Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՌԱՑՎԱԾ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻՆ



XIX դարի վերջին և XX դարի սկզբին մղված պատերազմները բազմաթիվ նորամուծություններ մտցրին համաշխարհային ռազմարվեստում: Գործածության մեջ մտան պատերազմի վարման նոր կանոններ, օպերատիվ արվեստ, զենքի ու զինամթերքի նոր տեսակներ և նույնիսկ համազգեստի ու հանդերձանքի նոր տեսակներ և ժամանակին համահունչ նոր կանոնադրություններ: Սակայն մի բան մնաց անփոփոխ. ինչպես հազարամյակներ շարունակ՝ մարտական գործողություններում հակառակորդի պաշտպանության թույլ օղակի կամ հատվածի հայտնաբերումը և այդ ուղղությամբ գլխավոր հարվածը հասցնելը:

Առաջին համաշխարհային պատերազմը ևս բացառություն չէր:

Ռազմարվեստին նվիրված բազմալեզու դասագրքերից հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի գլխավոր ու հիմնական ռազմաճակատը համարվել է Եվրոպականը, որը բաղկացած էր Արևմտյան (բրիտանա-ֆրանսիական) և Արևելյան (ռուսական) ռազմաճակատներից: Մարտական գործողությունների սկզբնական փուլից հետո Արևմտյան և Արևելյան ռազմաճակատներում կողմերն անցնում են դիրքային պատերազմի, որում հաղթելու էր այն խմբավորումը, որն ուներ հզոր տնտեսություն և մարդկային ներուժ:

Ինչպես գիտենք, Գերմանիան, սպառելով իր տնտեսական հնարավորությունները, հարկադրված էր 1918 թ. նոյեմբերին հաշտություն խնդրել: Սրանք հայտնի ճշմարտություններ են, որոնք ցանկացանք ներկայացնել: Սակայն այս հոդվածով նպատակ ունենք անդրադառնալու պատերազմի մեկ այլ, գրեթե մոռացված ռազմաճակատի՝ ռուս-թուրքականին, և ներկայացնելու նրա ռազմավարական նշանակությունը Առաջին աշխարհամարտի մարտական գործողությունների ընթացքում:

1914 թ. նոյեմբերին ռուս-թուրքական ռազմաճակատում Կովկասյան բանակի նախաձեռնած հարձակումը ձախողվում է: Բանակի հրամանատարությունը չի կարողանում ապահովել ռուսական տարածքը թուրքական ներխուժումից և Կարսի մարզի, հատկապես Բաթումի նահանգի աջար և մահմեդական բնակչության զանգվածային ապստամբություններից, ինչի հետևանքով՝ ռուսները հայտնվում են ծանր դրության մեջ:

Սկսելով մարտական գործողությունները և առաջանալով հակառակորդի տարածք՝ հաշվի չէին առնվել բնակլիմայական պայմանները և հաղորդակցության ուղիների անբավարար վիճակը, որը հնարավորություն չտվեց զորքն ապահովելու համալրումով և անհրաժեշտ հանդերձանքով:

Հաշվի չէին առնվել նաև ձմեռային պայմաններում մարտական գործողությունների առանձնահատկությունները.

1. Մատակարարման դժվարությունները,

2. Կապի միջոցների անբավարար լինելը,

3. Ռելիեֆը,

4. Օսմանյան 3-րդ բանակի գլխավոր հենակայանի՝ Էրզրումի (Կարին) մոտիկ լինելը:

Ռուսական նահանջից հետո օսմանյան հրամանատարությունը, հանձին ռազմական նախարար Էնվեր փաշայի, նախաձեռնում է լայնածավալ հարձակում, որն ավարտվում է Սարիղամիշի մոտ Օսմանյան 3-րդ բանակի ջախջախմամբ (90 հազար զինվորից ողջ են մնում 12 հազարը): Փաստորեն, թուրքերը կրկնում են ռուսների սխալը, որի համար դաժանորեն պատժվում են:

Իր հերթին ռուսական հրամանատարությունը հաշվի առնելով հակառակորդի տարածքի կանոնավոր հաղորդակցման ուղիներից զուրկ լինելը, վճռում է 1915 թ. գարնանն սկսել լայնածավալ հարձակում, սակայն թուրքական հրամանատարությունը, որն ուներ լրտեսական լայն ցանց, տեղեկանալով, որ Հյուսիսային Պարսկաստանում ռուսները քիչ զորք ունեն, որոշում է Դիլման քաղաքի շրջանում ջախջախել ռուսներին և համալրելով ուժերը տեղի մահմեդականներով՝ ներխուժել Նախիջևան, Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգ, իսկ հնարավորության դեպքում՝ Դաղստան: Բարեբախտաբար, Դիլմանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (1915 թ. ապրիլի 16-ից 18-ը) Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադը գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ կարողանում է պարտության մատնել Խալիլ բեյի հավաքական դիվիզիան ու սկսել նրա ուժերի հետապնդումը: Դիլմանի ճակատամարտում ռուսների հաղթանակի գրավականներից մեկն էլ խրամատներում ամրանալն էր: Գեներալ Թ. Նազարբեկյանը հաշվի առնելով 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմում ստացած մարտական փորձը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պաշտպանության թևերին:

1915 թ. մարտական գործողությունների ընթացքում Կովկասյան բանակը հասավ լուրջ հաջողության: Մայիսի 6-ին ռուսները մտնում են Վան, թեև Կովկասյան բանակի հրամանատարությունը չէր ցանկանում գրավել Վանը: Կարելի է ասել՝ Վանի գրավումը նոր «գլխացավանք» է առաջացնում ռուսների համար: Ինչու՞: Վանը գտնվում էր Պարսկաստան տանող ճանապարհների հանգույցում: Վանով էր անցնում Բիթլիս (Բաղեշ) տանող ճանապարհը: Միաժամանակ հնարավորություն էր ստեղծվում Վանից զորք տեղափոխել Միջագետք:

Այդ նույն ժամանակ դաշնակիցները՝ բրիտանական և ֆրանսիական ռազմածովային ու ցամաքային ուժերը, իրականացնում են Դարդանելյան (Գալիպոլիի) օպերացիան (1915 թ. փետրվարի 19-ից մինչև 1916 թ. հունվար), որը, սակայն, անհասկանալի պատճառներով անհաջողության է մատնվում, երբ հաղթանակը գրեթե ակնհայտ էր: Բրիտանական հրամանատարությունն անսպասելիորեն դադարեցնում է գործողությունը: Հետաքրքիրն այն է, որ ռուսական գերագույն հրամանատարությունը բոլորովին ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ ազատված ուժերը օսմանյան հրամանատարությունն ուղղելու է ռուս-թուրքական ռազմաճակատ, ուստի անհրաժեշտ է որոշ նախազգուշական միջոցների դիմել: Այս կարևոր հանգամանքը հետո միայն վերլուծում է Կովկասյան բանակի հրամանատարությունը՝ հանձին գեներալ Նիկոլայ Յուդենիչի, որը շտապ նախաձեռնում է Էրզրումի (Կարին) գրավման օպերացիան: Մենք կանգ չենք առնի այդ հույժ կարևոր և դասական համարվող գործողության վրա, միայն կարող ենք նշել, որ ռուսական հրամանատարությունը իրականացնում է լայնածավալ աշխատանքներ օպերացիան գաղտնի պահելու և հաջողությամբ ավարտելու համար: 1916 թ. փետրվարի 3-ին Էրզրումը գրավվում է:

Շարունակելի

Էջը՝ ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ
պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


28/08/2014