Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԱՆԶՈՐ Է ԱՆԳԱՄ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ



Ամբողջ աշխարհն արդեն տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի մասին, և անգամ մինչ երեկ լռություն պահպանողները ևս չեն խուսափում խոսել ճշմարտությունից: Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները խիստ զեկույցներ են հրապարակում Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, միջազգային հարթակներից դժվար հարցեր են տրվում Ադրբեջանի կառավարությանը, և հայտարարվում է, որ զիջումների ժամանակաշրջանն արդեն ավարտվել է:

Ադրբեջանի կառավարության՝ տարբեր երկրներում կյանքի կոչվող բարեգործական նախագծերը, «խավիարային դիվանագիտությունը», արևմտյան լոբբիստները, սփյուռքի գործունեությունն արտասահմանում այլևս չեն կարողանում թաքցնել Ադրբեջանում տիրող իրական վիճակը:

Ստեղծված փակուղուց դուրս գալու համար Ադրբեջանի իշխանությունը ուժեղացրել է ներքին բռնաճնշումները, ինչը, սակայն, ավելի մեծ փակուղու առաջ է կանգնեցնում՝ Իլհամ Ալիևի ռեժիմի վարձու կողմնակիցներին թողնելով առանց փաստարկների, զրկելով նրանց վերջինիս օգտին գործելու «զենքերից»:

Այս մասին է գրում «Ազադլըգ»-ը` նշելով, որ դեռ երեկ քաղաքական կուսակցությունների ակտիվիստներին «թմրանյութերի», «խուլիգանության» մեղադրանքով ձերբակալողները աշխարհով մեկ հայտարարում էին, թե այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, բայց իրավիճակը հասավ մի այնպիսի անհույս սահմանի, երբ Եվրոպական դատարանում տասնյակ գործեր շահած Ինտիգամ Ալիևը, Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը պատրաստած Լեյլա Յունուսը, երկրում ընտրությունների մոնիտորինգ անցկացրած և միջազգային հարթակներում հայտնի Անար Մամեդլին եւ ուրիշներ ձերբակալվեցին կեղծ մեղադրանքով:

«Այս մարդկանց ձերբակալությունն իշխանությունը չկարողացավ թաքցնել, ինչպես դա անում էր շարքային ընդդիմադիրների դեպքում: Այդ ձերբակալություններից հետո Ֆրանսիան, Լեհաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտեցին Ադրբեջանի իշխանությանը: Վերջին օրերին նույնիսկ խոսվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչին ի պատասխան, իշխանությունն ավելի խայտառակ քայլ կատարեց և արգելեց երկրից դուրս գալ Ադրբեջանի քաղաքացի Սաիդ Նուրիին: Նման քայլով Ադրբեջանի իշխանությունը շարժվում է դեպի միջազգային մեկուսացում: Միտումը ցույց է տալիս, որ առաջիկայում Ադրբեջանի իշխանությանն ավելի ծանր, ավելի վճռական հայտարարություններ են սպասում», -նշում է թերթը:

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Հոգևոր-մշակութային, Տարածաշրջան


11/09/2014