ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՁԵՎՈՎ
Ուկրաինայում չդադարող իրադարձությունների համապատկերում հետխորհրդային տարածքում սրվել է ևս մեկ հակամարտություն: Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդիրը վերջին շաբաթներին խիստ շիկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սոչիում կայացած երեք երկրների առաջնորդների հանդիպումն օգնեց իջեցնել լարվածության աստիճանը, սակայն Լեռնային Ղարաբաղի շուրջ կողմերի դիրքորոշման մեջ արմատական փոփոխությունների չհանգեցրեց: Տարածաշրջանում իրավիճակի, ինչպես նաև այն մասին, թե ինչ հակասություններ թույլ չեն տալիս հանգելու հակամարտության խաղաղ լուծմանը, և ինչը ղարաբաղյան կարգավորման համար կարող է ելակետ դառնալ, «Կրասնայա զվեզդայի» թղթակից Ալեքսանդր Ալեքսանդրովի հարցերին ի պատասխան իր տեսակետն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության առաջին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԸ:
– Վլադիմիր Նիկոլաևիչ, նախևառաջ հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում նախկինում էլ միջադեպեր եղել են: Սակայն նման սրացում երևի թե չի եղել հրադադարի ռեժիմն ուժի մեջ մտնելու պահից: Եվ ամեն անգամ նման իրավիճակներում արդարացիորեն առաջանում են հարցեր. ո՞վ է մեղավոր, ինչպե՞ս և ինչո՞ւ սա կարող էր տեղի ունենալ:
– Ցավն այն է, որ վերջին 20 տարիների ընթացքում այս հակամարտության կողմերի որոշ ղեկավարների համար սովորություն է դարձել չկատարել խաղաղ կարգավորման ընթացքում ստանձնած պարտավորությունները: Դատեք ինքներդ, 1994թ. փետրվարի 18-ին (հրադադարից երկու ամիս առաջ) Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի միջև կայացած խորհրդակցության արդյունքում մի արձանագրություն ստորագրվեց, որով կողմերը պայմանավորվեցին հրադադարի հասնելու դեպքում հեռացնել իրենց զորքերը շփման գծից: Սա հակամարտությունների կարգավորման սովորական միջազգային գործընթաց է: Բոլորն այս փաստաթուղթն ստորագրեցին, սակայն զինադադարի ժամանակ ադրբեջանական կողմը տապալեց զորքերի հեռացումը: Հակազդող կողմերը մնացին իրար մոտ դիրքերում, ինչն էլ օբյեկտիվորեն դարձավ հաճախակի միջադեպերի արմատական պատճառներից մեկը: Ավելին, ավելի ուշ որոշ տեղերում Բաքուն իր առաջավոր դիրքերը մոտեցրել էր հայկական դիրքերին: Բացի այդ, ադրբեջանական կողմը խուսափեց հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման մասին համաձայնագիրն ստորագրելուց հենց այն բանակցությունների ժամանակ, որը ես վարելու առիթն ունեցա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների միջև:
– Անտարակույս, ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա Ռուսաստանը չի կարող հրաժարվել այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերից: Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է ռուսական միջնորդությունն ազդել իրավիճակի վրա:
– Դա շատ կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, չնայած բազմաթիվ ներքին գործերին և միջազգային իրավիճակի բարդացմանը, արագորեն արձագանքեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում հրավիրելու անհրաժեշտությանը: Այդ հանդիպման արդյունքների բարձրաձայնում պրակտիկորեն չի եղել, սակայն այն, որ հանդիպումը շատ կարևոր էր և ժամանակին` դա փաստ է:
Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացի տեղում դոփելը վաղուց արդեն կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից, որոնք կառչում են մաքսիմալիստական, հաճախ էլ ակնհայտորեն ոչ իրատեսական պահանջներից: Կողմերից ոչ մեկը չի կարող հասնել իր բոլոր պահանջների կատարմանը: Հակամարտության կողմերը պետք է պայմանավորվեն, մտածեն գործընթացի արդյունավետության մասին, փնտրեն ողջամիտ փոխզիջումներ հավասարակշռված լուծումների միջոցով: Իմ կարծիքով, այժմ հիմնական ջանքերը պետք է ուղղել նրան, որ կողմերը թուլացնեն երկուստեք զիջումներին խանգարող իրենց չափազանց կոշտ դիրքորոշումները: Հարկ է ավելացնել, որ Բաքուն ամբողջությամբ անտեսում է Հեյդար Ալիևի ուղիղ ցուցումով 1995թ. փետրվարի 4-ին ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը, նույնիսկ այնպես են իրենց պահում, ասես այն չի էլ եղել:
