ԻՆՉՊԵՍ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԵՒ ՋՐԻ ՄՈՏԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Կաթնասուններ – Կենդանիների մեծ մասը մշտապես ջրի կարիք է զգում: Խոտակերները սովորաբար երբեք չեն հեռանում ջրից, որովհետև խմում են օրական երկու անգամ՝ արշալույսին և ուշ երեկոյան: Նրանց զուգամիտող հետքերը հաճախ տանում են դեպի ջուրը:
Գիշատիչ կենդանիներն այնքան էլ լավ ցույց չեն տալիս ջրի տեղը, քանի որ իրենց անհրաժեշտ ջրի զգալի մասը նրանք ստանում են իրենց զոհին խժռելիս:
Թռչուններ – Հատիկաբույսերով սնվող թռչունները, օրինակ՝ աղավնին ու սերինոսը (անտառային երգող թռչուն), ջրից չեն հեռանում և խմում են առավոտյան ու երեկոյան: Եթե նրանք թռչում են ուղիղ ու ցածր, ուրեմն՝ ջրի են գնում: Ջրից վերադառնալիս ծառից ծառ են թռչում՝ հաճախ կանգ առնելով հանգստանալու համար:
Ջրային և գիշատիչ թռչունները հազվադեպ են խմում, ուստի նրանց հետևելով ջրի աղբյուր հայտնաբերելը դժվար է:
Միջատներ – Ջրի տեղը հատկապես լավ են ցույց տալիս մեղուները: Նրանք իրենց բնից կամ փեթակից հեռանում են առավելագույնը 6.5 կմ: Մրջյունները նույնպես շատ են կախված ջրից: Մրջյունների՝ ծառն ի վեր շարժվող շարասյունը տանում է դեպի փոքր բնական տարողություն, որտեղ ջուր է հավաքված: Այդպիսի տարողություն կարելի է հայտնաբերել նույնիսկ չորային տարածքներում:
Ճանճերի մեծ մասը 90 մետրից ավելի չի հեռանում ջրից:
Սողուններ – Դրանք իրենց անհրաժեշտ ջրի մեծ մասը ստանում են որսը խժռելիս կամ ցող ըմպելով, ուստի ջրի տեղը ցույց տվող հուսալի միջոց չեն:
ՑՈՂ ԵՒ ԱՆՁՐԵՒԱՋՈՒՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՁԵՒԸ
Տարողության մեջ ջուր հավաքելու համար պետք է օգտագործել հնարավորին չափ մեծ ուրդոցային (դրենաժային) մակերես: Պատերին կավ քսված և ծածկված փոսը ջուր լավ է պահում: Եթե ձեռքի տակ անջրանցիկ նյութ չկա, փոսը բոլորապատելու համար կարելի է օգտագործել ծառի տերևներ կամ կեղև (նկ. 1):
Ջուր հավաքելու համար մաքուր շորը կարելի է փաթաթել սրունքներին ու քայլել թաց բուսականության վրա, իսկ հետո շորը քամել:
Վաղ առավոտյան կարելի է մաքուր վուշի կամ բամբակե շորը քսել խոտերին, հետո քամել (նկ.2):
Անձրևի ժամանակ կարելի է շորը փաթաթել ծառին: Բնի վրայով հոսող ջուրը շորի մեջ է ներծծվում ու կաթում ներքևը դրված տարողության մեջ (նկ.3):
ԿՈՆԴԵՆՍԱՑՈՒՄ
Պոլիէթիլենային պարկը փաթաթեք սաղարթախիտ ծառի առողջ ճյուղի շուրջ (նկ. 4): Պարկի բերանը պետք է վերևում լինի: Տերևների մակերևույթից ջուրը կգոլորշիանա, ապա կկոնդենսացվի (կխտանա) պարկի ներքևի անկյունում:
Կարելի է թուփը ծածկել պոլիէթիլենային պարկով կամ վերջինս գցել հողի մեջ ամրացված փայտի վրա (նկ. 5): Կարևոր է, որ տերևները չկպչեն պարկին, այլապես ջրի կաթիլները չեն հոսի պարկի այն մասի մեջ, որը հատուկ խորացված է հողում՝ կոնդենսացված ջուրը հավաքելու համար:
Կոնդենսատ կարելի է ստանալ նույնիսկ կտրված և ջրանթափանց մեծ պարկի մեջ դրված բույսից (նկ. 6): Վերջինս պետք է դնել պարկի միջի քարերի վրա, որոնց տակ հավաքվելու է ջուրը: Տերևները պարկին չպետք է կպչեն: Պարկը պետք է ձգել քարերի և ուղղաձիգ ամրացված փայտի միջոցով և դնել թեք տեղ, որպեսզի ջուրը հավաքվի մի տեղում:
Շարունակելի
Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Հոգևոր-մշակութային