«ՄՏԱԾԻ՛Ր ԹԱԹԵՐԵՆ, ԽՈՍԻ՛Ր ԹԱԹԵՐԵՆ, ԳՐԻ՛Ր ԹԱԹԵՐԵՆ»
Հարգելի խմբագրություն, Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին վերջին շրջանում շատ է գրվում. միայն ձեր թերթում մի քանի ընդարձակ հոդված եմ կարդացել թալիշների, թաթերի և մյուս ավելի սակավաթիվ ազգությունների մասին: Կուզեի իմանալ, թե թաթերը մայրենի լեզու ունե՞ն, թե ոչ… Որովհետև հայրիկս խորհրդային բանակում մի թաթ ընկեր է ունեցել, մի շատ լավ զինվոր, որ միայն ադրբեջաներեն է խոսել ու իմացել…
ՎԻԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
շարքային, տանկիստ
Զինվորի նամակին խնդրեցինք պատասխանել արևելագետ, դոցենտ Վարդան Ոսկանյանին:
Թաթերենը կամ կովկասյան պարսկերենը պատմական Շիրվանում իսլամական միջնադարում և ընդհուպ մինչև 20-րդ դարասկիզբը եղել է տարածքի հիմնական լեզուն, ինչը փաստում է նաև, այսպես կոչված, ադրբեջանական պատմագրության հայր Աբբաս-Ղուլի Աղա Բաքիխանովը: Հետագա տարիներին թյուրքականության ներդրման և բնիկ ժողովուրդների ձուլման քաղաքականության ակտիվ կիրարկման արդյունքում այն զգալիորեն դուրս է մղվել իր տարածման շրջաններից և ստացել լուսանցքային լեզվի կարգավիճակ:
Վերջին շրջանում Ադրբեջանական Հանրապետությունում ազգությամբ թաթ ակտիվիստների և մտավորականների ուժերով ձևավորվել է «Թաթերենի վերածննդի շարժումը», որի հիմնական կարգախոսն է՝ «Մտածի՛ր թաթերեն, խոսի՛ր թաթերեն, գրի՛ր թաթերեն»:
Ի դեպ, թաթերենը Հայաստանի ակադեմիական շրջանակներում ուսումնասիրվող իրանական լեզուներից մեկն է:
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան