Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՊԱՐՏԸ



…1965 թվականի աշնանը Երևանի իր անշուք խրճիթում դադարեց բաբախել ամբողջ կյանքը խորհրդային բանտերում և սիբիրյան աքսորում անցկացրած Արամ Թովմաղյան-Լեռ Կամսարի տառապյալ սիրտը՝ ականավոր գրող-երգիծաբան, որ երբեք չդավաճանեց Ճշմարտությանը և չփոխեց իր ազնիվ ու ըմբոստ էությունը: Քաղաքի վրա «իջավ ծանր լռություն»: Միայն քչերը կարողացան լսել լռության ձայնը ու հասկանալ, որ հայ գրականությունն արձանագրել է իր հերթական անդառնալի կորուստը. մահացել էր Մեծ Երգիծաբան:

Ֆելիետոնի արքան ուրիշ գրողների պես ինքնակենսագրական գրքեր չգրեց, փոխարենը նրա կյանքն ու անձը դարձան իր ապրած ժամանակների խորհրդանիշը, իր գրչակից ընկերների հավաքական ճակատագիրը: Նա 20 տարիների սիբիրյան աքսորում և Չեկայի նկուղներում, որտեղ «կալանավորներին բաժանվել էին տետրներ և մատիտ՝ չգործած մեղքերը խոստովանելու համար», շարունակում էր պաշտպանել մարդու ոտնահարված իրավունքները՝ սերունդներին թողնելով իր ապրած ժամանակների իրական դեմքը՝ «Մենք ընկանք, թող մեզնից հետո եկողները չընկնեն, մեղք են»:

…Երևանի Թումանյան փողոցում կա մի բնակարան, որտեղ ապրում է մեծ տառապյալի ու մեծ հերոսի թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը: Նա 20 տարի շարունակ տքնաջան աշխատանքով ու նվիրումով մեկ առ մեկ հրատարակում և ընթերցողի սեղանին է դնում Լեռ Կամսար երգիծաբանի անտիպ ժառանգությունը՝ «Կարմիր օրեր», «Սաստիկ կոմունիստներ», «Մահապուրծ օրագիր», «Բանտիս օրագիրը», «Սոցիալիզմի Սահարա», «Հալոցք», «Թատերախաղեր»… Սրանք ընդամենը մի փոքր մասն են գրողի անտիպ հսկա ժառանգության, որոնք սպասում են տպագրվելու իրենց հերթին՝ այն սև, հնամաշ ճամպրուկում, որը Լեռ Կամսարին ուղեկցել է սիբիրյան աքսորի ժամանակ: Ու թեև արդեն լույս է ընծայվել գրողի 10 հատորյակը, այդուհանդերձ Լեռ Կամսարը տակավին մնում է գերազանցապես անտիպ հեղինակ:

ԳՐՉՈՎ ԵՎ ԶԵՆՔՈՎ

Ապրելով երեք վարչակարգերի՝ համիդյան բռնապետության, Հայաստանի Առաջին Հանրապետության, բոլշևիկյան ամբողջատիրության ժամանակներում՝ նա երբեք էլ չփոխեց իր «հագուկապը»՝ մնալով նույն ըմբոստ ու արդարամիտ մտավորականը՝ ժայռից ամուր կառչած մասրենու թփի պես փշոտ ու անսասան:

-Տիկի՛ն Վանուհի,- դիմում եմ երգիծաբանի թոռնուհուն,- մեծերին հատուկ է ժողովրդի համար բախտորոշ ժամանակներում պայքարել ոչ միայն գրչով, այլև զենքով: Ազգային-ազատագրական պայքարին գործուն մասնակցություն է ունեցել նաև Լեռ Կամսարը: Կխոսե՞ք այդ մասին:

-Այո՛: Լինելով հայրենասեր և չկարողանալով անտարբեր մնալ երկրի քաղաքական իրադարձություններին, Լեռ Կամսարը մարտնչում էր և՛ իր սվին-գրչով, և՛ զենքով. 1915թ., երբ աշխարհի գերտերությունների անտարբեր հայացքի ներքո սկսվեց Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը, Լեռ Կամսարն իր անմիջական մասնակցությունը բերեց Վանի հերոսամարտին՝ իր տան մատույցներում հիմնելով «Թովմաղյան ջոկատը»: Լեռ Կամսարը քաջալերում էր ժողովրդին՝ ասելով. «Յուրաքանչյուր վանեցու մեջ չար Բելին հաղթող Հայկ Նահապետ է նստած»: Այս մասին գրել է նաև Գուրգեն Մահարին՝ իր «Այրվող այգեստաններում»: Ինքը՝ Լեռ Կամսարը, Վանի հերոսամարտում բարձր է գնահատել ազգային հերոս Արամ Մանուկյանի դերը, որի հետ միասին հերոսական պայքար է մղել՝ նրան կոչելով Արամ իշխան:

Ավելի ուշ Լեռ Կամսարը դառնում է Տիգրան Բաղդասարյանի հրամանատարության ներքո գործող Վանի 4-րդ գնդի կամավորը: Սակայն Դրոն, տեսնելով գրողի վտիտ ու հիվանդ տեսքը (մինչ այդ երգիծաբանը հիվանդացել էր որովայնային տիֆով և միայն կնոջ ջանքերի ու նվիրումի շնորհիվ էր փրկվել մահվան ճիրաններից, արգելում է մասնակցել Սարիղամիշի ճակատամարտին.

-Քեզ որ մի բան պատահի, բա մեզ ո՞վ պիտի ծաղրի: Գնա՛, ա՛յ մարդ, քո գործն ուրիշ է, գնա՛ գործովդ զբաղվիր,- կամավորների շարքից հանելով՝ ասում է Սպարապետը:

Եվ թեպետ Լեռ Կամսարն անկուսակցական էր, բայց իշխանության եկած դաշնակցականները մեծ հարգանք և հոգածություն էին տածում նրա սուր գրչի հանդեպ: Նրան սիրում էին նաև բարձրաստիճան հոգևորականները՝ բոլոր թերթերին հրահանգելով օգտագործել երիտասարդ գրողի ներուժը՝ բուժելու հասարակության ախտերը: Լեռ Կամսարը ազգն ու հայրենիքը սիրելու ի՛ր կերպն ուներ՝ քննադատել կատարյալի հավատով. դժվարը հենց այսպիսի հայրենասեր լինելն էր: 1988թ.«Գրական թերթի» համարներից մեկում ճանաչված գրող Շահեն Թաթիկյանը մի կարևոր հուշ է թողել. նա, 1948թ. հանդիպելով Լեռ Կամսարին, հարցրել էր՝ «Ինչո՞ւ եք Ձեր ֆելիետոններից մեկում ծաղրել Վանի հերոսամարտը. չէ՞ որ Դուք էլ եք դրա մասնակիցը եղել».

-Ծաղրե՞լ ասացիք….Լավի մասին, դրականի մասին ամենքը գրել են ու շարունակում են գրել: Ես գրում եմ բացասականի, թերությունների մասին, որ դաս լինեն գալիքի համար, որ մարդիկ չկրկնեն սխալները,- դառնորեն պատասխանել էր մեծ վանեցին…

ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ «ԽԱՂՔ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ» ԱՇԽԱՐՀԸ

-Շատ մեծ հայրենասեր էր Լեռ Կամսարը: Երբեք չէր խոսում ծննդավայր Վանից, ազգային հերոսամարտերից: Նրան հանգիստ չէր տալիս Հայ Դատը, քանի որ դիվանագետի պայծառատեսությամբ կանխազգում էր, որ իր ժողովրդի ողբերգությունը օտար պետությունների համար դառնալու է «փրկարար չիբան»՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու և զիջումներ կորզելու համար,- ասում է տիկին Վանուհի Թովմասյանը և շարունակում։ -Եվ բոլոր մեծերի նման Լեռ Կամսարը ևս ցույց է տալիս ազգային շահն առաջ տանելու միակ՝ դարերով ապացուցված ճշմարիտ ճանապարհը՝ «Աշխարհն ղեկավարող միակ օրէնքն ուժն է»: Լեռ Կամսարի համար այդ ուժն ազգային համախմբվածությունն էր՝ միավորված մեկ ընդհանուր գաղափարի շուրջ. նրա՝ դեռևս 1917թ.-ին՝ նախախորհրդային շրջանում գրված «Ազգային հիմն» պամֆլետն այսօր էլ շատ ուսանելի է՝ մեր ազգային կյանքը ճիշտ կազմակերպելու համար.

