ԱՄՆ-Ը ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
Ապրիլի 16-ին Իրանի պետական լրատվական «ԻՐՆԱ» գործակալությունը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն են ստեղծել «Stuxnet» համակարգչային վիրուսը, որպեսզի խոչընդոտեն Իրանի միջուկային ծրագրին:
-Հետազոտությունները և ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Stuxnet»-ի ստեղծման ակունքում են ամերիկյան և սիոնիստական ռեժիմները ,- հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար Ղոլամ Ռեզա Ջալալին:
Ջալալին առաջին իրանցի պաշտոնյան էր, ով Թեհրանի երկու ոխերիմ թշնամիներին մեղադրեց «Stuxnet»-ի ստեղծման համար: Գերմանացի համակարգչային մասնագետները և որոշ արևմտյան լրատվամիջոցները հաստատում են առաջադրված մեղադրանքը: «Stuxnet»-ը բացահայտվեց անցյալ տարվա հունիսին: Հետագայում այն պարզապես ոչնչացրեց Իրանի արդյունաբերական համակարգի թվայնացված սարքավորումները: Վիրուսի առաջին թիրախն էր Բուշեհրի ատոմակայանը, որի լիարժեք շահագործումը որոշ ժամանակով դադարեցվեց` ծագած մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով: Ըստ Ջալալիի խոսքերի` վիրուսը, թափանցելով համակարգ, հավաքում է կարևոր տեղեկատվություն, այնուհետև այն ուղարկում նախապես որոշված ինտերնետային հասցեներին:
– Կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ վիրուսը տեղեկատվությունը ուղարկում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգ ,- հայտարարել է «ԻՐՆԱ»-ն:
Առաջինը «New York Times»-ը հունվարին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները, համագործակցելով միմյանց հետ, ստեղծել են «Stuxnet»-ը:
2010 թվականի նոյեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ վիրուսը որոշ խնդիրներ էր առաջացրել` կապված Թեհրանի միջուկային ծրագրի շրջանակներում իրականացվող ուրանի հարստացման աշխատանքների հետ և ավելացրել, որ ներկայումս խնդիրները վերացվել են:
Թեհրանի եւ Արեւմուտքի միջև ծագած հակասությունների գլխավոր պատճառը Իրանի միջուկային ծրագիրն է: Արեւմուտքը մեղադրում է իսլամական հանրապետությանը, որ այն արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացման ծրագրի քողի տակ ձգտում է միջուկային զենք արտադրել, իսկ Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքները: