ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԵ՛ՐՔ
Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ.
Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:
Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է:
Կեցցե՛ք, տղե՛րք:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, 12 պետությունների մասնակցությամբ անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների` աշխարհի փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին: Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ և դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները:
Սիրելի՛ տանկիստներ, երեսունվեց տանկային անձնակազմերի միջև լարված պայքարում հաջողությունն ու հաղթողի յուրօրինակ դափնիները դարձան ձեր հրամանատարների արհեստավարժության, անձնակազմի ուսուցումը ճիշտ և հմտորեն կազմակերպելու, իսկ հայ զինվորի կողմից` որևէ դժվարության առջև չընկրկելով առաջադրանքները կատարելու և իր Հայրենիքի անունը բարձր պահելու խորհրդանիշ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր վարպետության ու նվիրումի համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր մարտիկ այսօր ցանկանում է նմանվել ձեզ ու Հայրենիքին կծառայի այնպես, ինչպես դուք:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար
***
-Մեր տանկիստնե՞րն են գալիս…
-Այո՛, նրանք են:
-Շատ ապրեն, մեր երկրի պատիվը բարձր պահեցին, ես իրանց ցավը տանեմ…
Ոգևորության և ուրախության նման անսպասելի դրսևորումներ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի: Դիմավորում էին միջազգային մրցույթից ժամանող մեր տանկիստներին, որոնք վերադառնում էին հարուստ ավարով՝ տարբեր պետությունների հիացական գնահատականներ, ահռելի փորձ և նորագույն T-90C ռուսական տանկ: Հատուկ այդ նպատակով ժամանած հարազատներ, զինվորականներ, պատահական մարդիկ, օդանավակայանի աշխատակիցներ, այլ չվերթներով իրենց հարազատներին դիմավորողներ՝ բոլորը շնորհավորում էին միմյանց՝ հպարտությամբ լցված մեր զինված ուժերի յուրաքանչյուր զինվորի ու սպայի նկատմամբ…
Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում անցկացվող Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթն ավարտվեց: ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային անձնակազմերի հավաքական թիմը գրավեց երկրորդ տեղը և հռչակվեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ զիջելով միայն տանտերերին՝ Ռուսաստանի ներկայացուցիչներին: Երրորդ ու չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Չինաստանի և Ղազախստանի հավաքականները: Որպես մրցանակ հայ տանկիստները կազմակերպիչներից նվեր ստացան T-90C տանկ:
Ընդհանուր առմամբ, մեր տղաները հաջող ելույթ ունեցան մրցումների բոլոր փուլերում: Մասնակից տասներկու պետությունների շարքում նրանք նախ կարողացան դուրս գալ եզրափակիչ փուլ, որտեղ էլ առաջին օրերի արդյունքներով լավագույնը ճանաչված չորս թիմերի բոլոր անձնակազմերը հաջորդաբար մրցեցին էստաֆետում: Հենց այստեղ էլ հայ զինծառայողներն ապացուցեցին իրենց բարձր կարգը, ապացուցեցին, որ պատահական չեն անցել եզրափակիչ: Նրանք ամբողջ աշխարհին ցուցադրեցին հայկական զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը՝ առաջ անցնելով ռազմական առումով այնպիսի հզոր պետություններից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Սերբիան և այլն: Նշենք միայն, որ մասնակից պետություններից շատերի ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելի մեծ է, քան Հայաստանինը:
Հայ զինծառայողների հաջողությունը պատահական լինել չէր կարող: Այն մեր զինված ուժերում մարտական պատրաստության ոլորտում տարվող հետևողական և նպատակային աշխատանքի արդյունքն է: Փոխչեմպիոնի կոչումը նվաճելն էլ հենց այդ գործընթացի արդյունավետության վերահաստատումն է, որը առավել նշանակալի է դառնում, քանի որ զորավարժարանում չեն եղել թույլ և անպատրաստ թիմեր, անընդհատ ընթացել է լարված և անզիջում պայքար: Եվ այդ համատեքստում էլ բոլորովին պատահական չէր այն ոգևորությունն ու ուրախությունը, որ համակել էր օդանավակայանում հավաքվածներին: Բարձր ծափողջույնների, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչող զինվորական քայլերթի ներքո ժամանող խմբին առաջինը դիմավորեց անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա լսեց զորամասի հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանի զեկույցը, ապա պարզ, մարդկային գրկախառնումով արտահայտեց իր գնահատանքն ու շնորհակալությունը: Նա սեղմեց յուրաքանչյուր զինծառայողի ձեռքը:
-Մենք կարող ենք միայն հպարտանալ՝ տեսնելով, թե ինչպես Տանկային բիաթլոն-2014 մրցույթի ժամանակ գործեցին մեր տանկիստները: Իհարկե, նման արդյունքի սպասում էինք, քանի որ մեր զինվորների պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է: Եվս մեկ անգամ փաստենք, որ կարելի է շատ մեծ քանակությամբ զրահատեխնիկա ունենալ, բայց պատրաստ չլինել մարտական գործողությունների: Կարելի է քիչ ունենալ, բայց հմուտ, հոգատար ձեռքերում նրանց պատրաստել երկրի պաշտպանությանը,-նշեց նախարարը:
Գնդապետ Պողոսյանը պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին է հանձնում իրենց վաստակած մրցանակի՝ T-90C տանկի հավաստագիրը: Հայկական զինուժի իսկական հաղթանակի հավաստումն է սա: Որպես հաղթողների էլ դիմավորում են մեր տանկիստներին՝ զինվորական նվագախումբ, ծաղիկներ, շամպայն…
Ամենից շատ երևի թե հենց իրենք՝ մրցույթին մասնակցած զինծառայողներն են ուրախ, սակայն ամենից քիչ են արտահայտվում, զուսպ են իրենց գնահատականներում: Պարզ է՝ հուզվում են, բայց նաև գիտակցում են, որ հետայսու էլ պարտավոր են քրտնաջան աշխատել և այս բարձր նշաձողը պահել: Առայժմ նրանք վաստակած արձակուրդն են վայելում, հարազատներից իրենց կարոտն են առնում: Իսկ մի քանի օրից մարտական պատրաստության հերթական ծանր և պատասխանատու շրջանն է սկսվելու: Մինչ զորամասեր մեկնելը մենք անպայման կհանդիպենք մեր տղաների հետ և կներկայացնենք նրանց անմիջական տպավորություններն ու գնահատականները մրցույթից:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր