ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ մասնակցեց Ղրղըզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014 – Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հավաքին իրենց մասնակցությունը բերեցին նաեւ Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղըզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը:
Անցկացվեցին մրցույթներ հետևյալ մարզաձևերից. «Արգելագոտու հաղթահարում և 1-ին բուժօգնություն», «Դիպուկահարների մենամարտ», «Սուսերամարտ սվիններով», «Կրոսավազք 3 կմ` զենքով», «Փոխանցավազք ջրի վրա», «Ուժային թեստավորում», «Դանակի նետում», «Լեռնային-դաշտային երթարշավ 20 կմ», «Շարային պատրաստություն», «Պատը` պատին», «Ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնություն», ինչպես նաև «Պատմական վիկտորինա», «Դիվանագիտական խաղ` Պետություն»:
Միջազգային հավաքի շրջանակներում անցկացվեցին նաև մշակութային օրեր, որոնց ընթացքում յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրեց իր երկրի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, ազգային խոհանոցը, տարազը, զինված ուժերը, ուսումնական հաստատությունը, կազմակերպեց կլոր սեղան Երկրորդ աշխարհամարտի, Աֆղանստանի և Չեչնիայի պատերազմի վետերանների մասնակցությամբ:
Վարժարանի թիմը աչքի ընկավ բարձր ֆիզիկական և բարոյակամային հատկանիշներով: Մեր սաներն ընդգրկվեցին տարբեր պետությունների ներկայացուցիչներով համալրված հավաքական դասակներում և իրենց թիմերի կազմում նվաճեցին 11 ոսկե, 12 արծաթե և 12 բրոնզե մեդալ:
Հավաքների ավարտին Մոսկվայում վարժարանի թիմը եղավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, հանդիպեց թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Վարժարանի սաներն այցելեցին նաև ՌԴ զինված ուժերի, «Բորոդինոյի ճակատամարտի համայնապատկեր» թանգարաններ և այլ տեսարժան վայրեր:
Հաջորդ տարի «Սոյուզ 2015 – Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին, նախատեսված է անցկացնել Ծաղկաձորում:
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ազգային բանակ