Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ



Պատմության համար 22 տարին 22 ակնթարթ է, մարդկային կյանքի համար՝ մի ամբողջ երիտասարդություն կամ մոտակա խաղաղ ու բարեկեցիկ ծերություն վայելելու յուրօրինակ բերկրալից շրջան… Բայց եթե վտանգվում են երկրիդ սահմանները, ընտանիքիդ, հարազատներիդ, ժողովրդիդ խաղաղ ապրելու իրավունքը, դո՛ւ, որ ծնվել ես երակներումդ խլրտացող արյան հետ նախնյաց ազատատենչ ոգին ժառանգած, որ տարիքում էլ լինես՝ ձեռքդ մեկնելու ես զենքին… Եվ միայն նա է թարգմանելու սրտիդ զարկերը, մինչև այն պահը, երբ կմաքրվի հող հայրենին ոսոխի ժանտահոտ ոտնահետքերից:

«Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդի մարտիկներից յուրաքանչյուրի մասին դիմանկար- ակնարկ գրելիս՝ որպես նրանց ոգեղեն էության այցեքարտ, այս նախաբանը կարող էր լինել:

2014թ. հուլիս- օգոստոսին կրկին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններում դավադիր կրակոցներ էին հնչում, նորից պատերազմի մահաբեր շունչն էր թևածում: Եվ նրանցից յուրաքանչյուրը զանգում, գալիս էր ՀԿ գրասենյակ, հաստատելու իր ներկայությունն ու պատրաստակամությունը՝ մեկնելու սահման, բանակի, զինվորի կողքին պահելու դիրքերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ում որոշեցին՝ չնայած զենքին զենքով պատասխանելու ուժն ու կարողությունն ունենք, այս պահին կընտրենք չարակամությանն ու դավին արդարամտությամբ, ազնվությամբ դիմակայելու տարբերակը:

Սրանով հանդերձ, ոչ մի ազատամարտիկ կամ զոհված ռազմիկի ընտանիքի անդամ չի կարող մոռանալ Արցախյան ազատամարտի ամենադժվարին ժամանակաշրջանը՝ 1992թ.-ի հուլիսի վերջին օրերը, օգոստոսի սկիզբը, երբ ադրբեջանցիները ցանկանալով ռևանշի հասնել Շուշիի պարտությունից հետո, հսկայական ռազմական և կենդանի ուժ էին նետել ռազմաճակատ:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ Աստվածատուր Պետրոսյանի փոխանցմամբ՝ «…մեծ ճեղքումով առաջ էին անցել, տարբեր ուղղություններով գործի դնելով գրեթե 4-5 բրիգադ և դրա հետ միասին ճեղքելով Մարտակերտի ուղղությունը՝ դեպի Վաղուհաս: Մյուս ուղղությունն էր՝ Չլդրան, հաջորդը՝ Աղդամ, Ասկերան, Գյուլիբերդ, Գյուլիստան, և Կարմիր Շուկայով, Հադրութով՝ երրորդ ուղղությունն էր, որ փորձում էին ճեղքել և սեղմել օղակը, դրանով իսկ մտնելով Ստեփանակերտ, (իբր թե) վերջ տալու մեր բոլոր նվաճումներին»:

Չնայած պաշտպանական շրջանի մարտիկները և Հայաստանի երկրապահ ջոկատները, հայ կամավորները, բոլորը միահամուռ սահմաններում մեծ գործողություններ էին կատարում, այնուհանդերձ, ուժերի նոր թարմացում և համալրում էր պետք:

Գեներալի հեգնախառն տոնով հնչեցրած իբր թե-ն այսօր է յուրօրինակ ժպիտ առաջացնում Եռաբլուրի բարձունքին վերստին հավաքված մահապարտների դեմքին: Այն օրերին ադրբեջանցիների այդ նկրտումները հասկանալի տագնապի, վճռականության և նվիրումի, հայրենապաշտության զգացմունքների գերակայության գիտակցումով նրանց բերեցին մայրաքաղաքային զորամաս…

– Գիշերվա ժամը 2-ի կողմերը ՀՀ պաշտպանության նախարարությունում Լեռնային Ղարաբաղից գաղտնի կապով զանգ ստացանք, հայտնեցին, որ թշնամին մտնում է Գանձասար… Այսօր մենք կրկին վերապրում ենք այդ պահերը :-Ողջունելով հավաքվածներին (մահապարտներին և ո՛չ միայն…), ասաց «Արծիվ մահապարտների» զորագնդի ընդհանուր համակարգող, այժմ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը :-Եթե մենք չհասնեինք, եթե չհասցնեինք կազմակերպված զորք (ուժերը ջլատվել էին, մնացել էին մի քանի ջոկատ), ուրեմն Գանձասարը և դրանից հաջորդող՝ Ստեփանակերտը, և Ասկերանի ուղղությամբ ճեղքումը վերջ կդնեին այս պատմությանը: Եվ անհրաժեշտ էր զենք – զինամթերք, և անհրաժեշտ էր ուժ, որպեսզի դիմագրավենք սրան: Այդ օրը բոլոր կողմերից Հայաստանի սահմանների վրա էին նախահարձակ եղել, և մենք ինչքան էլ ուժ կուտակում էինք սահմաններում, էլի անհրաժեշտ էր մեծ թվով կենդանի ուժ, որը պետք է դիմագրավեր, որը պետք է կործանող լիներ, որը պետք է կազմակերպված լիներ բանակային կառուցվածքով:

Վազգեն Սարգսյանը երեկոյան հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ, նոր էր վերադարձել դիրքերից և դիմեց ամբողջ հայ ժողովրդին և դիմեց նաև ձեզ՝ կռվող տղաներիդ.

«…մեզ մի կուսակցություն է հարկավոր, դա զենք բռնելու կուսակցություն է, և հարկավոր են փորձառու տղաներ, այսօր վտանգի տակ է ամբողջ ճակատը, և ինձ հարկավոր են 500 փորձառու, ընտիր տղերք, մահապարտներ, որոնք պետք է գնան և կռվեն առաջավոր գծում, թեժ կետերում, ամենաթեժ կետում, որտեղ ապրել- մեռնելու հավանականությունը 50-50 է: Բայց ի՞նչ է պատահել ձեզ, չէ որ թշնամին նույն թշնամին է, որ ձեր առջևից փախչում էր, դուք էլ նույնն եք, և անպայման հաղթելու ենք: Հայաստանը չգիտեմ քանի շրջան ունի՝ 42 թե 43: Եթե մենք հավաքվեցինք (բացի սահմանամերձ շրջաններից, որոնց չեմ թույլատրում, որ գան, որովհետև սահմաններն են պաշտպանում, սահմանամերձ շրջանի ջոկատները պիտի մնան այնտեղ)… հավաքվեցինք և 500 հոգանոց մահապարտների զորագունդ կազմեցինք, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու ենք, և մենք հաղթելու ենք»:

500 մահապարտներից 33-ը սեպտեմբերի 1-ից 26-ը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Դրմբոն, Հարությունագոմեր, Չլդրան, Վանք, Վաղուհաս գյուղերի ազատագրական մարտերում, գումարտակի կազմում սխրանք գործելով անմահացան, շատերը վիրավորվեցին, բայց վերադարձան շարք, հետագայում շարունակելով մարտական կենսագրությունը տարբեր ճակատներում: Այդ ճակատներում էլ եղան սխրանքներ, որոնք մեկ քայլով եւս մոտեցրին բաղձալի հաղթանակը:

Հայրենիքի համար օրհասական պահին զենք բռնողների կուսակցության ներկայացուցիչները՝ մահապարտները… երկու տասնամյակ շարունակ՝ օգոստոսի 15-ին, նույն ժամին հավաքվում են Եռաբլուր պանթեոնում, վերստին լսելու Սպարապետի մարտակոչը այնտեղ, ուր ռազմի դաշտ մեկնելուց առաջ՝ օգոստոսի 31-ին, երդվել էին: Մոմերի լույսի ներքո, աստղերի ցոլարձակող հայացքի ուղեկցությամբ քայլում են՝ շիրմից շիրիմ տանելով ավետիսը.

-Հանգիստ ննջիր, եղբա՛յր իմ, թշնամին նույն թշնամին է, բայց հիմա առավել ամուր են պաշտպանված մեր սահմանները՝ հայոց զորացած բանակի, ոգեղեն և ռազմական գիտելիքներով զինավառված մեր զինվոր զավակների կամքով ու նվիրումով:

Այսպես սկսվում է հերթական տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, որն այս տարի կեզրափակվի սեպտեմբերի 27-28-ին ԼՂՀ Վանք գյուղ կատարելիք ուխտագնացությամբ:

ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով պարգևատրված մարտիկների մի մասը իրենց պարգևներն ստացան Եռաբլուր պանթեոնում, ԼՂՀ «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով հետմահու պարգևատրվածների հարազատները կստանան մարզերում անցկացվելիք մեծարման հանդիպումների ժամանակ, մյուսները, մասնավորապես՝ նրանք, որ բնակվում են ԼՂՀ-ում, կստանան սեպտեմբերյան ուխտագնացության օրերին:

Սա այն օրն է, երբ մահին ընդառաջ ելնողները, անօրինակ սխրանք գործելով, բեկեցին բախտի անիվը: Այո՛, Շուշիի ազատագրումը վերածնեց հայի հաղթական ոգին, բայց պատերազմի ընթացքը դեպի հաղթական ավարտ թեքվեց ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդի և ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի Վաղուհասի և Չլդրանի ճակատներում դեռ մարտնչող, արդեն իսկ հատուկենտ մնացած ազատամարտիկների միասնական, անօրինակ հերոսական պայքարի շնորհիվ:

ՎԱՐՍԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ

Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Պատմության էջերից, Ռազմական


28/08/2014