Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ՝ ՄԵԿ ԺԱՄՈՎ



Վճարեք եւ կուզեք՝ ձեզ Ռեմբո երեւակայեք, կուզեք՝ 007 գործակալ կամ ընկեր Սուխով, կամ էլ պարզապես կրակեք տանկից:

Մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն անասելի բավականություն է ստանում, երբ մարտական ատրճանակը ձեռքն է վերցնում կամ էլ պապի հին հրացանն է պատից հանում: Այնինչ զենք բռնելու հաճույքը վերջին ժամանակներս կարելի է վայելել ոչ միայն բանակում ծառայելով, այլեւ խիստ կոմերցիոն հիմունքներով: Ընդ որում, վաճառվում է ամեն ինչ՝ գնդացիրներից եւ հրասայլերի հրանոթներից կրակելուց մինչեւ ռազմավարական նշանակության հրթիռների մեկնարկային դիրքերում էքսկուրսիա կատարելը: Իհարկե, հրթիռներ արձակել չի թույլատրվում, սակայն ասում են, թե «խիստ առանձնակի վճարի» դեպքում հնարավոր է ներկա լինել ուսումնական հրաձգությանը: Ի դեպ, Ռուսաստանի հարեւան Ուկրաինայում բանակի զինանոցը նույնքան հարուստ է, եւ քաղաքացիական անձանց կողմից դրա գործածությունն էլ 10-15 տոկոսով ավելի էժան է, քան Ռուսաստանում, եւ թույլատրելիության շրջանակներն էլ շատ ավելի լայն են: Այնպես որ, սուր զգացողությունների սիրահարներն ընտրության հնարավորություն ունեն:

ՌԱԶՄԱԿԱՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Զանազան նշանակության զինատեսակների հետ «հանդիպումից» երկու շաբաթ առաջ անհրաժեշտ է դիմել զբոսաշրջության շուկայում նման ծառայություններ առաջարկող ֆիրմաներից մեկին: Եթե այդ ընթացքում անցկացվող ստուգումներից պարզվի, որ դուք հասարակության հուսալի անդամ եք, ապա նշանակված օրը ձեզ կհասցնեն հրաձգարաններից մեկը, որտեղ ֆիրմայի աշխատակիցները «նորակոչիկին» կհանձնեն կադրային զինվորականների «խնամքին», եւ վերջիններս էլ կառաջարկեն ընտրություն կատարել 40-50 տեսակի ամենատարբեր զենքերից՝ ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության: Ամեն ինչ կախված է ձեր ցանկությունից եւ դրամապանակի պարունակությունից: Կրակոցի արժեքը տատանվում է 50-ից 180 ռուբլու սահմաններում:

Զենքը ձեռքը վերցնելով՝ կարելի է մտովի ճանապարհորդել ոչ միայն տարբեր երկրներով ու աշխարհամասերով, այլեւ տեղաշարժվել ժամանակի մեջ: Պատմության սիրահարներին մատչելի են «նագան» ատրճանակները, Մոսինի հրացանները կամ էլ «մաքսիմ» գնդացիրները: Իսկ առավել սուր զգացողությունների սիրահարներին հրաձգարանի տերերը կարող են առաջարկել ձեռքի նռնականետներ կամ էլ «ժայռ» տեսակի մեծ տրամաչափի գնդացիր, ինչպես նաեւ՝ հրետանային եւ զենիթային ինքնագնաց սարքեր: Չնայած ծանր զենքերից կրակելը ոչ միայն նյութական առավել մեծ ծախսերի հետ է կապված, այլեւ կարող է ֆիզիկական վնասվածքների պատճառ դառնալ: Բարեբախտաբար՝ ոչ մահացու: Ռազմական զբոսաշրջության գծով մասնագիտացած ֆիրմաներից մեկի գլխավոր տնօրենը հիշում է ֆիլիպինցի մի թոշակառուի, որը, ականջ չդնելով հրահանգչի խորհուրդներին, այնքան քնքուշ էր բռնել զենիթային գնդացիրը, որ կրակելուց հետո զրկվել էր առջեւի զույգ ատամներից:

