Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ`ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ



Երևանի քաղաքապետարանը և ԼՂՀ պաշտպանության նախարարությունն անակնկալ են մատուցել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների բնակիչներին: Այս երկու համայնքներից կամավոր հիմունքներով զորակոչված տասնյակ ժամկետային զինծառայողներ հնարավորություն ստացան Երևանում հանդիպելու ծնողներին և հարազատներին:

Կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ մայրաքաղաքի իշխանությունները մշտապես լինելու են բանակի, զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին.

-Այս հանդիպումները, համոզված եմ, ոչ միայն զուտ բարոյական նշանակություն ունեն, այլև, վստահաբար կարող ենք ասել, նպաստում են նաև մեր զինվորների մարտական ոգու բարձրացմանը, քանի որ նրանք հերթական անգամ համոզվում են, որ հարազատ քաղաքը, մենք բոլորս իրենց կողքին ենք: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ Երևանի քաղաքապետարանի՝ մեր զինվորների և, ընդհանրապես, մեր բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը եղել է ու այսուհետ էլ կլինի շարունակական, և մենք հետևողականորեն ավելի կամրապնդենք մեր կապերը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մեր՝ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումներին ի պատասխան արդեն երկրորդ անգամ նախաձեռնում է Արցախում ծառայող մեր զինվորների այցը Երևան՝ հարազատ քաղաքում իրենց ծնողներին հանդիպելու նպատակով: Առաջին այցելության ժամանակ մայրաքաղաքի երեք՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից զորակոչված զինվորները եկան և հանդիպեցին իրենց հարազատներին: Հասկանալի պատճառներով բոլորին միանգամից հնարավոր չէ բերել Երևան, ուստի, համաձայն նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության, հանդիպումներն ըստ վարչական շրջանների ենք կազմակերպում: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ վստահեցնել մեր մյուս վարչական շրջաններում բնակվող այն ծնողներին, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց զավակներին, նրանք նույնպես այդ հնարավորությունը կունենան:

Իր հերթին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն արդյունավետ ու հաջողված համարեց Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը և ընդգծեց, որ այն հնարավորություն է տալիս նախաձեռնելու սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր:

Այնուհետ ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացան շնորհակալագրերի:

Կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը հայրենասիրական կատարումներով ելույթ ունեցավ ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն ունեցան դիտելու նաև ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պատրաստած «Բանակը մեր տունն է» ֆիլմը:

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Բանակ և հասարակություն


04/09/2014