ԵԶԴԻՆԵՐԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եզդիների կոտորածները որակել է ցեղասպանություն
Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիները հայտնվել են ֆիզիկական բնաջնջման եզրին: Փաստացի ցեղասպանության զոհ է դարձել շուրջ 600 մարդ: Իրենց «Իսլամական խալիֆայություն» անվանող իսլամիստ ծայրահեղականները չեն քաշվում նույնիսկ կտտանքներից, փաստեր կան կենդանի թաղումների մասին: Ծայրահեղականների նման վարքագիծը ստիպել է Միացյալ Նահանգներին վերանայել իրենց վերաբերմունքը այդ կազմակերպության նկատմամբ և նույնիսկ դիմել ռազմական գործողությունների:
Հունիսի սկզբներից Իրաքում ակտիվացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անունը կրող ծայրահեղ իսլամիստների ահաբեկչական կազմակերպությունը՝ ժամանակին նյութական մեծ միջոցներ կուտակելով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմական գործողություններում: Նրանք կարողացան ծավալվել Հյուսիսային Իրաքում և հայտարարել շարիաթի օրենքների հիման վրա «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին: Հուլիսին «Իսլամական խալիֆայության» գրոհայինները լուրջ հարված հասցրեցին Հյուսիսային Քրդիստանի զինված ստորաբաժանումներին, ինչը հնարավորություն տվեց շարունակել առաջխաղացումը դեպի Կենտրոնական Իրաք: Օգոստոսին ծայրահեղականների ենթակայության տակ հայտնվեցին Սիրիայի Հալեպից Իրաքի Դիալա նահանգների միջև ընկած տարածքները և շուրջ 20 քաղաք:
Իրենց ենթակայության տակ հայտնված շրջաններում ծայրահեղականները, սպառնալով ֆիզիկական բնաջնջմամբ, պահանջել են քրիստոնյաներին և եզդիներին հավատափոխ լինել: Վտանգի առջև են կանգնել նույնիսկ տեղացի շիա մահմեդականները: Իսլամիստ ծայրահեղականների ձեռքում է հայտնվել նաև հիմնականում եզդիներով բնակեցված Սինջար քաղաքը: Այն դատարկվել է՝ 300.000 բնակչից այժմ մնացել է ընդամենը 25.000-ը: Հազարավոր ընտանիքներ ամառվա տապին, առանց սննդի, ջրի կամ դեղամիջոցների՝ պատսպարվել են լեռներում: Ընդհանուր առմամբ՝ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից փախուստի է դիմել շուրջ 200 հազար եզդի: Վերջին շաբաթվա ընթացքում սպանվել է 500 տղամարդ, առևանգվել և որպես ստրուկ վաճառվել 300 կին, սովից և ծարավից մահացել է շուրջ 80 երեխա: Հայտնաբերվել են զանգվածային գնդակահարվածների գերեզմանոցներ:
Համաձայն միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպության՝ Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը փակել է սահմանները՝ զրկելով տեղահանված եզդիներին իր վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում ապաստանելուց, այն դեպքում, երբ Իրաքի կենտրոնական կառավարությունը ևս որևէ ջանք չի գործադրում մարդասիրական օգնություն հասցնելու եզդի բռնագաղթյալներին:
Աշխարհի բոլոր եզդիներն այսօր բարձրաձայնում են Իրաքում իրենց եղբայրների ճակատագրի մասին: Հայաստանում եզդիների համայնքը ևս դատապարտել է ոճրագործությունը և դիմել է միջազգային հանրությանը՝ քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու և հայրենակիցներին օգնելու համար:
Իրաքի հյուսիսում ստեղծված հումանիտար աղետը ստիպել է փոխել Վաշինգտոնի վերաբերմունքը ժամանակին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պատերազմող «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» նկատմամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եզդիների կոտորածները որակել է ցեղասպանություն, միաժամանակ հայտարարելով, որ իրաքյան նոր պատերազմ չի լինելու: Օգոստոսի 8-ից ամերիկյան ռազմաօդային ուժերը կետային հարվածներ են հասցրել գրոհայիննների բազաներին: F-18 երկու կործանիչ լազերային թիրախավորմամբ 220-կիլոգրամանոց ռումբ է արձակել Իրաքյան Քրդիստանի մայրաքաղաք Էրբիլը պաշարող ահաբեկիչների ռազմական օբյեկտների վրա: Արդյունքում ոչնչացվել է շուրջ 500 գրոհային, հրետանային համակարգեր, ռադարներ և տրանսպորտային միջոցներ: Վաշինգտոնը մտադիր է շարունակել «Իսլամական խալիֆայության» գրոհայինների բազաների ռմբակոծումը՝ ոչ միայն նրանց առաջխաղացումը կասեցնելու, այլ նաև՝ լեռներում պատսպարված եզդիներին փրկելու համար «հումանիտար միջանցք» ստեղծելու նպատակով: Միացյալ Նահանգները նաև հավելյալ աջակցություն են սկսել տրամադրել Հյուսիսային Իրաքի քրդերին՝ Էրբիլ քաղաքի վրա իսլամիստ ծայրահեղականների գրոհը կասեցնելու համար:
Օգոստոսի 11-ին Իրաք է ժամանել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լոռան Ֆաբիուսը, որը հանդիպել է Իրաքի կենտրոնական իշխանությունների և Քրդիստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ֆրանսիացի դիվանագետը հայտնել է ՆԱՏՕ-ի կողմից ծայրահեղականների դեմ համակարգված գործողություններ սկսելու մտադրության մասին, ինչպես նաև վստահեցրել, որ արևմտյան երկրները իրենց պաշտպանության տակ են վերցնում երկրի քրիստոնյա և եզդի համայքները:
Հատկանշական է, որ Իրաքում ներկայումս ստեղծված իրավիճակը եզակին է, որը միավորում է Արևմուտքին և Ռուսաստանին: Թե՛ Վաշինգտոնը և թե՛ Մոսկվան հակված են պահպանել Իրաքի ամբողջականությունը և վտարել երկրից ծայրահեղականներին: Իրաքյան հարցը մերձեցնում է Միացյալ Նահանգներին նաև Իրանի հետ, որը անհանգստացած է շիա և եզդի ազգաբնակչության ճակատագրով: Տարածաշրջանային միակ երկիրը, որին ոչ միայն ձեռնտու է «Իսլամական խալիֆայության» առաջխաղացումը, այլ որը նաև աջակցում և ֆինանսավորում է Սաուդյան Արաբիան է, սակայն Էր Ռիադում հասկանում են, որ նման իրավիճակը երկար չի տևի և Սաուդյանները ևս պատասխանատվության կենթարկվեն:
Ինչ վերաբերում է քրիստոնյաների և եզդիների նկատմամբ կատարված ոճրագործություններին, ապա «Իսլամական խալիֆայության» ծայրահեղականներին պատժելու և ՄԱԿ-ի կողմից քրիստոնյաների և եզդիների կոտորածները դատապարտելու պահանջով հանդես են եկել Քրիստոնեական բոլոր արևելյան եկեղեցիների ղեկավարները, այդ թվում նաև՝ Մեծի Տանն Կիլիկիո պատրիարք Արամ I-ը, Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս XIX:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