Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



Վերջին ժամանակներս սահմանի ողջ երկայնքով լարված իրադրությունը ոտքի հանեց Արցախյան ազատամարտի շատ մասնակիցների: Օգոստոսի 3-ից սկսած՝ Քաշաթաղի շրջանից կամավորականները Արցախի ազատամարտիկների միության (նախագահ՝ գեներալ-մայոր Ս. Կարապետյան) նախաձեռնությամբ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, երկու հերթափոխով մի քանի օրով դիրքերում զինվորների կողքին պաշտպանում էին սահմանը: Հայրենիքի կանչին անմասն չմնացին նաև Քաշաթաղում բնակություն հաստատած սիրիահայերը:

Ազատամարտի մասնակից ու մարտական ընկերոջս՝ Զարզանդ Շահնազարյանի հետ ես էլ դիրքերում էի: Մեր հայրենակիցներին ասում եմ՝ հպարտ եմ մեր զինվորներով, հավատացեք՝ մեր տան դուռը ոգով ուժեղ տղաներն են պահում:

Մարտական հենակետում կրտսեր սերժանտ Վահան Տարախչյանի հրամանատարությամբ գործող տղաների հետ հսկելով սահմանը՝ ավելի հավատով լցվեցի հայ զինվորի նկատմամբ, երիցս համոզվեցի, որ ունենք հզոր բանակ, մնում է՝ սիրենք մեր բանակը, մեր զինվորին, հաճախակի լինենք նրա կողքին, ամենակարևորը՝ վստահենք նրան, ինչպես վերջին օրերին էր…

Այդ օրերին հանդիպեցի շատ զինվորականների, զրուցեցի նրանց հետ: Բոլորն էլ հոգով անսասան էին: Մեր զինվորները նաև հավատով էին լցված առ Աստված։

Վարդան Տարախչյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան և զորակոչվել բանակ: 21 ամիս է, ինչ հայրենիքի նվիրյալ զինվոր է, ջոկի հմուտ հրամանատար, մարտական հենակետի ավագ:

-Հենակետում առաջնայինը կարգ ու կանոնի պահպանումն է, -ասաց կրտսեր սերժանտը՝ հավելելով, որ իր ջոկի բոլոր տղաներն էլ կարգապահ են:- Ինչ վերաբերում է կամավորականներին, իհարկե, ոգևորիչ է ու հաճելի երկրի սահմանը հսկել նրանց հետ, ովքեր մեզ համար հաղթանակ են կերտել:

Զինվոր Ռազմիկ Մուրադյանն ասաց, որ հպարտություն է ազատամարտի մասնակիցների հետ կողք կողքի պաշտպանել երկրի անդորրը:

Վալերի Նագորնին Սպիտակից է, ազգությամբ ռուս:

-Ես ծնվել եմ Հայաստանում և պարտավոր եմ պաշտպանել իմ հայրենիքը:

Վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իր վաշտը մոտ 10 կմ վտանգավոր հատված է պաշտպանում: Գոհ է իր զինվորներից, մարտական հենակետերի ավագներից: Իսկ աշխարհազորայինների ներկայությունը համարեց կարևոր երևույթ, որը զինվորին ոգի և ուժ է տալիս:

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լևոն Սուղյանն ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը և արդեն սահմանում է 8 տարի: Նա կարևորեց զգոնությունը և այն, որ զինվորները սադրանքի չենթարկվեն:

Կամավորականները նույնպես ոգևորված էին, հատկապես նախկին ազատամարտիկները, ովքեր 20 տարի անց նորից զենք էին վերցրել: ԱԱՄ Քաշաթաղի շրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Մնացականյանն ասաց, որ շատ է ոգևորված այս երևույթով, կարծես նորից երիտասարդացել է: Իսկ Հարություն Ավանեսյանը տարիներ առաջ հենց այս տարածքում է ծառայել:

Փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը նույնպես կարևորեց կամավորականների ներկայությունը՝ ասելով.

-Անձնակազմի շրջանում մեծ խանդավառություն է առաջացել, քանի որ հասկանում են՝ անհրաժեշտության դեպքում աշխարհազորը զինվորի կողքին է: Սա բարոյական մեծ աջակցություն է բանակին:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը մշտապես տղաների հետ էր:

-Եթե լարվածությունը շարունակվի՝ պարտավոր ենք զինվորի հետ հավասար հերթապահել դիրքերում, անհրաժեշտության դեպքում՝ կմասնակցենք մարտական գործողությունների,- վստահեցրեց նա:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #32 (1050) 21.08.2014 – 27.08.2014, Բանակ և հասարակություն


21/08/2014