«ՏԱՆԿԻՍՏՆԵՐՆ» ՈՒ «ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ» ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱ

Խորհրդային տանկի մեջ հայտնված օտարերկրացու ապրումները կարելի է համեմատել միայն այն մարդու ուրախության հետ, որն անակնկալ իմացել է, թե ինքը վերջերս վախճանված միլիոնատեր պապիկի միակ ժառանգն է ու չի էլ կասկածել այդ մասին: Ռազմական զբոսաշրջության այս բնագավառում վաղուց եւ հիմնավորապես առաջատար է համարվում Ուկրաինան: Այն ազատությունը, որ զբոսաշրջիկներին են տրամադրում ուկրաինացի զինվորականները, ոչնչի հետ չի կարելի համեմատել: Օրինակ՝ Ռուսաստանում թույլ կտան, որ դուք նստեք զրահատեխնիկան, եւ նույնիսկ կքշեն էլ, բայց չեն թույլ տա, որ դուք քշեք կամ էլ կրակեք տանկի գնդացրից: Այլ կերպ ասած՝ եթե հրաձգարանները գնահատենք հյուրանոցային սանդղակով, ռուսաստանյան «սերվիսը» երեք աստղից ավելի չարժե: Մինչդեռ ուկրաինացի զինվորականները, միեւնույն «հյուրանոցային» լեզվով ասած՝ աշխատում են «ամեն ինչ ներառված է» սկզբունքով, կամ էլ, ծայրահեղ դեպքում, «վճարիր եւ սավառնիր» նշանաբանով: Նշանակետին տանկից կրակելու համար, օրինակ, անհրաժեշտ է վճարել մոտավորապես 500 դոլար: Ինչ վերաբերում է տեխնիկա վարելուն, ապա T-80 ով չորսհարյուրմետրանոց շրջան գործելն արժե 450 դոլար, իսկ BTP-70-ի կամ BTP-80-ի տիպի «թեթեւ» մեքենաների դեպքում վճարն զգալիորեն պակաս է՝ 50 դոլար:

Նույնպիսին է վիճակը նաեւ թռիչքային ռազմական ծրագրերի պարագայում: Միայն Ուկրաինայում է հնարավոր, որ զբոսաշրջիկին թույլ տան ռազմական կործանիչ վարել (ճիշտ է, որպես երկրորդ օդաչու): Հայրենական ՄիԳ-29-ով եւ ՍՈՒ-27-ով թռչելու համար աշխարհի ամենատարբեր անկյուններից այստեղ են ժամանում սուր զգացողությունների բազմաթիվ սիրահարներ, թեեւ, օդաչուների խոսքերով, այս բնագավառում առաջնությունը պատկանում է կանադացիներին եւ, որքան էլ զարմանալի թվա, Ավստրալական մայր ցամաքի ներկայացուցիչներին: Ի դեպ, ուսումնառազմական ինքնաթիռներով թռչելու համար հարկ է վճարել 8-ից մինչեւ 11 հազար դոլար:

Սակայն մեկժամանոց «օդաչուները» միայն հանգստի համար չէ, որ ժամանում են հրաձգարան. հաճախ համակարգչային ընկերությունները, մինչ հերթական նոր համակարգչային խաղն ստեղծելը, այստեղ են գործուղում իրենց ներկայացուցիչներին՝ տեխնիկան իրականում փորձարկելու համար:

ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՀՐԹԻՌԻ ՀՈՐՈՒՄ

Ռազմական զբոսաշրջությամբ հիմնականում հետաքրքրվում են արկածախնդրության եւ ծայրահեղ զգացողությունների հակումներ ունեցող մարդիկ: Սակայն դրա մի ոլորտը կհետաքրքրի նաեւ այն մարդկանց, ովքեր նախընտրում են էքսկուրսիոն-ճանաչողական հանգիստը: Նախկին եղբայրական հանրապետությունում այցելուների համար բաց են երբեմնի խիստ գաղտնի մի քանի օբյեկտներ: «Սառը պատերազմի» ժամանակների «հուշարձանները» կարելի է դիտել միանգամայն մատչելի գներով. միջին հաշվով՝ այցելություններն արժեն 10-20 դոլար:

Այսպես, Նիկոլաեւսկի մարզի Պերվոմայսկ քաղաքից ոչ հեռու զբոսաշրջիկների այցելության համար բաց է բալիստիկ հրթիռի հորը: Մեկնարկային սարքավորումից, արձակման հրամանատարական կետից եւ զանազան օժանդակ համակարգերից բաղկացած համալիրն աշխատանքային վիճակում է եղել մինչեւ 2001 թվականը, ունեցել է CC-24 («Սկալպել») տիպի հրթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կրում էր մինչեւ տասը մարտական միջուկային մաս եւ կարող էր միաժամանակ խոցել 10 նպատակակետ: Ընդ որում, ոչնչացման ենթակա նպատակակետից թույլատրելի խոտորումը հազիվ 50 մետր էր:

Սեւաստոպոլի շրջաններից մեկի՝ Բալակլավայի արվարձանում նմանատիպ եւս մեկ «թանգարանային համալիր» կա՝ ատոմային սուզանավերի նորոգման՝ մինչեւ վերջերս գործող աշխարհում միակ ստորգետնյա գործարանը: Այժմ այն դատարկ է, սակայն համալիրի չափսերը շատ տպավորիչ են. ընդհանուր մակերեսը 6000 քառակուսի մետր է, եւ դրա ուղիղ կեսը ջրային մակերեւույթ է: Իսկ եթե հաշվի առնենք, որ դրսից միայն շատ փոքր շինություններ են երեւում, ապա կարելի է պատկերացնել, թե այդ «հրաշալիքն» ինչ տպավորություն է գործում «զբոսաշրջիկների» վրա: Նույնպիսի զգացողություններ է առաջացնում նաեւ դարձյալ Սեւաստոպոլի արվարձանում գտնվող, այսպես կոչված, 30-րդ աշտարակային մարտկոցը. զենքերի բլոկը, հրամանատարական կետը եւ կենտրոնական պահակետը, որ գտնվում են ժայռերի վրա (ընդհանուր մակերեսը՝ 3000 քառակուսի մետր), կառուցվել են ավելի քան 20 տարվա ընթացքում (1913-ից մինչեւ 1937 թթ.), զինապահեստը եւ հրամանատարական կետն իրար են միանում 600 մետրանոց միջանցքով: Ինչ վերաբերում է հրաձգային հզորությանը, ապա այն կասկածից վեր է. երկու հսկայական աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրված է 305 մմ տրամաչափի երեքական հրանոթ: Նույնիսկ «ոչ աշխատանքային» վիճակում դրանց տեսքը չափազանց տպավորիչ է. մարտկոցի արկերից ամեն մեկը կշռում է 451 կգ:

Ի դեպ. Ռազմական զբոսաշրջությունն այնքան էլ հեշտ բիզնես չէ, եւ այս ոլորտին ձեռնամուխ եղող ոչ բոլոր բիզնեսմեններին է հաջողվում շրջանցել բոլոր ստորջրյա խութերը եւ գտնել օրինական շահույթի եւ ընդհատակյա զվարճանքների միջեւ անցնող երերուն սահմանագիծը: Այսպես, մեկուկես տարի առաջ Օդեսայի զինվորական դատախազության տեսադաշտում հայտնվեց առեւտրով զբաղվող մի ֆիրմա, որը միաժամանակ շահույթ էր ստանում նաեւ «ռազմական զվարճանքների» ոլորտում: Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ընկերության ներկայացուցիչները, Հարավային օպերատիվ հրամանատարության սպաների սերտ համագործակցությամբ, ապօրինի գործունեություն են ծավալել: Մատուցվող ծառայությունների դիմաց ֆիրման զինվորականներին վճարել է՝ նրանց տրամադրելով շինանյութեր եւ կենցաղային տեխնիկա:

«Վերսիա»

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Հոգևոր-մշակութային


11/09/2014