Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑ ԵՂԲԱՅՐՍ



-Երկու քույր ենք, մեկ եղբայր։ Ծնվել ենք մանկավարժների ընտանիքում, Անահիտ մայրս Ղարսից էր, Հովհաննես հայրս՝ Էրզրումից։ Ամեն երեկո դասերից հետո մեր տանը կազմակերպվում էր գեղարվեստական որևէ միջոցառում։ «Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի», «Զարթիր լաո, մեռնիմ քզի»,- սկսում էր հայրս, ու մենք ձայնակցում էինք։ Հետո երգում էինք Կոմիտաս՝ Մոկաց Միրզա, Անտունի… Ապրում էինք Նորքի բարձունքին, ամենօրյա ականատեսն էինք գեղեցիկ այգաբացների ու նարնջագույն մայրամուտների,- այսպես սկսեց իր պատմությունը տիկին Մարիամը։ -Ես ամենափոքրն էի։ Մեծը քույրս էր՝ Արմենուհին, Հմայակ եղբայրս իմ ու քրոջս «արանքում» էր։ Աշխատում էր հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր։ Երբ մեկնեց Արցախ՝ մասնակցելու Շահումյանի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին, ընկերները, որոնք հետը գալիս էին Արցախից, հաճախ էին դիմում մայրիկիս, որ չթողնի որդին ռազմի դաշտ գնա։ Չէ՞ որ մինուճար էր։ Իսկ մայրս ասում էր. «Եթե ես խնայեմ, մյուսը խնայի, բա մեր ժողովրդի բախտը ո՞նց կլինի»։

Գնում էր, գալիս… Սիրահարվել էր Բուզլուխ գյուղին, ասում էր՝ հենց պատերազմն ավարտվի, կգնա, կապրի այնտեղ։ Արդեն ծնվել էին երեխաները՝ Լիլիթն ու Անին… Եվ ամեն անգամ ռազմի դաշտից եղբորս վերադարձը ուրախություն էր ու ցնծություն։ Ի դեպ, եղբորս կինը ազգությամբ ռուս էր՝ Սանկտ Պետերբուրգից և եղբորս սիրույն հայերեն գրել-կարդալ էր սովորել, հրաշալի գիտեր հայոց պատմությունը…

Մի անգամ էլ եղբայրս տուն չեկավ, նրան բերեցին ծանր հիվանդ վիճակում։ 1992-ի ապրիլն էր։ Ձնհալից վարարած Թարթառ գետի մի ափից մյուսն էր անցկացրել իր վիրավոր ինը ընկերներին ու սառել-մրսել էր։ Երիկամները սկսել էին չգործել։ Բուժման նպատակով կինը՝ Իրինան, տարավ Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ մահացավ եղբայրս։ Եղբորիցս մի քանի ամիս անց վշտին չդիմանալով մեռավ նաև կինը։ Երեխաների խնամքն իր վրա վերցրեց ավագ քույրս՝ Արմենուհին, որն այդպես էլ չամուսնացավ…

-Եղբայրս միշտ լռում էր, անչափ համեստ էր։ Խուսափում էր պատմել իր կատարած գործերից, ամոթխած էր…

Ես էլ եմ ամաչում, բայց և այնպես ուզում եմ, որ եղբորս ճանաչեն, որ եղբորս զավակները հպարտանան իրենց հայրիկով, իրենց մորով։ Ես շատ եմ ուզում իմանալ, որտե՞ղ են եղբորս ընկերները՝ «Շահումյանի ասոցիացիայի» տղաները, որոնք այն օրերին հավաքվում էին գյուղնախարարության առաջին հարկում և այնտեղից էլ մեկնում էին Արցախ՝ Շահումյան…

Ես հիմա ապրում եմ Նորքի մեր հայրական տանը։ Մանկության օրերին ամեն անգամ ծառ բարձրանալիս եղբայրս ասում էր. «Ասես ավելի ես մերձենում անհասին, երկնավորին, մաքրվում հոգով»։ «Քույր, տես` ինչ պատկեր է, ինչ մայրամուտ։ Իմ կինոնկարներում այսպիսի կադրեր պետք է շատ լինեն»,- միշտ երազում էր եղբայրս։ Ի դեպ, եղբայրս ստեղծագործում էր, սցենարներ էր գրում ֆիլմերի համար, մասնակցել է հայկական շատ ֆիլմերի նկարահանումներին (Մ.Գորկի «Հատակում», «Հայաստանի ճարտարապետական հուշարձանները», «Թամանյան դիվիզիայի հետքերով», «Կայարան»), մտերիմ էր մեր մեծ արտիստների՝ Մհեր Մկրտչյանի, Ազատ Շերենցի, շատ շատերի հետ։ Ոնց կարելի է մոռանալ հայոց մեծ երկրաշարժը։ Եղբայրս իր կնոջ՝ Իրինայի հետ քանի՜-քանի անքուն գիշերներ է այնտեղ անցկացրել, քանի՜-քանի մարդկային կյանք է փրկել, ինչի մասին դարձյալ համեստորեն լռում էր…

Հիմա հաճախ եմ հիշում ծնողներիս, եղբորս… Այդպես է՝ ապրողները պետք է ողորմի բերեն իրենց ննջեցյալներին, և նրանք էլ՝ եղբայրս ու ծնողներս, չպետք է ամաչեն մեր ապրած կյանքի համար։ Այդպես ապրելն էլ դժվար է, սակայն պատվաբեր…

Այդպես ապրեց եղբայրս՝ Հմայակ Հովհաննեսի Ջալալյանը։

Պատրաստեց Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Ճակատագրեր


21/08/2014