Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՆՔ՝ ՀԱՆԳԻՍՏ ԵՐԳԵՔ ՈՒ ՊԱՐԵՔ



«Խոսքի իրավունք» խորագիրը այս անգամ հյուրընկալել է Անահիտ Մադոյանին։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, նրա հասարակական գործունեությունը ոչ մի առնչություն չունի իրավաբանի մասնագիտության հետ։ «Ես իմ հոգու պարտքն եմ կատարում,- ասում է Անահիտ Մադոյանը,- փորձում եմ ինչ-որ բանով արդարացնել իմ հողի վրա, իմ հայրենիքում ապրելու իրավունքը։ Այս մի կտոր հողի, այս ազատ ու անվտանգ կյանքի, անկախ հայրենիք ունենալու իմ հպարտության համար շատ թանկ գին են վճարել իմ նախնիները, իմ հայրենակիցները։ Հազարավոր կյանքեր են զոհաբերվել, լիտրերով արյուն է թափվել։ Ու ես չեմ կարող մոռանալ դա, չհատուցել ուժերիս ներածին չափով։ Իսկ հատուցելու միայն մի ձև կա՝ սեփական երկրում մի քար դնել քարին, մեկի մատից մի փուշ հանել…»։

Փոքրուց սիրել եմ պարել։ Երգը, պարը մարդուն դարձնում են ավելի զգացմունքային, ազատ, մղում են դեպի գեղեցիկը, վեհը, ազնիվը։ Երեխան պիտի երգի ու պարի… Երեխան պիտի բանաստեղծություն լսի, առնչվի գեղարվեստական խոսքին, զգա բառի, խոսքի գեղեցկությունը… Ոչ բոլոր երեխաները ֆինանսական հնարավորություն ունեն հաճախելու երաժշտական կամ արվեստի դպրոց, գեղագիտության կենտրոն… Մինչդեռ, բոլոր երեխաները պիտի իրավունք ունենան պարելու և երգելու, անկախ երաժշտական լսողությունից և օժտվածությունից… բոլոր երեխաները պիտի ոտանավոր ասեն, անկախ ասմունքելու շնորհքից… Ու ես որոշեցի Էջմիածնում անապահով, անվճարունակ երեխաների համար երգի ու պարի խմբակ բացել։ Գտնել հովանավորներ, վճարել ուսուցիչներին, որոնք ոչ միայն երգել ու պարել կսովորեցնեն երեխաներին, այլև կդասավանդեն գեղագիտություն, բարոյագիտություն, վարվեցողություն, հայոց լեզու, հայ գրականություն…

Բարեբախտաբար, իմ նախաձեռնությունը ոգևորեց ոմանց։ Էջմիածնի տեղական իշխանությունները ինձ անվճար տարածք հատկացրին մշակույթի տանը, մնացածն արել եմ իմ միջոցներով, և 10 տարի առաջ մենք հիմնադրեցինք «Վաղարշապատ» երգի-պարի համույթը ու 150-200 երեխայի ընդգրկեցինք մեր փոքրիկ «մշակույթի դպրոցում»…

Շուտով կլրանա մեր գործունեության տասը տարին։ Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե որքան դժվար էր ուսուցիչներ գտնելը, ովքեր չնչին, պարզապես խորհրդանշական վճարով համաձայնեցին Երևանից հասնել Էջմիածին և արվեստի, գեղագիտության, բարեկրթության…. բարության ու ազնվության դասեր տալ փոքրիկներին… Ես չեմ խոսում այն խնդիրների մասին, որ ջանադրաբար հաղթահարել ենք Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքով շրջագայելիս… Ես ուրախությամբ կպատմեմ մեր հաջողությունների մասին։ Մենք ելույթ ենք ունեցել Իրանում, Իսպանիայում, Սիրիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում… Ներկայացրել ենք հայ ազգային երաժշտական արվեստը, արժանացել ենք ունկնդրի հիացմունքին ու ծափերին… Մենք մեր 10-ամյա գործունեության ընթացքում համերգներ ենք ունեցել գրեթե բոլոր զորամասերում։ Մեծ սիրով ու հպարտությամբ երգել-պարել ենք հենց նոր դիրքերից իջած, սահման պահող զինվորների համար, նրանց հետ միասին ճաշել ենք զինվորական ճաշարաններում…

2007-ին մենք ելույթ ունեցանք ՆԱՏՕ-ի համաժողովի մասնակիցների համար, ներկայացնելով հայկական մշակույթը, և արժանացանք մեր հերթական պատվոգրին։

Ուզում ենք մեր տասնամյակը նշել զորամասեր այցելությամբ՝ մեր հոգու պարտքը կատարելով։ Վստահ եմ, որ այցելելով յուրաքանչյուր զորամաս, կտեսնենք, թե որքան է փոխվել այն մեր վերջին այցելությունից հետո, կհանդիպենք խիզախ, խրոխտ, ուժեղ, ինքնավստահ զինվորների, որոնք, ինչպես միշտ, կասեն՝ մենք սահմանին ենք, դուք հանգիստ երգեք ու պարեք։ Մենք տուն կվերադառնանք սահմանից՝ մեր հաջորդ տասնամյակն ավելի ազնիվ, նվիրված, հուսավառ ու պինդ ապրելու վճռականությամբ, լիցքավորված վստահությամբ ու եռանդով, մեր տունը կառուցելու կամքով ու վճռականությամբ։

Հ.Գ. Անահիտ Մադոյանն ասաց, որ զորամասերում կերած թթու կաղամբի ու սև հացի համը դեռ բերանում է և ամեն անգամ զորամաս գնալիս խնդրում է իրեն սև հացով թթու կաղամբ հյուրասիրել։ Մենք խոստացանք կազմակերպել նրա և նրա ղեկավարած խմբի անդամների հերթական այցելությունը հայկական բանակի զորամասեր և բոլորին սև հացով թթու կաղամբ հյուրասիրել։

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Բանակ և հասարակություն


14/08/2014