Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՐԿՎԱԾ ՀՈՒՇԵՐ



«Մանրապատումներ» շարքից

-Պահիր նամակները: Մի օր ցանկություն կունենաս ընթերցելու դրանք, վերապրելու գլխովդ անցածը: Կամ թե պատահականորեն կընկնի ձեռքդ, և այնպես կսեղմվի սիրտդ, որից և՛ ցավ կզգաս, և՛ ուրախություն,- ինչ-որ մեկը ցածրաձայն շշնջաց ծերունու ականջին, երբ ուզում էր նամակների կապոցը նետել վառարանը:

Սենյակում նրանից բացի ոչ ոք չկար:

-Մի փնտրիր ինձ, ես քո մեջ եմ,- կրկնեց անհայտ ձայնը,- ինչո՞ւ ես փորձում հուշերդ մոխրացնել, չէ՞ որ դրանք այնքան թանկ են քեզ համար:

-Բայց ես ուրիշ ելք չունեմ, պետք է ինչ- որ եղանակ գտնեմ, որպեսզի ցրտից չսառչեմ, իսկ տանն այլևս այրելու բան չի մնացել. գրքեր, տետրեր, թերթեր, նույնիսկ իմ հուշատետրն եմ վառել, ու հիմա միայն այս կապոցն է մնացել,- պատասխանեց ծերունին:

-Դու ինքդ էլ գիտես, որ դրանք շատ ավելի թանկ են, քան այն ջերմությունը, որը այրվող թղթի կտորն է տալու… Կարդա դրանք, վերհիշիր կյանքդ, միգուցե հենց հոգիդ ջերմանա, չէ՞ որ դրանցում են նաև քո առաջին սիրո` Անիի նամակները, դու չես կարող դրանք հենց այնպես այրել:

Սարսափելի ցուրտ էր տանը, ծերունին կուչ էր եկել մի անկյունում ու գրկել էր ծնկները բրդե ծածկոցով: Նա կյանքում առաջին անգամ էր լսում իր ներքին ձայնը: Հնազանդվեց… Բացեց կապոցն ու սկսեց կարդալ պատահած առաջին նամակի պատահած տողը: Դա հենց նրա նամակն էր. «Կներես, բայց ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ, մոռացիր ինձ, խնդրում եմ»:

Ծերունին սարսռաց, մարմնով տարօրինակ մի դող անցավ, բայց դա ցրտից չէր: Բացեց երկրորդ նամակը: Այն ստացել էր մորից` ծառայության տարիներին: Ձեռագրից էլ կարելի էր կռահել, որ մոր գրածն է: Հաճելի մի սարսուռ զգաց, երիտասարդ տարիների ավյունն ասես հոսեց ծերունու անկյանք մարմնով: Կարդաց բոլոր նամակները, վերհիշեց անցած-գնացած օրերը… զգացմունքների խելահեղ տեղատարափ էր` կարոտ, ցավ, հույս, սեր… Նորից վերապրեց իր կյանքը՝ դրվագ առ դրվագ: Նրա դեմքը մե՛րթ կնճռոտվում էր, մե՛րթ ժպիտ էր խրվում կնճիռների մեջ, մերթ տաք արցունք էր սահում սառած այտի վրայով, մերթ անանուն մի կիրք էր առկայծում աչքերում… Նա դողացող մատներով թերթում էր կյանքի էջերը…

Լուսադեմին հազը սկսեց խեղդել նրան, բայց նրա պետքը չէր` երջանիկ էր… Շուտով արևը բարձրանալու և տաքացնելու էր սառած Երկիրը…

ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԵՊՀՔ ուսանող

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Հոգևոր-մշակութային


21/08/2014