Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՄԻ ԵՐԳԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՀՆՉՅՈՒՆՆ ՈՒ ՇԱՉՅՈՒՆԸ



Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, անձնական խիզախության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվեց պայմանագրային զինծառայող, ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը։

Վերին Բազմաբերդ գյուղում հողին են հանձնում հերոսի աճյունը։ Գյուղի առաջին զոհն է։ Պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հուղարկավորում են գյուղի մշակույթի պալատի և դպրոցի հարևանությամբ գտնվող հրապարակում, որը, ինչպես ելույթ ունեցողներն են ասում, դարձավ սրբատեղի։ «Թող Արամը լինի գյուղի առաջին և վերջին զոհը։ Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ բազմաբերդցիներ, մեր կռիվը դեռ չի ավարտվել, սա մե՛ր կռիվն է, պետք չէ երկնչել, պետք չէ մեր հաղթանակին, մեր տղաների քաջությանը երկչոտություն խառնել։ Փա՛ռք մեր նահատակներին, փա՛ռք մեր Արամին, որը շարունակեց մառնիկցի նախապապերի քաջագործությունները՝ փառք բերեց մեր նախնիներին, իսկ ապրողներին՝ հպարտություն,- ասաց տեր Ղևոնդ քահանան։

…Երեք անունով են մարդիկ ճանաչում հերոսին։ Ծննդյան վկայականով Արամ էր՝ Արամ Մկրտիչի Գրիգորյան։ Երբ Արամը նոր-նոր ոտքի կանգնեց ու իր առաջին շարժում-քայլերն արեց, հայրը, երանության ժպիտը դեմքին, ասաց. «Ոնց որ եղբորս՝ Ռուբիկի շարժուձևը լինի, հայացքն էլ…»։ Ու Արամին սկսեցին կոչել հորեղբոր անունով՝ Ռուբիկ, որը չէր վերադարձել Մեծ Հայրենականից։ Արամ-Ռուբիկը ավարտեց ծննդավայրի՝ Վերին Բազմաբերդի դպրոցն ու զորակոչվեց խորհրդային բանակ։ Բանակից վերադարձը համընկավ Արցախյան ազատամարտին, և նա էլ շատերի նման զենք վերցրեց ու մեկնեց հայրենի սահմանները, Արցախը պաշտպանելու։ Ու այս մարտերի ժամանակ էլ ընկերները նրան կոչեցին երրորդ անունով՝ Չեչեն։

Եվ սակայն մի անուն էլ կա, որով նրան էին դիմում միայն իր մտերիմ ընկերները՝ Գուսան։ Ազատագրական պայքարի ելած իր զոհված ու ապրող ընկերների մասին երգեր էր գրում ու ինքն էլ կատարում։ Ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Սամվել Բաղդասարյանը պատմում է.

-Մի պատառ աղուհաց կտրելը խնջույքի էր վերածում, հետո պարահրապարակի։ Ասում էր. «Հաց ու պանրով սեղանն էլ պիտի վայելել, պիտի ճաշակել»։ Երգում էր, ո՜նց էր երգում, մեր ոգին էր։ Բոլորիս հոգսով ապրում էր։ Մի կտոր հացը կիսում էր ընկերների հետ։ Երբ հարցնում էինք՝ քեզ մնա՞ց, պատասխանում էր. «Իմը մեր ընկերությունն է, ազնվությունը, նվիրվածությունը։ Ո՞ւմ է պետք այն մեծահարուստը, որի սեղանից հաց չեն կտրում կամ էլ կտրում են վախվորած, կաշկանդված»։

Իսկ Սեդրակ Հարությունյանի խոսքն ասես շարունակությունը լինի Սամվելի խոսքի.

-Երբ իջնում էինք դիրքերից՝ միշտ խնդրում էի երգել իր երգերից։ Ռուբիկն իմ խնդրանքը չէր մերժում. Ռուբիկը Կամո հայրիկիս հետ մարտնչել էր։ Հայրս «Թալին» ջոկատի հրամանատարն էր, այժմ՝ հաշմանդամ։ Երբ տուն էինք հասնում, մեկ էլ երեխայի նման գլուխը դնում էր «մերացուի» գոգին ու իր երեխաների նման ասում. «Տատի՛ ջան, մորս փոխարեն գլուխս շոյիր։ Կարգին մեր էլ չտեսա»։ (Խորհրդային բանակում ծառայելիս էր եղել, երբ մահացել էր մայրը)։

-Վարդավառին հավաքվել էինք ծառայակից ընկերներով։ Նախաձեռնությունը, ինչպես միշտ, էլի Արամինն էր,- պատմում է ավագ սերժանտ, ջոկի հրամանատար Սևակ Խաչատրյանը։ -Շատ էինք մտերիմ, կատակով ասում էր. «Սևա՛կ ջան, դու լավ բաժակաճառ, հայրենասիրական ելույթներ ես ունենում, դե ես էլ լավ երգում եմ, մասնակիցները շատ գոհ կլինեն»։ Այս Վարդավառին էլ այդպես եղավ, ափսոս այն եղավ վերջինը։ Հավաքվել էինք ընտանիքներով։ Արամի երեք երեխաները (փոքրը երկու տարեկան չկար) ջուր էին ցողում միմյանց վրա, մեզ վրա, արևից ջուրը ցոլցլում էր՝ խառնվելով մեր ուրախությանը, խառնվելով Արամի ժպիտին, Արամի երգին։ Իր երգերն էին, ինքն էր խոսքերը գրել, երաժշտությունը հորինել, ու ձայնն էլ աստվածատուր էր։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից երգով ու զենքով անցել էր իր մարտական ուղին՝ Մեղրի, Կուբաթլու, Աղդամ, Կարախանբեյլի, Ֆիզուլի, Քարվաճառ… Վիրավորվել էր, ցնցակաթված տարել, սակայն 20-25 տարի զենքը ձեռքին կանգնեց հայրենի սահմաններին…

