ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԻԱՑԱՎ ՍԵՎԱԿՈՎ ԵՎ ԴՈՒԴՈՒԿՈՎ
Օգոստոսի 9-ից 14-ը Մինսկում կայացավ գործընկեր բանակների զինծառայողների ռազմամասնագիտական հմտությունների «Համագործակցության մարտիկ» VI միջազգային մրցաշարը, որին պատվով և բարձր արդյունքներով մասնակցեց նաև Հայաստանյան պատվիրակությունը. երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ՝ երեք անվանակարգերում:
«Համագործակցության մարտիկ» VI միջազգային փառատոնն այս անգամ տեղի ունեցավ Մինսկում, որն այս տարի նշում է գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրվելու 70-ամյակը: Մրցաշարին ներկայացված էին 16 մասնակիցներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից: Հայաստանի դրոշի ներքո բարձր արդյունքներով և պատվով մասնակցեցին կրտսեր սերժանտ Դավիթ Հովհաննիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Յուրա Մանասյանը, ՌԴ Ռյազանի օդադեսանտային զորքերի հրամանատարական ինստիտուտի կուրսանտ Արթուր Հովհաննիսյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Ալինա Սարգսյանը: Նրանք մրցեցին 5 անվանակարգերում՝ էրուդիտ, աթլետիկա, մասնագիտական կարողություններ, նշանառուի հմտություններ և մշակութային կատարում:
– Մրցույթը շատ բարդ էր, բայց մեր մասնակիցները պատվով հաղթահարեցին: Թեև այս մրցաշարի գլխավոր գաղափարը ընկերակցությունն է, սակայն մթնոլորտը շատ մրցակցային էր։ Մեր բոլոր չորս մասնակիցները աչքի ընկան և՛ բարձր արհեստավարժությամբ, և՛ պատրաստվածությամբ, կարողացան հիացնել հանդիսատեսին, մանավանդ Դավիթ Հովհաննիսյանը, որը Վաչե Հովսեփյանի կատարմամբ դուդուկի երաժշտության ներքո ներկայացրեց Պարույր Սևակի «Ուզում եմ» ստեղծագործությունը և գրավեց այդ անվանակարգում երկրորդ տեղը, – պատմում է հայկական պատվիրակության ղեկավար, Վ. Սարգսանի անվան ռազմական ինստիտուտի ֆիզպատրաստության և սպորտի ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյանը լավ արդյունքներ ցույց տվեց նշանառուի արվեստում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ Ալինա Սարգսյանը մասնագիտական կարողություններում ևս երկրորդ տեղին արժանացավ:
Հատկանշական է, որ Արթուր Հովհաննիսյանը աչքի է ընկել ոչ միայն նշանառուի արվեստում: Կրտսեր սերժանտը «Կավալեր» մշակութային մրցույթին կատարեց «Նորից տագնապ» երգը, որը նվիրեց Աֆղանական և Արցախյան պատերազմների վետերան իր հորը:
– Ես առաջին անգամ լսել եմ այս երգը իմ հոր կատարմամբ մի քանի տարի առաջ: Նա նվագակցում էր կիթառով՝ այնպիսի զգացմունքներով, այնպիսի ցավով, որ չէի կարող չհուզվել: Ես սովորեցի և նվիրեցի այն մարդուն, որին շատ եմ սիրում ու հարգում, – ասում է Արթուր Հովհաննիսյանը:
Ընդհանուր առմամբ, պատվիրակության ղեկավար, փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանը գոհ է հայ զինվորականների մասնակցությունից:
-Արդյունքները, իրոք, մեզ համար լավ են, բայց հետագայում մենք պետք է ձգտենք լավագույնի: Երևան վերադառնալուց հետո մեզ ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձր է գնահատել մեր արդյունքները: Հուսամ, որ հաջորդ մրցաշարերին մենք է՛լ ավելի լավ կարդարացնենք բոլորի սպասումները, – ասաց փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանը:
Մրցաշարի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև Բելառուսին, նրա պատմամշակութային ժառանգությանը:
– Ես առաջին անգամ եմ Բելառուսում: Կարելի է ասել, որ ես անմիջապես առնչվեցի պատմության հետ: Մենք այցելել էինք Հայրենական Մեծ պատերազմի և «Ստալինի գիծ» թանգարանները: Այս տարի Բելառուսը նշում է ֆաշիստ զավթիչներից ազատագրման 70-ամյակը, և ես կարծում եմ, ճիշտ է, որ այս մրցույթն անցկացվեց հենց Մինսկում, – ասում է կրտսեր սերժանտ Դավիթ Հովհաննիսյանը:
Նշենք, որ բոլոր անվանակարգերում ստացած միավորների արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչվեց Բելառուսից կրտսեր սերժանտ Յուրի Ստրիգանկովը, երկրորդ ու երրորդ հորիզոնականներն զբաղեցրին ռուսաստանցի կրտսեր սերժանտ Դմիտրի Մոժաևը և շարքային Նատալյա Սուգանովան:
Բ. ԱԹԱՆԵՍՅԱՆ
Խորագիր՝ #33 (1051) 28.08.2014 – 03.09.2014, Հոգևոր-մշակութային