«Այս առիթով կուգամ պաղատագին աղերսելու ձեզ, ո~վ հայ կուսակցություններ՝ ներկա, անցյալ և ապառնի, մեկ օրով, միայն մեկ օրով մոռացեք ձեր ծրագիրները և եղեք հայ ազգ… տեսնենք ի՞նչ ձևի բան կըլլա: Ես կյանքիս մեջ բնավ հայ տեսած չեմ. թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ՝ ոչ: Միացե՛ք նախ տեսնենք՝ ամբո՞ղջ եք, բան-ման չի՞ պակսեր ազգ դառնալու համար. երկրորդ՝ միացեք պզտիկ հիմն մը լմննա, անկե վերջ ձեզի նշան կընեմ՝ ամեն մարդ իր ծրագրին գլուխը»:

-Լեռ Կամսարը միայն ազգային արատները չէ, որ մատնանշում էր: Նա ձաղկել է նաև համամարդկային և քաղաքական թերությունները, որոնք ազգություն և ժամանակ չեն ճանաչում:Նրա համար ազգություն չունեին նաև մարդկային ողբերգությունները,- ասում է Վանուհի Թովմասյանը և, թերթելով «Հալոցք» գիրքը, շարունակում:- Այստեղ տեղին է հիշել 1960թ. գրված օրագրության այս հատվածը.

«Իբրև հաշվով ապրող ազգ Եվրոպայում հայտնի են գերմանացիք: Նրանց տանտիրուհիները կերակուրը պատրաստելիս խոհանոցային սեղանի վրա ունեն շատ նուրբ կշեռքներ. կերակուրի աղն ու պղպեղն անգամ կշռելու համար: Միսը գրամների հաշվով համապատասխանեցնում են ուտողների քանակին: Այս հաշվով հետաքրքիր է իմանալ, երբ 1915 թվին իր թուրք մսագործի ձեռքով մորթեց մեկուկես միլիոն հայություն , այդ քանի՞ մարդու համար էր կերակուր պատրաստում Գերմանիան: Ո՞ւմ էր խնջույքի կանչել, որ ինքն անձամբ վեց միլիոն հրեա կոտորեց, և խղճի ո՞ր կշեռքով կշռեց այդ «մթերքը»:

Գերմանիա՛ , փիլիսոփաների երկիր, չիմացա՞ր, որ ով ծնվում, աշխարհ է գալիս , նա իրավունք ունի ապրելու մինչև իր բնական մահը:

Գերմանիա՛, Բեթհովենի երկիր, նրա ո՞րերորդ սիմֆոնիան էին հիշեցնում միլիոնավոր զոհերիդ լեղաճաք կանչերը: Աշխարհի ո՞ր պետությունը իրավունք ունի քեզնից ավելի մտածող, քեզնից ավելի զգայուն լինել: Ինչպե՞ս հաջողեցիր այդքան արվեստագետների ու փիլիսոփաների արանքում այդքան գազան մնալ»:

-Տիկի՛ն Վանուհի, Ձեզ ի՞նչ է սովորեցրել Լեռ Կամսարը,- հարցնում եմ:

-Նա, իրոք, մեծ Ուսուցիչ է:

-Ո՞րն է նրա ուղերձը մեզ՝ իր չտեսած անկախ Հայաստանը կառուցող սերնդին:

-Ազատ մտածել, սիրել ճշմարտությունը և հանուն ազատության ու ճշմարտության պատրաստ լինել անձնազոհության: Ինքն ազատ մարդ էր:Նա իր ապրած կյանքով ապացուցեց, որ Ազատությունը բացարձակ արժեք է, որը մարդու հետ ծնվում է, շնչի հետ դուրս գալիս: Եվ ես ուրախ եմ, որ այսօր շատ երիտասարդներ են հետաքրքրված Լեռ Կամսարով: Նա վերադառնում է:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1049) 14.08.2014 – 20.08.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


14/08/2014