Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ



Ղազախստանի Հանրապետության «Աստանա» տարածքային հրամանատարության «Սպասկ» ուսումնական կենտրոնի շարահրապարակում տեղի ունեցավ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2014» համատեղ զորավարժությունների հանդիսավոր բացումը: Դրանից անմիջապես հետո մարտական հրաման ստանալով՝ ՀԱՊԿ վեց երկրների զորակազմերն անցան գործնական խնդիրների կատարմանը:

«Փոխազդեցության» շատ տարրեր և դրվագներ, այդ թվում կոալիցիոն խմբավորման ղեկավարման մոտեցումները, ուժային գործողության նախապատրաստման ու անցկացման ժամանակ կլուծվեն առաջին անգամ:

– ՀԱՊԿ զորավարժության ժամանակ առաջին անգամ ամբողջ ծավալով ստեղծվել է միացյալ հրամանատարություն, այսինքն՝ փաստորեն մշակվում է հավաքական ուժերի ղեկավարման այն համակարգը, որին մենք գալիս էինք այս տարիների ընթացքում, – լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Դաշտային հրամանատարական կետը առաջին անգամ ձևավորվել է կոալիցիոն հիմունքներով ՀԱՊԿ վեց երկրների ԱԱՀՈՒ կառավարման 160 սպաներից: Այս տարի «Փոխգործակցությունը» կդառնա իր ձևով փորձարարական հարթակ ԱԱՀՈՒ բոլոր նոր տարրերի համար: Մարտի դաշտում խնդիրների կատարման համար զորքերի անմիջական նախապատրաստումը կուղեկցվի տեղեկատվական հակապայքարի և կիբերպայքարի տարրերով, որոնք ակտիվորեն կիրառվում են ժամանակակից ռազմական հակամարտություններում:

– Նոր բան շատ կլինի. բոլոր տեսակների հետախուզություն, կիբերպայքարի, տեղեկատվական հակապայքարի տարրեր և մարտական ապահովման այն տարրերը, որոնք ժամանակակից պայմաններում կարող են էական ազդեցություն թողնել մարտական գործողության հաջողության վրա, – հաղորդեց Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովը:

Իր հերթին զորավարժության ղեկավար, Ղազախստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևը բացատրեց, որ բացի ԱԱՀՈՒ ազգային զորակազմերի զորքային բաղադրիչից, փոխգործակցությանը մասնակցելու են նաև տեղեկատվական անվտանգության և հոգեբանական գործողությունների ստորաբաժանումները:

«Փոխգործակցության» ծավալները կարելի է գնահատել միայն՝ անձամբ ներկա լինելով Կարագանդայի մոտ գտնվող «Սպասկ» ուսումնական կենտրոնում: ԱԱՀՈՒ կոալիցիոն խմբավորման ձևավորման համար ժամանել է ավելի քան 3000 զինծառայող: Ղազախական զորավարժարանի տարածքում մի քանի օրվա ընթացքում կենտրոնացվել է մինչև 800 միավոր մարտական տեխնիկա և սպառազինություն: Հավաքական ավիացիոն ուժերի շուրջ 30 ինքնաթիռներով և ուղղաթիռներով այստեղ են բերվել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերը:

Ղազախստանի Հանրապետության «Աստանա» տարածքային հրամանատարության «Սպասկ» ուսումնական կենտրոնի զորավարժարանում վեց երկրների զորակազմերի մասնակցությամբ ընթացող ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2014» անվանումը կրող զորավարժություններում շարունակում են գերազանց հանդես գալ Հայաստանի ԶՈՒ-ն ներկայացնող մոտոհրաձգային դասակն ու օպերատիվ խումբը: Այս զորավարժությունները հայկական զինուժի համար թվով չորրորդն են, ընդ որում՝ նախորդ երեքի ժամանակ հայ մոտոհրաձիգները նվաճել են լավագույն ստորաբաժանման համար սահմանված հեղինակավոր մրցանակը` գերազանց հանդես գալով մարտավարական գործողություններ և կրակային պատրաստություն` նշանակետերի խոցում ձևերից:

Մեր թե՛ դասակը, թե՛ ջոկը և թե՛ յուրաքանչյուր զինծառայող գիտեն իրենց առջեւ դրված խնդիրները և վարպետորեն են կատարում: Տեսնելով մեր տղաների իմացության բարձր աստիճանը՝ զորավարժության ղեկավարները նրանց նույնիսկ առաջարկեցին չմասնակցել լրացուցիչ միջոցառումներին: Սակայն մեր մոտոհրաձիգները չեն բավարարվում ձեռք բերածով և շարունակում են պարապմունքները ՀԱՊԿ պետությունների ստորաբաժանումների հետ:

Նշենք նաեւ, որ մեր զինվորականները փայլուն հանդես եկան Բելառուսում՝ ՀԱՊԿ անդամ երկրների միջև անցկացված ռազմական սպորտին նվիրված մրցումներում թիմային հաշվարկով նվաճելով պատվավոր առաջին մրցանակը: ՀԱՊԿ «Փոխգործակցություն – 2014» զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 22-ին:

գնդապետ Ս. ԲԱԴԱՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ռազմական


21/08/2014