ԳԻՏԵԼԻՔԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է
Սեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրը ինչպես ամենուր, այնպես էլ Աշոտ Նավասարդյանի անունը կրող թիվ 196 դպրոցում տոնական հնչեղություն ուներ:
Կրթօջախում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթօջախի սաներին և ուսուցիչներին, շնորհավորել ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա: «Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Անկասկած, այսօր մեզանից յուրաքանչյուրը հիշում է այն օրերը, երբ ինքն է սովորել դպրոցում: Թվում է, թե դպրոցն ավարտելուց հետո մենք ընդմիշտ հեռանում ենք այնտեղից: Սակայն ամեն մի ժամանակահատվածում մենք կապ ենք ունեցել դպրոցների հետ: Դպրոցներում ստացած գիտելիքների շարունակականությունն է, որ յուրաքանչյուր մարդու հաջողություններ է բերում իր հետագա ողջ կյանքի ընթացքում: Գիտելիքահենք գործունեության շնորհիվ է նաև, որ կարողանում ենք խելացի պաշտպանություն իրականացնել: Ուզում եմ նաև հավաստիացնել, որ ինչպես այսօրվա օրն է խաղաղ, այնպես էլ մնացած բոլոր օրերը հայկական բանակը պարտավորվում է խաղաղ երկինք, խաղաղ արարում ապահովել հայ ժողովրդի, հայ մանուկների համար»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կարևորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում` Սեյրան Օհանյանը նշել է նաև, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են զինված ուժերի զորամասերին, աշակերտները պարբերաբար հանդիպումներ են ունենում զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ծանոթանում բանակի և ծառայության պայմաններին:
Կրթօջախի բակում կազմակերպված տոնական միջոցառումից հետո Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան մյուս հյուրերը ծաղիկներ են դրել Աշոտ Նավասարդյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև շրջայց են կատարել դպրոցում, եղել Աշոտ Նավասարդյանի անունը կրող թանգարանում, ՆԶՊ դասասենյակներում:
Սեպտեմբերի 1-ը հանրապետության համար 196 դպրոցում նշանավորվեց նաև Արիության դասով, որն անցկացրեց անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` աշակերտներին ներկայացնելով ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև դրվագներ Արցախյան ազատամարտի տարիներից: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու ցանկացած մարտական խնդիր և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:
Խորագիր՝ #34 (1052) 04.09.2014 – 10.09.2014, Ազգային բանակ