Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԵԼԻՔԸ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ…



Պաշտպանությունը պետք է լինի համազգային եւ այդ գործում մեծ է գիտության դերը:

Ս.ՕՀԱՆՅԱՆ

Աշնան առաջին օրն է ՝ սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի ու դպրության օրը: Օրն իր մեջ խորհուրդ ունի… Եվ քայլերը քեզ տանում են մեր հավատի ու սիրո ուխտատեղին, մեր սրի ու սիրո եռացող կաթսան՝ դարավերջի մեր հերոսների ննջարան-Եռաբլուրը…

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամներն են՝ իրենց սիրելի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանի հետ: Հավաքվում են «Սրբոց Վարդանանց Նահատակաց» եկեղեցու մոտ: Նոր են վերադարձել Արցախից և կրկին վերհիշում են անմոռաց ութ օրերը: Եղան Գանձասարում, լսեցին տեր Գրիգորի պատմություն-վկայությունները պատերազմական այն օրերից, եղան Նիկոլ Դումանի ծննդավայրում, որտեղ էլ հերոսի տուն-թանգարանում տեղի ունեցավ Համլետ Գևորգյանի «Նիկոլ Դուման» գրքի շնորհանդեսը: Այնուհետև գնացին Ասկերան: Այնտեղից սահման ճանապարհեցին ազատամարտիկներին, որոնք մեծ ոգևորությամբ բարձրացան դիրքեր՝ կանգնելու հայ զինվորի կողքին…

Ինչպես միշտ՝ «Վարդանանց» հետ է հարգարժան գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը լռությամբ անցնում է Եռաբլուրի իր մարտական ընկերների շիրիմների մոտով:

Այսպես, շիրիմից շիրիմ հուշերի գիրկն ընկած՝ հավերժ պատմության դասաժամերն են թերթում համալսարանի ուսանողները աշնան առաջին օրը՝ գիտելիքի, դպրության օրը՝ սեպտեմբերի մեկը: Եռաբլուրում են Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) և Վարդան Հովհաննիսյանի Զարուհի և Սալբի մայրերը, Էդվարդ Ավագյանի Լյուդա մայրը, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզաննան, եղբոր թոռան հետ, Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը, Տիգրան Սարգսյանի մայրը՝ տիկին Մարիամը, ազատամարտիկներ Իգոր Սարգսյանը, որ այն օրերին տղաների հետ մեկնեց ռազմի դաշտ ՝ թողնելով ուսանողական անհոգ կյանքն ու նստարանը, Անդրանիկ Կետիկյանը: Եռաբլուրում «Վան» ազգագրական համույթի կողմից (գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյան) հնչում են հայրենիքի, սիրո մասին խրոխտ ու քնարական երգեր: Նախօրեին (օգոստոսի 31-ին) Զորավար Անդրանիկ Օզանյանի մահվան տարելիցն էր, եւ Վարդանանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ զորավարի շիրմին:

Ապա ակումբի ուսանողները նորից նոր վերհիշում են Զորավարի պատգամներից մեկը. «Ի՛մ քույրեր, ձեզ վրա եմ հույսս դնում: Հա՛յ մայրեր, իմ հույսը ձեզ վրա է: Դուք պետք է ձեր զավակներին կրթեք, դաստիարակեք և նրանց ներշնչեք հերոսական ոգի, սեր դեպի իրենց հայրենիքը, հայ եղբայրները»:

Տիկին Քեյթի Գունդակչյանը կարդում է Արցախյան ազատամարտի մայրերին նվիրված իր ստեղծագործությունը: Ուսանողները հերոսական պատմություններ են կարդում Գ. Շահնազարյանի «Հայոց մայրեր» իրապատում գրքից:

Ապա խոսեց հարգարժան գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը.

-Խոնարհվում ենք Հայաստան և Արցախ աշխարհի բոլոր Եռաբլուրներում ննջող մեր տղաների՝ հայոց դյուցազունների սուրբ հիշատակի առաջ և հավաստիացնում, որ ունենք պարտք՝ խոնարհում և պարտք։

Վերջին շրջանում ադրբեջանցիներն իրենց հայտարարությամբ անցել են բոլոր սահմանները, նրանց գործողությունները սահմաններում արժանի հակահարված ստացան մեր զինվորների կողմից։ Հիմա խոսեմ մեր պարտքի մասին՝ մենք ադրբեջանցիներին պետք է դարձնենք թեթև աթլետներ։ Մինչ հաղթական հրադադարը մենք նրանց սովորեցրինք լողալ… Հիմա նրանք պետք է բարելավեն վազքի ցուցանիշները, որ… փախչելուց հետ չընկնեն, որովհետև այս անգամ հայ զինվորը էլ կանգ չի՛ առնելու։

Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ ներկաներ, այսօր այստեղ՝ Եռաբլուրում, կանգնած են չորս սերնդի ներկայացուցիչներ, որոնք ծնվել ապրել են դարավերջի մեր հաղթական հերոսամարտի ժամանակաշրջանում։ Մեր հերոսական պատերազմի ամեն մի դրվագ, մեր տղաների ամեն մի հերոսական արարք պետք է փոխանցվի սերնդից սերունդ, որպեսզի ոչինչ չմոռացվի, և այսպես շարունակվի մեր հաղթական երթը։ Գիտությունն ու գիրն են այդ ամենը հիշատակողները…

Կարդում-ասմունքում են ուսանողները՝ Հովհաննես Վարդերեսյանը, Անուշ Ամիրբեկյանը, Հռիփսիմե Գալստյանը, Մարիամ Պետրոսյանը, պատմում են Եռաբլուրում ննջող համալսարանականների մայրերը, քույրերը, հարազատները։ Եվ այդ ամենն ունկնդրում են նաև Եռաբլուրում ննջող մեր հերոսները…

-Գիտության, դպրության օրը որքան հարազատ է մեր համալսարանականների հոգուն, մեր համալսարանի ուսանողներին, որոնք կիսատ թողնելով ուսումը՝ ռազմի դաշտ մեկնեցին պաշտպանելու հայրենիքը։ Նրանք մեզ պատգամեցին պահել հողը, հայրենիքը… այստեղ՝ պանթեոնում ապրող նրանց հիշողությունները։ Մենք պարտավոր ենք կատարել նրանց պատգամը, որովհետև պատերազմ մեկնած համալսարանականներից միայն երեքն էին ամուսնացած՝ Տիգրանը, Թաթուլն ու Ապետը…

Մենք պարտավոր ենք պահել նրանց անունները, նրանց հիշողությունները, նրանց հետ կապված ամեն մի նշխար-մասունք, որովհետև այսօր բոլորս ենք գիտակցում-հասկանում, թե նրանք՝ համալսարանականները, ինչպես էին ընկալում-գիտակցում Եղիշեի խոսքերը. «Մահ իմացյալ մահ է, մահ չիմացյալ անմահություն»,- ասաց ԵՊՀ «Վարդանանք» հայրենասիրական ակումբի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանը։

ԳՆԵԼ ՇԱՂԱՓՅԱՆ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Բանակ և հասարակություն


11/09/2014