Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԵՐՍ ՊԻՏԻ ՔԱՂՀԱՆԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԻ ՄՈԼԱԽՈՏԸ



-Մեր տղաների ոգին շատ բարձր է,- օրերս ասաց երիտասարդ բարեկամս, որ սահմանին առաջացած լարված օրերին գնացել էր առաջնագիծ:- Գնացել էինք ընկերներով: Գնացել էինք տղերքի կողքին կանգնելու: Թող իրենց մենակ չզգան:

-Է, ի՞նչ, ամեն անգամ պիտի գնանք զինվորների կողքին կանգնենք, որ չվախենա՞ն,- փորձելու համար հակաճառեցի նրան:

– Վա՜յ,- զարմացավ,- կա՛մ ինձնից նման բան չէր սպասում, կա՛մ զարմացել էր իմ դատողության վրա ու սկսեց բացատրել։ -Իլհամը էդ օրերին կոչ էր անում, որ հայրենասերները գնան դիրքեր, կանգնեն իրենց ասկյարների կողքին, բայց նրա կոչին ականջ դնող չկար, իսկ մենք և մեզ նման էլի շատերը առանց կոչի, ինքնաբուխ գիտակցումով գնացել էինք դիրքեր: Գիտե՞ք՝ էդ օրերին քանի ազատամարտիկ, քանի երիտասարդ, քանի գործատեր, բան ու գործ թողած, սահման գնաց: Չգիտե՞ք… Ես էլ չեմ հաշվել, բայց գիտեմ, որ շատ-շատ: Ոչ թե գործ չունեին կամ մեր զինվորին չէին հավատում ու վստահում, այլ պարզապես իրենց պարտքն էին համարում այդ դժվար պահին լինելու հայ զինվորի կողքին: Ախր, հայրենիքը միայն Երևանը չէ: Հայրենիքը, առաջին հերթին, սահմանամերձ ու լեռնային գյուղն է, այդ գյուղում մեջքը դժվարությունների ու թուրքի գնդակի առաջ չծռող գյուղացին, որի հաստատակամության շնորհիվ է նաև, որ ամուր ու անառիկ են մեր սահմանները: Հենակետում կանգնած զինվորը լավ գիտի, որ նահանջելու տեղ չունի: Ո՞ւր նահանջի: Ետևում իր ընտանիքը, իր գյուղը, իր հայրենիքն է:

Ես լսում եմ նրան ու մտածում, որ ճիշտ է ասում երիտասարդ բարեկամս, որ բանկային աշխատող է, բավական ապահով պաշտոն ունի և կարող էր Երևանում իր հանգիստը վայելել, սակայն…

Մտածում եմ՝ իսկ թուրքերն ինչո՞ւ չեն արձագանքել իրենց ղեկավարի կոչին: Ի՞նչ է, իրենց հայրենիքը չե՞ն սիրում: Դժվար թե… Պարզապես քոչվորի նրանց գեներն իրենցն են ասում, և նրանք ենթագիտակցորեն հասկանում են՝ այդ հողն իրենցը չէ: Իրենց պապերն այդ հողը շենացնելու համար արյուն ու քրտինք չեն թափել, այն շենացնելու համար սերունդներ չեն դրել իրենց գլուխները… Այնինչ Ղարաբաղի յուրաքանչյուր քար ու թուփ կանչում, ճչում, շշնջում է իր հայկական լինելու մասին: Ազոխի քարանձավից սկսած մինչև Ամարաս ու Գանձասար խոսում են հայի լեզվով:

Թշնամին հասկանում է նաև, որ Ղարաբաղում հայերն այլ բան չեն անում, քան սեփական հայրենիքը շենացնելն է: Գիտեն, որ աշխարհը նույնպես տեսնում ու գնահատում է այդ:

«Ղարաբաղյան պատերազմից հետո երեք ընտրություն է անցկացվել, և ամեն անգամ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է ընտրել իր նախագահին, Ղարաբաղի Ազգային ժողովի կազմն անընդհատ փոփոխվում է, իսկ կադրային քաղաքականությունն իրականացվում է Արևմուտքի համար շատ հասկանալի… Միջազգային դիտորդներն ամեն անգամ փաստում են, որ Ղարաբաղում ընտրությունները լիովին համապատասխանում են միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական սկզբունքներին:

Հայաստանը ևս ժողովրդավարական պետություն է, ու ժողովուրդն իր ձայնը տալիս է հենց Ղարաբաղյան հարցի շուրջ իշխանության ունեցած դիրքորոշման համար»:

Սա ես չեմ ասում: Սա ընդամենը մեջբերում է Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևի խոսքից:

