ԶԻՆՎՈՐ-ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ` ՀԱՅՐԵՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՈՎ
Բանակում, ինչպես և քաղաքացիական կյանքում, շփվում ես տարբեր մարդկանց հետ, որոնք թե՛ խառնվածքով, թե՛ բնավորությամբ շատ տարբեր են: Եվ դժվար է գտնել այնպիսիներին, ովքեր մտածում, վերլուծում են քեզ պես, քո խառնվածքն ունեն:
Եվ երբ գտնում ես այդպիսի մեկին, աշխատում ես, որքան հնարավոր է, նրա հետ շատ ժամանակ անցկացնել, իրարից ինչ-որ բան սովորել: Ծառայությանս մեկ տարում ինձ բախտ է վիճակվել նման ընկերներ գտնել, ու թեև ես նրանցից գրեթե հինգ տարով մեծ եմ, բայց ես նրանցից շատ բան եմ սովորել:
Նկարիչ – դիզայներ Ռուբեն Սարգսյանը մեր զորամասի արվեստագետն է: Շարքային Սարգսյանը ծնվել է 1994թ. Երևանում, մի ընտանիքում, որտեղ գիտությանը, մշակույթին, կրթությանը, արվեստին մեծ տեղ են հատկացնում: Նրա հայրը` Գագիկ Փխրիկ-Սարգսյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, բազմաթիվ գիտական հոդվածների, ձեռնարկների հեղինակ, դասախոսում է Երևանի Ճարտարապետաշինարարական համալսարանում, իսկ մայրը` Արաքսյա Կարապետյանը, մանկավարժ է: Մեծ է ընտանիքի դերը ապագա զինվորի, հայրենիքի ապագա նվիրյալի դաստիարակության գործում: Ընտանիքում գիտության և արվեստի հանդեպ սերը մանկուց է ձևավորվել Ռուբենի մեջ: Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի Ճարտարապետաշինարարական համալսարանի համակարգչային դիզայն ֆակուլտետը, երրորդ կուրսից զորակոչվել է բանակ:
Զինվոր-արվեստագետը սակրավոր է, դիպուկ կրակող, բոլոր կրակային պարապմունքներին խոցում է գրեթե բոլոր նշանակետերը: Պարապմունքներից հետո ակտիվորեն մասնակցում է զորամասի հասարակական աշխատանքներին: Հանդիսանում է վաշտի պատի թերթի և մարտական թերթիկների խմբագիրը, վաշտի ընդհանուր ժողովի քարտուղարն է:
Ինչպես նշում են նրա հրամանատարները` վաշտի հրամանատար, կապիտան Արտյոմ Բաբայանը և դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ֆերդինանդ Սարգսյանը, Ռուբենը բանիմաց և խելացի զինվոր է: Նա համակարգչային գիտելիքներով օգնում է հրամանատարներին իրենց ստորաբաժանմանն առնչվող տարբեր խնդիրների իրականացման գործում: Նախնական շրջանում Ռուբենը ծառայել է մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումներում` առաջնագծում: Այժմ արդեն` ոչ պակաս կարևոր տեղում՝ զորամիավորման շտաբում: Ռուբենի նկատմամբ հարգալից են թե՛ զինակից ընկերները և թե՛ վերադաս հրամանատարությունը:
Ռուբենի պատրաստած ամենամսյա պատի թերթերից յուրաքանչյուրը արվեստի յուրօրինակ նմուշ է: Նա հոգի է դնում աշխատանքի մեջ, նկարում հայոց նշանավոր թագավորներին, զորավարներին, անդրադառնում բախտորոշ ճակատամարտերին: Ասում է, որ ծառայության մեջ նկարելու իր ունակությունը, ինչքան էլ տարօրինակ է, է՛լ ավելի է կատարելագործվել: Բացի այդ, նա օժտված է հին աշխարհի, առհասարակ հին Հայաստանի մասին հիմնարար գիտելիքներով: Հաճախ ապշեցնում են նրա գիտական վերլուծությունները պատմական այս կամ այն իրադարձության վերաբերյալ:
Ռուբենը սիրում և ուսումնասիրում է նաև հին քաղաքակրթությունները, հատկապես Հայաստանի հեթանոսական դիցաբանությունը: Այժմ, անգամ բանակում, որտեղ թեկուզ սակավ են ժամանակը և հարմարությունները, շարունակում է աշխատել դեռ քաղաքացիական կյանքում սկսած «Հայոց հին հեթանոսական դիցաբանությունը» գրքի նկարազարդումների վրա, որոնցով էլ զբաղվում է Ռուբենը ազատ ժամանակ: Կարդալով գրքի հոդվածներից մի քանիսը՝ կարծում եմ, որ նրա հեղինակած գիրքը նոր խոսք է, նոր մոտեցում՝ հիմնված գիտական ապացույցների վրա:
Անկասկած, մեր բանիմաց զինակցին մեծ ապագա է սպասում հայոց հին պատմության ուսումնասիրության բնագավառում: Անհրաժեշտ եմ համարում մեջբերել նրա հետևյալ խոսքերը. «Մեր բազմաչարչար Հայ ազգի պատմությունը ու մշակույթը ասես ոսկու կտոր լինի, որ թաղվել է մոխրի շերտի տակ: Եթե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի, հետաքրքրվի և այն նորովի ներկայացնի հանրությանը, այդպիսով թոթափի մոխիրը ոսկու վրայից, ապա այն կրկին կշողա իր երբեմնի ողջ փայլով»:
Ես հպարտ եմ, որ հայոց հաղթանակած բանակում ծառայում է Ռուբենը, որ կան նրա նման բազմաթիվ զինվորներ, ովքեր կարդում են սա հիմա, ովքեր ծառայության երկու տարին օգտագործում են ոչ միայն ռազմական գիտելիքները հարստացնելու, այլ նաև հայրենիքին, բանակին օգտակար լինելու և մերօրյա գիտությանը ծառայելու ազնիվ և անշահախնդիր նպատակների համար: Ուրախ եմ, որ ճանաչում եմ Ռուբենին, նրանից սովորում միայն լավն ու բարին: Հաճախ երկխոսում ենք, բանավիճում, համատեղ դասեր անցկացնում մեր զինակից ընկերների hամար` հայոց պատմությունից, մշակույթից և իհարկե զինվորական առարկաներ հանդիսացող հասարակական պետական և գաղափարադաստիարակչական պատրաստությունից: Ռուբենը շուտով կզորացրվի, իսկ մինչ այդ ուզում եմ իմ և մեր զորամասի ողջ անձնակազմի անունից շնորհավորել նրա ծննդյան 20-ամյակը, որը լրանում է օգոստոսի 30-ին և մաղթել բազում նվիրական նպատակների իրականացում՝ հանուն մեր հայրենի գիտության, արվեստի…
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
կրտսեր սերժանտ,
զորամասի սերժանտական խորհրդի նախագահ