– Այժմ շատ են շահարկումները, թե Ռուսաստանն այսպիսով փորձում է ցուցադրել տարբեր հակամարտությունների լուծման մեջ խաղաղարարի իր հեղինակությունը: Մանավանդ Ուկրաինայում Արևմուտքի քաղաքականության ակտիվացման և այլ հակառուսական գործողությունների ու պատժամիջոցների համատեքստում:
– Ռուսաստանն իր խաղաղարարության ցուցադրականության կարիքը չունի: Բավական է հիշել, որ հետխորհրդային տարածքում բոլոր վեց զինված հակամարտություններում արյունահեղությունը դադարեցվել է Մոսկվայի վճռորոշ դերի շնորհիվ, քանի որ դրանք ավելի շատ էին անդրադառնում նրա շահերին: Այժմ էլ շատ են շահարկումները Սոչիի կապակցությամբ: Փորձագետներից ինչ-որ մեկը վարկած է առաջ քաշում, թե Ռուսական պետության ղեկավարը դիտմամբ է հանդիպումն անցկացրել առանց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների: Բայց չէ՞ որ եղել են հանդիպումներ երեքով՝ նախորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ: Փարիզում և Ֆլորիդայում Մինսկի խմբի մեր գործընկերները նույնպես ինքնուրույն նման հանդիպումներ են անցկացրել ամենաբարձր մակարդակով:
Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Ռուսաստանի ուշադրությունը լիովին բնական է: Բացի այդ, մեզ մոտ մեծ թվով ադրբեջանցիներ ու հայեր են բնակվում: Եվ Հարավային Կովկասում լարվածությունը Ռուսաստանի շահերից չի բխում:
– Իսկ Դուք չե՞ք բացառում, որ համաշխարհային քաղաքականության մեջ վերջին իրադարձությունների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զգալի լարվածությունը կարող է ձեռնտու լինել այդ երկրների սահմաններից շատ հեռու գտնվող առանձին խաղացողների:
– Հակամարտության մասնակից երկրների ղեկավարները պետք է լրջորեն կշռադատեն իրենց գործընկերոջ` նման արկածախնդրության մեջ մտնելուց առաջ: Բոլոր կողմերի համար կորուստները կլինեն շատ ավելի զգալի, քան նախորդ տասնամյակներում: Հակամարտության կողմերի զինված ուժերի հզորությունը զգալիորեն աճել է: Կան նաև բազմաթիվ այլ նկատառումներ: Ուստի, չեմ կարծում, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարները պատրաստ են դրան:
Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ ռազմական գործողությունները վերսկսելով, այդ թվում՝ տնտեսական նկատառումներից ելնելով: Միևնույն ժամանակ, մեծ վտանգ է ներկայացնում միջադեպերի շիկացումը, մանավանդ որ դրանցից շատերը ոչ պատահաբար են առաջանում: Ցավոք, կողմերից մեկը որդեգրել է «հակառակորդին հանգիստ չտալու» ուղենիշը: Վերջինիս ղեկավարությունը ցանկանում է հայրենակիցներին ապացուցել իր հայրենասիրությունը (որ, իբր, չի հաշտվում յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու հետ), իսկ մյուս կողմը` ամրապնդել սեփական իշխանության ձևավորված համակարգը: Սա էլ միջադեպերի երկրորդ արմատական պատճառն է: Յուրաքանչյուր միջադեպ կարող է իր հստակ պատճառներն ունենալ, սակայն եթե չլինեին վերոնշյալ երկու առաջնային (զորքերը շփման գծից հեռացնելու մերժումը և «հանգիստ չտալու» ցուցումը), միջադեպերը հազվադեպ կդառնային և չէին սպառնա վերածվելու խոշոր առճակատման: Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ նույն կողմը խուսափում է միջադեպերի հետաքննություն անցկացնելուց:
– Նման իրավիճակում, երբ չկա ոչ խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու կողմերին բավարարող որոշում, ոչ էլ զիջումների գնալու քաղաքական կամք, ի՞նչը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից դուրս գալուն:
– Ոմանք ասում են, թե սերնդափոխություն կպահանջվի: Մյուսներն ավելի «համեստ» են, թե` ղեկավարության փոփոխություն է անհրաժեշտ: Թե՛ մեկը, թե՛ մյուսը ժամանակ է պահանջում: Չէ որ ԵԱՀԿ ղեկավարության առաջ կարելի է հստակ հարց դնել կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման բացարձակ անհրաժեշտության մասին: Մինչև հիմա այն միայն քաղաքագետների և լրագրողների հրապարակումներում է, մինչդեռ պետք է դառնա ԵԱՀԿ ղեկավարության տարրական պահանջը հակամարտության կողմերին: Փաստորեն այս հակամարտության միջուկը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է:
Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան