանց-Իոսիֆը նույնպես չէր սիրում թագաժառանգին։ Դուքսը, որը գրավում էր բանակի գլխավոր տեսչի պաշտոնը, բացահայտ անհամբերությամբ էր սպասում քաղաքական բեմից իր հոր հեռանալուն։ Կոնոպիշտե ամրոցում նա կազմակերպել էր սեփական ռազմական գրասենյակ, ստվերային կառավարություն, իր մարդկանց առաջ էր քաշում առանցքային պաշտոններում…

Գանք Բուդապեշտին։ Դուքսի սպանությունը Բուդապեշտում ցնծության ալիք առաջացրեց։ Քաղաքական բեմից անհետացավ նա, ով ատում էր հունգարներին։ Հունգարիան, որ ավստրո-հունգարական կայսրության կազմում ուներ սեփական պառլամենտն ու կառավարությունը, բացահայտ պաշտպանում էր Սերբիայի ոչնչացման գաղափարը, որը «խանգարում էր շնչել»։ Դուքսի սպանությունը հնարավորություն էր ընձեռում մեկընդմիշտ լուծել ատելի Սերբիայի հարցերը։

Հունգարիայի ցանկությունը համընկնում էր Գերմանիայի հետաքրքրությունների հետ։ Սերբիան խոչընդոտ էր Բալկաններում եւ նրան հարկավոր էր վերացնել։ Իսկ ավստրո-սերբական լարված հարաբերություններում հեշտ էր բախումնային միջադեպ ստեղծել եւ օգտվել դրանից։

Սերբիայում «Սեւ ձեռք» ահաբեկչական կազմակերպությունը երկրին մղում էր պատերազմի՝ բոլոր սերբական հողերը միավորելու նպատակով։ Այդ կազմակերպության ճնշման ներքո 1914թ. հունիսին 70-ամյա Պյոտր թագավորը ստիպված էր իշխանությունը հանձնել թագաժառանգ Ալեքսանդրին։ Արկածախնդիրները համոզված էին, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը կպաշտպաներ իրենց, իսկ Ռուսաստանի թիկունքում իրենք անպարտելի էին։ Սակայն պետության առաջին դեմքերին նման ոգեւորությունը հատուկ չէր. նրանք քաջ գիտեին, որ սեփական բանակը թուլացել է 1912-1913թթ. Բալկանյան պատերազմով, զինամթերքի պաշարը վերջացել էր։ Սերբական կառավարությունը նույնիսկ Վիեննային նախազգուշացրեց Սարաեւոյում դուքսի նկատմամբ սպասվող վտանգի մասին, բայց այդ նախազգուշացումն ուշադրության չարժանացավ։ Այդուհանդերձ, պաշտոնական Բելգրադը չդատապարտեց եւ ցավակցություն չհայտնեց ավստրիական պալատին, իսկ Բելգրադի լրագրերը բացահայտ չարախնդում էին Ֆերդինանդի մահվան առիթով…

Վերջին հաշվով, Ֆրանց-Ֆերդինանդը, որ ամենուրեք այդքան թշնամի ուներ, դատապարտված էր…

Ս. ԴԻԼԱՆՅԱՆ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Պատմության էջերից


14/08/2014