Ես, անշուշտ, յուրաքանչյուր հայի նման հազար ու մի «բայց» կշարեմ այս խոսքերից հետո, կխոսեմ մեր երկրում տիրող այս ու այն իրավիճակի մասին, կխոսեմ արտագաղթից ու կհասնեմ մինչև գների ամենօրյա թանկացում…

Բայց այս անգամ այդ մասին չեմ ուզում խոսել, այլ մեր հայրենիքի սահմանին՝ նշանակում է՝ հայրենիքին, ուրեմն և մեզնից յուրաքանչյուրին սպառնացող վտանգների մասին: Ամեն մի հայ, Ավստրալիայից ու Լոս Անջելեսից մինչև Երևան, շատ լավ հասկանում է, որ այդ վտանգի առաջ հարկավոր է համախմբվել և բռունցքվել: Չբռունցքվենք՝ ազգը չենք փրկի, կկորցնենք մեր պատմական հայրենիքի այս մի փոքրիկ մասը՝ Հայաստանի Հանրապետությունը ևս, կկործանվենք նաև մենք: Չեմ ցանկանում պատմական էքսկուրս կատարել և օրինակներ բերել, թե ինչպես հայրենիքից հեռանալուց հետո անգամ երկու սերունդ չեն կարողացել պահել իրենց հայ տեսակը:

Մենք հասկանում ենք, համախմբվում ենք, և դա կատաղեցնում է մեր թշնամուն: Ալիև Իլհամը ամեն օր ինքն իրեն ու իր ժողովրդին սիրտ է տալիս, թե իրենք ուժեղ են, թե հայերին փոշի կդարձնեն, իսկ նրա ավագ եղբայր Էրդողանը վիրավորվում է, երբ իրեն հայ են անվանում:

-Բա, չե՞ս ասի…

Սա ամեն հայի հենց առաջին արձագանքն է՝ ընտիր հայհոյանքի մի փնջով համեմված: Եվ, երբ նստում ու սառը գլխով մտածում ես, անմիջապես հասկանում ես, որ Էրդողանի արձագանքը շատ տրամաբանական է: Այդպես էլ պիտի լիներ: Ինչո՞ւ: Էլի մի քանի պատճառներով:

Նախ՝ թուրքի ատելությունը հայի նկատմամբ գենետիկ մակարդակի վրա է: Ճիշտ է, այդ ատելությունը նրանք երբեմն փորձում են թաքցնել քաղաքական ֆրազների տակ կամ կոծկել դիվանագիտական անհաջող կապկումներով, սակայն դա անհերքելի է:

-Բա թուրք առաջավոր մտավորականներ էսինչն ու էնինչը, ախր, հայասիրական հայացքներ ունեն,- կփորձեն ընդդիմանալ ինձ:

Ես, որ քաղաքագետ չեմ, այլ գրող, մտածում եմ. եթե լավ փնտրենք, ապա այդ հայասեր մտավորականների մեջ կա՛մ հայի ու հույնի, կա՛մ էլ Թուրքիայում ապրող մի այլ ազգի գեն կգտնենք, կամ կհամոզվենք, որ նրանք էլ սպասարկում են Թուրքական պետության շահերը: Ինչո՞ւ… Ասեմ: Մի՞թե թուրքական նման անհանդուրժողականության պայմաններում նրանք կկարողանային հայասիրական դիրքորոշում ցուցաբերել, Եղեռնի մասին գրքեր տպագրել թուրքերենով: Այդ դեպքում ինչո՞ւ Հրանտ Դինքին չներվեց այն, ինչ ներվում է ուրիշներին: Ինչո՞ւ սպանվեց Դինքը…

Մենք կանգնած ենք թուրքական ծովի դեմ հանդիման և պարտավոր ենք զգույշ լինել: Ես որևէ մեկին վախեցնելու միտում չունեմ, ոչ էլ ինքս եմ վախեցած, բայց տարրական բանականություն ունեցող ամեն ոք պիտի պարզ հասկանա՝ եթե զենք չունենանք, պարբերաբար զինվող մեր թշնամու ճնշմանը չենք դիմանա, ուժեղ չլինենք, չենք դիմակայի մահմեդականության ծովին: Եթե կարողանան, հիմա իսկ կուլ կտան իր սահմաններով ու տարածքով փոքրիկ Հայաստանը և վերջապես կազատվեն գլխացավանքից: Չեն կարողանում: Ուժեղ ենք: Իրենց դեպքում դեռևս չի գործում կամ շատ դանդաղ է գործում քանակը որակի վերածելու փիլիսոփայական օրենքը: Բայց ի՞նչ իմանաս… Պատմության կեռմաններում ինչ ասես կարող է պատահել: Եթե հանգստանանք՝ մեկ էլ տեսար…

