Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՒ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԻՆ



Օգոստոսի 19-ին՝ ՀՀ զինված ուժերում մեկնարկած ամառային ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքների առաջին օրը, գնդապետ Ա. Բաղդասարյանի զորամասի մարտավարական հրթիռների դիվիզիոնի հերթապահը կրտսեր սերժանտ Արշալույս Դավթյանն էր: Հաշվարկների (ջոկերի) կազմերով անցկացվող պարապմունքներն սկսվում էին նրա հրամաններով: Նա ինքն էր բացում զինարանի դուռը և բաժանում զենքերը: Միմյանց հաջորդող փորձերի ընթացքում տրվող հրամանների հստակությունից զգացվում էր, որ կրտսեր սերժանտն օժտված է ղեկավարելու ունակություններով: Նա ոչ մի հրաման երկրորդ անգամ չէր կրկնում, չէր պարզաբանում, որովհետև պարզ էին ու հասկանալի, ուստի անմիջապես էլ կատարվում էին: Եվ երբ նրա փորձի ու մասնագիտական հմտության մասին խոսք բացեցի պարապմունքներին հետևող սպաների մոտ, մարտկոցի հրամանատար, մայոր Արման Ավետիսյանն ասաց.

-Կրտսեր սերժանտ Արշալույս Դավթյանն իմ զինվորն է, շատ կուզենայի, որ նրան առանձին ներկայացնեիք:

Բայց այդ օրը նա անընդհատ զբաղված էր, ու մեր զրույցը չափազանց կարճ տևեց:

-Ծնունդով Վանաձորից եմ, միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ պետական մանկավարժական համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետը: 2013թ. ավարտել են ուսումս և զորակոչվել բանակ:

Արշալույսը գերճշգրիտ մարտավարական հրթիռային դիվիզիոնի առաջին մեկնարկային մարտկոցի կառավարման ջոկի հրամանատար-օպերատորն է: Հետաքրքրվեցինք, թե ջոկը ավելի ստույգ ինչ է անում պարապմունքների ժամանակ և ինչ է անելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի և հրթիռ արձակելու հրաման տրվի:

-Ուսուցման ընթացքում շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական, տեխնիկական պատրաստականության հարցերին: Հատկապես դաշտային ելքերի ժամանակ կատարում ենք բոլոր գործողությունները, բոլոր հաշվարկները, մնում է միայն վերջնականը՝ հրթիռի արձակումը: Զինվորներից կազմավորված հաշվարկը կարող է անսխալ որոշել հակառակորդի ոչնչացման ենթակա օբյեկտի կոորդինատները:

Ղեկավարման մարտկոցում հետախուզության տրամադրած տվյալների հիման վրա կատարվում են ոչնչացման ենթակա օբյեկտների տեղի ճշգրտման հաշվարկները, որոնք ստանալուն պես կայանքը կատարում է վերահաշվարկ, և եթե թեկուզ աննշան սխալ է հայտնաբերում, հրթիռ չի արձակում ու ցույց է տալիս, թե որտեղից է սկսվում սխալը: Բայց դեռ այսքան ժամանակ մեքենան մեզ նման փաստի առաջ չի կանգնեցրել, որովհետև մասնագետների հաղորդած տվյալների մեջ սխալ չի գտել:

Ծառայության տասներեք ամիսների ընթացքում կրտսեր սերժանտ Ա. Դավթյանը մշտապես կատարել է առաջադրանքները, օգնել է հրամանատարներին, ընկերներին: Զորամասի վերջին համալրման ընթացքում նա ընդգրկվել է նորակոչիկների պատրաստման վաշտում, ինչի համար պարգևատրվել է խրախուսական կարճատև արձակուրդով և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

Զգացվում է, որ այստեղ զինվորին վստահում և հավատում են։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Ազգային բանակ


04/09/2014