Վարդավառ էր… Ու երգում էր Արամ-Ռուբիկը։ Ներկաներից ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվելը, ասաց. «Արա՛մ ջան, քո խրոխտ երգերի հնչյուններից թշնամին գլխապատառ կփախչի, էլ ուր մնաց քո զենքի շաչյունից…»։

Դիրքերում, երբ սկսվում էր թշնամու կրակահերթը, մեր մոտից էլ սկսվում էր Արամի «հայրենասիրական փիլիսոփայությունը»։ Ասում էր.

-Հիմա մայրաքաղաքի, թիկունքի բնակավայրերում ինչ իմանան՝ ինչ է կատարվում այստեղ, այս սարի վրա։ Հայրենիքն սկսվում է այստեղից…

-Քո խոսքը նման է Գևորգ Մարզպետունու խոսքին,- ասում էի նրան։

-Սևա՛կ, Վարդավառին մեր երեխեքի ծիծաղը ամեն ինչ արժեր, ես նրանց ցավը տանեմ, նրանք են մեր վաղվա հայրենիքի պաշտպանները,- ասում էր Արամը ու նորից ստուգում՝ տղաները հատկացված տեղերո՞ւմ են… Եվ «պոստի տղերքը»՝ Արշակը, Նարեկը, Սասունը, Գագիկը, Մերուժանը, Սեյրանը, Անդրանիկը, իրենց դիրքերում խրոխտ ու հպարտ կանգնած՝ դիմավորում էին իրենց հրամանատարին…

-Ապրում էր իր ընկերների, մեր բոլորի հոգսերով։ Յուրահատուկ ծնունդ էր. դրախտը մեզնից հեռացրեց, մոտեցրեց իրեն, ու մենք միշտ պիտի նրան հիշենք կարոտով։ Չէր սիրում նենգությունը, ստորությունը, ճակատին ասում էր ճշմարտությունը։ Կատակով միշտ կրկնում էր.

-Տղե՛րք, ուր ասեք՝ կգամ ձեզ հետ, բացի գողությունից,- վերհիշում է Մարտակերտի Կճողուտ գյուղից Թալինի Վերին Բազմաբերդ հուղարկավորության եկած Իգոր Թևոսյանը, որը չէր կարողանում զսպել արցունքները. «Դեռ կռվի տարիներին գալիս էր իմ ձին վերցնում ու տղաներին սնունդ ու ջուր էր հասցնում դիրքեր։ Ձին բերում հասցնում էր ձորակ ու սկսում էր բեռը ինքը հասցնել ընկերներին։

-Ռուբո՛, ձիով բեր,- ասում էին տղաները։

-Չէ՛, ձին ափսոս է, ընկերոջինս է՝ կկրակեն, կսպանեն…

…Հերոսի դին իջեցնում են հայրենի հողի գիրկը։ Պատվո պահակախմբի զինվորների համազարկը թրատում է կապույտ երկինքը։ Վերին Բազմաբերդի ազատամարտիկ Հունան Առաքելյանը հայացքով փնտրում է իր մարտական ընկերոջն ու ասում.

-Արամը 25 տարի ծառայեց ազգին, մեր ժողովրդին։ Ծառայեց ազնվաբար, առանց ամպագոռգոռ բառերի։ Փա՛ռք նրա հիշատակին։

Իսկ մարտական ընկերները ձեռքով հող էին լցնում շիրիմին ու բարձրաձայն հարցում անում.

-Ո՞վ պիտի երգի քո երգերը, Արա՛մ, ով պիտի քո կռիվը տա՝ Ռուբո՛… Այսպես ձայնեցին, ու մեկ էլ Սամվելն սկսեց Արամ-Ռուբիկի երգը. Սամվելն սկսեց, ու նրան ձայնակցեցին մարտական ընկերները։ Երգեցին խրոխտ ու հպարտ՝

Կարախան բեյլի կանաչ դիրքերում
Տղերքն էին դիմանում,
Թշնամին՝ ալահ գոչելով, դիրքերին էր հարձակվում։
Կարախանի կանաչ դիրքերը արցունքով էր պատվում՝
Թշնամին՝ ալահ կանչելով իր լեշերն էր թողնում…

Այսպես էր եղել նաև այս անգամ՝ Արամ-Ռուբիկի վերջին ճակատամարտի ժամանակ… Եվ թշնամին լռել էր։ Եվ թշնամին լռեց։ Եվ թշնամին կլռի…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Ճակատագրեր


28/08/2014