ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄ…
20-րդ դարի առաջին տասնամյակում թուրքերը փորձեցին հակագիտական հայտարարություններով խեղաթյուրել իրական պատմական իրողությունները ու փորձեցին փաստել, թե իբր թուրքերը Անատոլիայի բնիկներ են, իսկ հույները, հայերը, լազերը և այլ ժողովուրդներ կամ եկվոր են, կամ էլ ունեն թուրքական ծագում։
Այդ հակագիտական տեսությունը օգտագործում է նաև Ադրբեջանի նախագահը և այդ երկրի պաշտպանական քարոզչությունը։ Բոլոր միջազգային կառույցներում Ադրբեջանի պաշտոնյաները առանց հիմնավորումների հայտարարում են այն մասին, որ հայերը եկվոր են և այն տարածքը, որտեղ ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի պատմական հողերն են, իսկ հայերը պատմության թատերաբեմ են իջել ռուսների օգնությամբ և այլն։
Թուրքական քոչվոր էթնոսի կողմից Անատոլիան նվաճելուց հետո սկսվեց թուրք ժողովրդի կազմավորումը։ Անատոլիան ընդգրկում է ժամանակակից թուրքական պետության տարածքի 97 տոկոսը։ XV դարից մինչև XX դարի սկիզբը թուրքական պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, գրաված մեծ տարածություններ ուներ Ասիայում, Եվրոպայում ու Աֆրիկայում։ Սակայն թուրք ժողովրդի կազմավորումը և ազգի ձևավորումը տեղի ունեցավ Անատոլիայում։ Թուրքական ցեղի ծագման ելակետը, որն ի վերջո հանգեցրեց թուրք ժողովրդի կազմավորմանը, կարելի է համարել XII դարի վերջը, երբ սկսվել էր թուրքական ցեղերի, օղուզների և թուրքմենների զանգվածային գաղթը դեպի Փոքր Ասիա։
Բյուզանդական կայսրության թուլացման և մոնղոլ-թաթարական արշավանքներին հաջորդող ժամանակաշրջանում Անատոլիայում ցեղային հիմքի վրա առաջացան թուրքական իշխանություններ, որոնցից մեկն էր Օսմանլըն։ Սելջուկյան դինաստիայի ճյուղերից մեկը Անատոլիայում հիմնեց Ռամի սուլթանությունը, որի կազմում օրեցօր հզորացավ Օղուզների ցեղային միությունը։ Թուրք պատմիչ Մահմուդ Կաշգարին թվարկում է օղուզական 22 ցեղ։
1289 թվականին Ռամի սուլթանությունը oղուզական ցեղի առաջնորդ Էրթողբուլի որդի Օսմանին շնորհեց բեյի տիտղոս, իսկ 1299 թվականին Օսմանը իր իշխանությունը հռչակեց ինքնուրույն պետություն։ Օսմանը և նրա ցեղը վարում էին կիսավաչկատուն կյանք. ամռանը քոչում էին յայլաներ: Իր որդիներին նա իբրև ժառանգություն թողեց ձիերի երամակներ և ոչխարների հոտեր՝ իր հիմնական հարստությունը։
Թուրքերի ծագման առանձնահատկություններից մեկը եղել է չափազանց տարբեր էթնիկական երկու հիմնական բաղադրամասերի՝ թյուրքական քոչվոր անասնապահների և տեղական նստակյաց զարգացած հողագործ բնակչության սինթեզը։ Միևնույն ժամանակ նվաճված ժողովուրդները ասիմիլացվել են թուրքերի կողմից։
Պատմագիտությունը և մարդաբանությունն այսօր հստակորեն ապացուցում են, որ թուրք ազգի ձևավորման գործընթացը բառացիորեն ավարտվեց մեր օրերում։
Նրանք հայտարարում են, որ թուրքերը, որպես առանձին բնիկ էթնիկական միավոր ու ընդհանրություն, Անատոլիայում ապրել են նոր քարե դարի (Նեոլիթի) ժամանակներից։ Ըստ նրանց` այն տարածքները, որտեղ գոյություն ունի թուրքական պետությունը, թուրք ժողովրդի բնօրրանն է անհիշելի ժամանակներից: Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ Հյուսիսային Իրանը և Արևելյան Հայաստանը թուրք-ադրբեջանական հողեր են, իսկ Երևանը իրենց պատմական մայրաքաղաքն է։
Համաձայն թուրք պատմաբանների` համաշխարհային մշակույթի օրրանը եղել են Միջին Ասիան, Ալթայը և Պամիրը, որտեղից թուրք ռասան ցրվել է տարբեր ուղղություններով և իրենց բարձր մշակույթը տարածել Իրանում, Հնդկաստանում, Փոքր Ասիայում և Եվրոպայում։