Մեր հարուստները լավ պիտի գիտակցեն, որ իրենց հարստությունն առաջին հերթին հայի համար է, և դա կարող է իրենց ծառայել այնքան ժամանակ, քանի դեռ կա Հայաստանը և այնտեղ ապրող հայը: (Էլի Մանթաշովը եկավ միտքս: Նրանից այն մնաց, ինչ տվեց հային: Հիմա Թիֆլիսում կամ Բաքվում հիշո՞ւմ են, որ այս կամ այն շենքը Մանթաշովը կամ Արամյանցն են կառուցել: Հիշողներն աշխատում են մոռանալ և ուրիշներին էլ չհիշեցնել…):

Մենք մեր հարցերը, մեր չհասկացվածությունը, մեր նեղությունները մեր ներսում պիտի լուծենք: Մեր միջի մոլախոտը մեր ձեռքով պիտի քաղհանենք: Խոսքը ծածկադմփոց անելու մասին չէ, այլ խելացի լինելու և հասկանալու, որ ոչ ոք, որքան էլ հարուստ ու հզոր լինի, ի վիճակի չէ առանց ժողովրդի որևէ էական բանի հասնել: Եվ նաև հիշել պետք է, որ ժողովրդի համբերությունը երկար է, բայց անսահման չէ: Դրա համար պիտի հասկանանք, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունն առաջին հերթին հարուստների հոգսը պիտի լինի, ապա՝ մյուսների: Վաղուց ասված խոսք է՝ հարստությունն այն ժամանակ է օրհնված, երբ ծառայում է ժողովրդին: Իսկ մեր ընդհանուր տան՝ այսինքն հայրենիքի մասին մտածել պարտավոր է յուրաքանչյուրը՝ և՛ հարուստը, և՛ գիտունը, և՛ տաղանդավորը…

Հասկանում եմ՝ ինչ-որ տեղ գուցե թե իդեալական թվացող բաներ եմ ասում, բայց մենք հաղթող ու գոյատևող լինելու համար պարտավոր ենք իդեալական կամ իդեալականին շատ մոտ լինել:

Ադրբեջանը զինվում է:

-Լավ է անում,-կհակաճառեն ինձ,- բայց հարցը ոգու մեջ է:

Ճիշտ է, բայց նաև գրքի հակառակ երեսը պիտի կարդանք։ Եթե ինքներս մեզ հանգստացնենք, կարող են նաև նրանց մեջ այդ զենքին տիրապետող և ոգի դրսևորող մարդիկ հայտնվել…

Շատ լավ կլիներ հաշտություն կնքել, հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրել, սակայն, իմ կարծիքով, տեսանելի ապագայում գոնե նման բան հնարավոր չէ: Ես հոռետես չեմ, պարզապես մի քիչ զբաղվել եմ պատմությամբ և համոզված եմ, որ թուրքը բոլոր դեպքերում մնում է թուրք: Դրա համար նույնիսկ խաղաղ ժամանակ հայն իրավունք չունի ետ վարժվելու զենքից:

Ինչ խոսք, աշխարհում շատ լավ երկրներ կան, և մեզնից շատերը գերադասել են հեռանալ ու բնակվել այդ երկրներում: Ես նրանց մասին ո՛չ վատը, ո՛չ էլ լավն ասելու ցանկություն չունեմ: Բայց անձամբ ինձ համար մի բան հաստատ է: Ես ցանկանում եմ ապրել իմ հայրենիքում՝ Հայաստանում, իսկ մահվանից հետո ամփոփվել նրա մի կտոր հողի մեջ: Ուզում եմ, որ իմ թոռնիկը հայերեն խոսի, ուզում եմ… Եվ վստահ եմ՝ յուրաքանչյուր հայ լավ գիտե, որ առանց հայրենիքի չի կարող գոյատևել նաև մեր մեծաքանակ սփյուռքը:

Դրա համար էլ հարկավոր է ամեն գնով պահպանել հայրենիքը, գուրգուրել նրա ամեն մի թիզ հողը, հարկ եղած ժամանակ զենք վերցնել և երբեք հույսը օտարի վրա չդնել: Կօգնեն՝ լավ, չեն օգնի՝ դատավորն Աստված: Եվ այստեղ է, որ ուզում եմ հիշեցնել ժողովրդական խոսքը. «Աղքատ և ինքն իրեն պաշտպանել չկարողացող ազգականը ոչ թե սիրո, այլ խղճահարության է արժանի»:

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


04/09/2014