ԶԻՆՎՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ… ԱՐՎԵՍՏԸ
Զինվորի լեզուն, նրա հոգեբանությունը չհասկացող սպան երբեք հրամանատար չի՛ դառնա: Այս խոսքերը լսել եմ Արցախյան պատերազմի բովով անցած հայտնի զորավարներից մեկի շուրթերից: Դրանք մեխվել են հիշողությանս մեջ և դուրս չեն գալիս: Ահա մոտ երկու տասնամյակ ամեն անգամ այս կամ այն հրամանատարի հետ զրուցելիս առաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինձ համար թևավոր դարձած այս խոսքերն են` «Զինվորի լեզուն հասկանո՞ւմ եք»: Սպայի համար այս չափազանց կարևոր հատկանիշն է, որ լավ հրամանատարին տարբերում է վատից, որ նրան բարձրացնում ու հարգելի է դարձնում անձնակազմի աչքում…
Զինվորի հոգեբանությունը հասկանալու համար լավ մարդ լինելն ու բարի սիրտ ունենալը քիչ է. սպան պետք է զինվորի հետ աշխատելու փորձ ունենա, ծառայության դժվարություններ հաղթահարած, մի խոսքով, ծառայության տաքն ու պաղը ճաշակած լինի: Զինվորի լեզուն հասկանալ նշանակում է ոչ միայն նրա հոգևոր աշխարհը թափանցել կարողանալ, այլև զինվորի համար ծառայելու հոգեբանորեն հարմարավետ պայմաններ ստեղծել, զինվորական ընտանիքում սոցիալական արդարության հասնել:
Փոխգնդապետ Սամվել Պողոսյանը առաջնագծում տարվող մարտական հերթապահության պատասխանատուներից նախ ճշտում է իրադրությունը, ապա տեղեկանում է այս կամ այն առաջադրանքի կատարման ընթացքից, հընթացս հանձնարարականներ է տալիս, հետաքրքրվում զինվորների առողջական վիճակով:
-Ծառայության մեջ աչքի ընկածներին ներկայացրեք խրախուսման,- հնչում է նրա ընդգծված շեշտադրումով հրամանատարական ձայնը:
Եվ այդ ձայնը հնչում է որպես անբեկանելի օրենք:
Ակնհայտ է, որ հրամանատարը գոհ է իր ենթակաների զեկույցներից` քիչ առաջվա լարվածությունը անհետացել է նրա դեմքից, ձայնը դարձել է ավելի մեղմ:
-Մեր զորամասի առաջնային խնդիրը պետական սահմանի բավականին բարդ ու դժվարին մի հատվածի պահպանությունն է: Մեր առաջապահ ստորաբաժանումները, առանց չափազանցության, հրաշալի են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը: Երբ համոզվում ես, որ իրավիճակը կայուն է, իրադրության տերը մեր դիրքապահներն են, վատառողջ զինվոր չկա, մի տեսակ հանդարտվում, խաղաղվում է հոգիդ: Բայց այս ամենը դժվար կլինի իրականացնել, եթե մեր դիրքապահ զինվորների ոգին բարձր չլինի, տրամադրությունը տեղը չլինի, և նրանք հստակ չիմանան իրենց առաջադրանքն ու չզգան, որ հրամանատարությունը գնահատում է իրենց ծառայությունը, նկատում նրանց նվիրվածությունն ու գործադրած ջանքերը…
– Մշտապես պետք է առաջին պլանում լինի զինվորի հոգեբանական վիճակը. հակառակորդի հետ անմիջական շփման գծում ծառայություն կատարող զինվորը պետք է հոգեբանորեն կայուն ու կոփված լինի և ոչ մի վայրկյան չկասկածի ու չմոռանա հակառակորդի համեմատությամբ իր հոգեբանական ու ֆիզիկական գերազանցության մասին:
-Զինվորի հատկապես ո՞ր հատկանիշն է ձեզ համար գերադասելի,- հարցնում եմ հրամանատարին:
Փորձառու հրամանատարը երկար չի մտորում:
-Լավ զինվորը, իսկական զինվորը երկաթե մկաններով ու մարդկային սրտով զինվորն է… Իմ զինվորները սահմանին կանգնած ռեմբոներ են…
-Իրե՞նք էլ են այդպես մտածում…
-Նրանք այդ մասին գիտեն… Թշնամին էլ գիտի… Ցանկացած սահմանապահ զորամասի գնահատականը նախ և առաջ տալիս է հակառակորդը. իսկ նա լավ գիտի՞, թե մենք ինչպես ենք պատժում, երբ փորձում են իրենց ոտքը մեր կողմը մեկնել…
FFF
Այս զորամասին է վստահված պետական սահմանի մի մեծ հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը, ինչը զորամասի առաջապահ ստորաբաժանումները կատարում են գերազանց:
Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ մարտական խնդրի կատարման, անձնակազմի անվտանգության ապահովման, ինժեներական կահավորվածության, ճանապարհների նորոգման առումով առաջնագծում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, և այս պահի դրությամբ էլ աշխատանքները շարունակվում են:
-Առանց բարձր զինվորական կարգապահության դժվար կլինի ցանկացած մարտական խնդիր, առաջադրանք կատարել,- բացատրում է հրամանատարը:- Կարգապահության տեսանկյունից նախորդ տարվա համեմատ զգալի առաջընթաց ենք արձանագրել, և այդ առումով մեր զորամասը ԶՈՒ լավագույնների շարքում է: Զինվորական կարգապահության բարձր վիճակը առաջին հերթին պայմանավորված է սոցիալական արդարությամբ, ինչը մեր զորամասում ամուր հիմքերի վրա է: Երկկողմանի ծնողազուրկ երեք զինվոր ունենք, երեքն էլ ծառայում են փոքր ստորաբաժանումներում, չկա մի զինվոր, որ արձակուրդում եղած չլինի: Ես զինվորներին ասել եմ` եթե ունեք որևէ անձնական խնդիր, մի՛ քաշվեք, դիմեք ձեր անմիջական հրամանատարներին, ինձ, և մենք դրանց լուծում կտանք, կօգնենք: Ես զինվորներին ասում եմ` չկան անլուծելի խնդիրներ, իրավիճակներ, միայն թե դուք մեզ ժամանակին տեղյակ պահեք… Ես ամեն ինչ անում եմ, որ զինվորը սպային վստահի… Օրերս մի զինվոր մոտեցավ ինձ և ասաց, որ քույրը նշանվում է ու մեկնելու է արտերկիր: Խնդրեց թույլատրել մասնակցելու նշանադրության արարողությանը, և ես նրան հնգօրյա արձակուրդ տվեցի: Մի զինվոր էլ երեկ դիմեց և մի քանի օրով տուն գնալու թույլտվություն խնդրեց` մայրիկին էին վիրահատելու: Երբ ճշտեցի, որ իսկապես զինվորի մորը վիրահատելու են, մի քանի օրով արձակուրդ տվեցի: Եթե զինվորը դիմում է հրամանատարին, ուրեմն՝ հույս ունի, որ նա իրեն կհասկանա, կօգնի… Եվ նրա խնդրանքը ոչ մի դեպքում չպետք է անտեսվի, եթե այդ պահին բավարարելու հնարավորություն հրամանատարն ունի… Զորամասն ինքնակամ լքելու դեպք չունենք, ինչը նույնպես հաստատում է իմ այն ասածը, որ զինվորին պետք է հասկանաս և հնարավորության դեպքում ընդառաջես…
Զորամասից հեռացա հոգեպես բավարարված: Հոգեպես բավարարված, որովհետև այնտեղ հանդիպեցի զինվորի լեզուն, նրա հոգևոր կերտվածքը հասկացող ևս մեկ հրամանատարի: Իսկ նման հրամանատարները, հավատացնում եմ, մեր բանակում քիչ չեն, և «Հայ զինվոր»-ը պարբերաբար գրելու է նրանց մասին, որպեսզի մեր ընթերցողները ճանաչեն նրանց:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ազգային բանակ