Առանց գիտական հիմնավորման, փաստերի ու ապացույցների, թուրք հնագետները և պատմաբանները համաշխարհային մշակույթի ու տնտեսության զարգացումները կապում են թուրքերի հետ։
Հակագիտական ու ծիծաղելի է թուրք գիտնականների առաջ քաշած լեզվի ծագման թյուրքական հիպոթեզը։ Նրանք հայտարարում են, քանի որ կրոնական առաջին պաշտամունքը եղել է արևի, լույսի պաշտամունքը, իսկ մարդկային խոսքի առաջին ու ամենահասարակ հնչյունը ա-ն է, թուրք լեզվաբանները թուրքերեն աք (լույս) բառը հայտարարեցին աշխարհի բոլոր լեզուների ամենասկզբնական բառը։ Նրանք հայտարարեցին, որ արի (արիացի) բառը ծագել է աք և ալ բառերի կապակցությունից, ար բառը նույնականացրին թուրքերեն էր-տղամարդ բառի հետ և արիացիներին հայտարարեցին թուրքեր։ Թուրքերը երեք գիտաժողով հրավիրեցին, որպեսզի ապացուցեն, որ արիացիների նախահայրենիքը եղել է Անատոլիան։ Պատմական անքննելի փաստ է, որ «արից» բառը, որպես Հնդկաստան գաղթած հնդեվրոպական ցեղերի անվանում, հայտնի է եղել թուրքերի կազմավորումից 4 հազար տարի առաջ։
Թուրքերը այնքան են տարվել իրենց շովինիզմով, որ հունական քաղաքակրթության հիմնադիր աքայացիներին նույնացնում են Միջին Ասիայից ելած թուրքական աքա ցեղի հետ, որը մ.թ.ա. երկրորդ հազարամյակում իբր Անատոլիայի վրայով եկել է Հունաստան։
Ադրբեջանի տարածքում անհիշելի ժամանակներից ապրել են հնդեվրոպական իրանական ժողովրդագրական ընտանիքին պատկանող աղվանական ժողովուրդները, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են նաև պետական կազմավորումներ և հայոց ու համաշխարհային պատմության մեջ հայտնի են Աղվանական թագավորություն անվամբ։ Ահա ադրբեջանցի պատմաբանները այն համարում են իրենց առաջին պետական միավորը, իսկ այդ ժողովուրդներին հռչակում են նախաթուրքեր և ադրբեջանցիներ, մոռանալով, որ առաջին թյուրքերը քուռ-կովկասյան տարածքում հայտնվել են մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ XIII դարում։ Ադրբեջանցիները թուրքեր են հայտարարում թալիշներին, որոնք մարդաբանորեն պատկանում են արմենոիդ ռասային և պատմական Մեծ Հայքի Փայտակարան աշխարհի հայ էթնոսի բնիկներ են։
Թուրք պատմաբան Ի. Դանիշմենտը թյուրքերին է վերագրում վարտիքի, պիջակի, թաշկինակի գյուտը, թեև վարտիքը լայնորեն տարածված էր սկյութների և սլավոնների մոտ, իսկ թաշկինակը իրանական մշակույթի առարկա է։
1952թ. լույս տեսած թուրք պատմաբան Աթաբինենը «Թյուրքերի ավանդը Արևելյան Եվրոպայի էթնոսի ու քաղաքակրթության մեջ» գրքում հայտարարում է, որ Արևելյան Եվրոպայի էթնոսի ու քաղաքակրության մեջ ամեն ինչ ելնում է թյուրքերից։ Սկյութացիներին ու բուլղարներին նա հայտարարում է թյուրքեր, իսկ բոսնիացիներին ու սլովակներին` սլավոնական թուրքեր։
«Թյուրքերը,- գրում է Աթաբինենը,- կուլտուրա բերեցին և՛ հունգարացիներին, և՛ սլավոնացիներին, առհասարակ բոլոր ժողովուրդներին՝ սկսած Դանուբից մինչև Էգեյան ծովը և Չինաստան։ Օսմանցի թյուրքերը Թրակիայի ու Մակեդոնիայի ժողովուրդներին սովորեցրին ուտել, կառուցել, կարգ ու կանոն հաստատել ու ապրել։ Նրանց սովորույթները, նրանց բանահյուսությունը թյուրքերից է գալիս»։
Իսկ Բուլղարիայի թյուրքերը, ըստ նրա, ոչ թե օսմանյան դարաշրջանում գաղթել են Անատոլիայից, այլ բուլղարական թյուրքեր են, որոնք վերադարձել են իրենց էթնոսի գիրկը։ Այս հեղինակը թյուրքեր է հայտարարում չեչեններին ու ինգուշներին, Դոնի ու Զապորոժիեի կազակներին, ինչպես նաև՝ ռուսական Օլեգ և Իգոր իշխաններին` նրանց տալով Ուլուղ և Ուգուլ թյուրքական անունները՝ մոռանալով նրանց վայրագական ծագումը։
ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Պատմության էջերից, Տարածաշրջան