ՎԵՐՄԱԽՏԻ «ԳԵՐԹՆԴԱՆՈԹԸ»
Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ սպառազինությունների մրցավազքի ժամանակաշրջան, երբ հակամարտող կողմերը հսկայական ջանքեր էին ծախսում ինչպես իրենց բանակների զանգվածային սպառազինման, այնպես էլ հակառակորդին զգալի վնաս հասցնելու ունակ զենքերի հատուկ նմուշների ստեղծման վրա:
Ճիշտ է, պատահում էր նաև, որ առանձնահատուկ զենքը ռազմական տեսանկյունից անօգուտ էր ստացվում: Գերմանական մի այդպիսի «Գերթնդանոթ» անհաջող կերպով գնդակոծում էր Սևաստոպոլը 1942թ. հայտնի 250-օրյա պաշարման ժամանակ:
«Դորա»` այսպես են անվանել գերմանացիները Երրորդ ռեյխի ամենամեծ թնդանոթը: Ղրիմի ռազմական պատմաբան Սերգեյ Չիննիկը պատմել է, թե ինչ էր այն իրենից ներկայացնում, ինչ էին նրանից ակնկալում գերմանացի ինժեներներն ու զինվորականները, և ինչպիսին էր իրականում նրա արդյունավետությունը:
-«Krupp» ընկերության գլխավոր կոնստրուկտոր, պրոֆեսոր, դոկտոր-ինժեներ Էրիխ Մյուլլերը, «Թնդանոթ Մյուլլեր» մականունով, հատուկ այդ սարքի ստեղծմանը ձեռնամուխ եղավ 1936թ.-ին: Տեխմատակարարման բաժնի կողմից դրան շնորհվեց «Դորա» անվանումը: Ի դեպ, նման տիպի երկրորդ սարքը` «Ծանր Գուստավ-2»-ը, նույնպես պատրաստվել և փորձարկվել էր փորձադաշտում, սակայն մարտական գործողություններին չէր մասնակցել, – պատմում է Սերգեյ Չիննիկը
1941-42թթ. Սևաստոպոլի հերոսական պաշտպանությունը շարունակվում էր 250 օր և ավարտվեց խորհրդային Ղրիմյան ճակատի ծանր պարտությամբ 1942թ. սկզբին: Սակայն, երբ 1941թ. նոյեմբեր-դեկտեմբերին Պրիմորյան բանակը և Սևծովյան նավատորմը հետ մղեցին Վերմախտի 11-րդ բանակի` քաղաքը գրավելու փորձերը, բանակի հրամանատար գեներալ Մանշտեյնը (հետագայում` ֆելդմարշալ) որոշեց կիրառել գերմանական հրետանու եղած բոլոր միջոցները:
Դրա համար գերմանացիները լրիվ գաղտնիության պայմաններում Սևաստոպոլի մոտ կիրառեցին մի զենք, որն ապշեցնում է իր անհավանական չափերով և բնութագրերով: 1942թ. ամռան սկզբին Բախչիսարայի մոտ բերեցին 800 մմ տրամաչափի ծանր երկաթուղային հրետանային, որը մինչ այդ չէր կիրառվել մարտական գործողություններում:
Գերթնդանոթի չափերի մասին պատկերացում կազմել կարելի է նրանով, թե ինչպես էին այն բերում Ղրիմ և ինչպես էին այն սպասարկում:
Առաջին գնացքի 43 վագոններով ժամանեցին սպասարկող անձնակազմը, խոհանոցը և քողարկող միջոցները: Երկրորդ գնացքի 16 վագոններում բերեցին մոնտաժային ամբարձիչը և օժանդակ սարքավորումները: Երրորդի 17 վագոններով բերվեցին թնդանոթի մասերը և արհեստանոցը: 20-վագոնանի չորրորդ գնացքը բերեց 400-տոննանոց 32մ երկարության փողը և լիցքավորման մեխանիզմները: Իսկ հինգերորդ գնացքի 10 վագոններում, որտեղ պահպանվում էր արհեստական կլիմա 15 աստիճան ջերմաստիճանով, տեղադրված էին արկերը և վառոդային լիցքերը: Սարքը հավաքվեց 54 ժամում և արդեն հունիսի սկզբին պատրաստ էր շահագործման: «Դորան» սպասարկում և պահպանում էին 4370 սպաներ և զինվորներ:
Գերմանացի հրետանավորները ջանասիրաբար թաքցնում էին «գերթնդանոթը» կողմնակի աչքերից: Ողջ շրջանը հայտարարվում է արգելված գոտի, օդից այն պահպանում էր գերմանական օդուժը, իսկ մոտակա բարձրություններում էլ տեղակայված էին մի քանի զենիթահրետանային մարտկոցներ:
«Դորայի» կրակոցը փոքր երկրաշարժի ազդեցություն էր ունենում: 6 միլիվայրկյանում ավելի քան 900 կգ վառոդի այրման և 7 տոննանոց արկի նետման որոտն ուղղակի սարսափազդու էր: Ասում են, որ 3 կմ հեռավորության վրա գտնվող վագոնում ողջ սպասքը թռչկոտում էր, իսկ սպասարկող անձնակազմն էլ թաքնվում էր թաքստոցում:
Պատմաբան Չիննիկը, հղում կատարելով հիշողությունների և փաստաթղթերի վրա, նշում է, որ հսկա թնդանոթը, չնայած իր աներևակայելի չափերին, չկարողացավ զգալի վնաս հասցնել Սևաստոպոլի պաշտպաններին:
-1942թ. հունիսի 5-17-ը կատարվել է 48 կրակոց պաշարված Սևաստոպոլի ամրակառույցների վրա, որից միայն հինգն է (10,4%) խոցել նշանակետը, – նշում է ռազմական փորձագետը:
Արդյունքում՝ կարելի է ասել, որ «Դորայի» արդյունավետությունը շատ ցածր էր, եթե հաշվի առնենք այն սպասարկելու, քողարկելու, պաշտպանելու վրա արված ծախսերը: Ինքը` Մայնշտեյնն էլ իր հիշողություններում գրել է. «Ամբողջությամբ վերցրած, անկասկած, այդ ծախսերը չէին համապատասխանում հասած արդյունքին»: Սարքի գնահատման մեջ ավելի առաջ է անցել Վերմախտի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Գալդերը. «Իսկական արվեստի գործ, սակայն՝ անօգուտ»:
Թարգմանեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Ռազմական