Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱՀԱՅՏ ԽԱՉՔԱՐԵՐ



Օգոստոսի 23-24-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի և Արտակ Գնունու հետ Աղավնո և Հոչանց գետերի ավազանում էինք: Բերդիկ, Հակ, Լեռնահովիտ, Սպիտակաջուր, Շրվական և Արվական գյուղերում: Այս անգամ էլ մեզ հաջողվեց հայտնաբերել հնագիտական մի շարք հուշարձաններ՝ ամրոցատեղիներ, բնակատեղիներ, հեթանոսական շրջանի դամբարանադաշտեր ու պաշտամունքային շինություններ: Սպիտակաջուր գյուղում կան բազում խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ, որոնց մասին արդեն մի քանի անգամ գրել եմ: Եվ ահա այդ օրերին հայտնաբերվեցին ևս մի քանիսը: Սակայն առավել հետաքրքիրը գյուղի հյուսիսային կողմում գտնվող ամրոցատեղիի հարևանությամբ Հոչանցի ձորի ժայռերի վրա քանդակված խաչերն էին, որոնց տեղը ցույց տվեց Սպիտակաջուր գյուղի պատանի բնակիչ Գեորգի Խոջոյանը: Ձորի ուղղաձիգ ժայռերին մեր նախնիները խաչեր են քանդակել, և ամենակարևորը՝ կա թվագրություն՝ ՊԸ=808+551=1359թ.: Լեռնահովիտի դպրոցի ուսուցիչ Խոսրով Խաչատրյանի ուղեկցությամբ Սպիտակաջուր գյուղում լուսանկարեցի մի քանի տապանաքարեր, որոնցից երկուսը գտնվում են Գուրգեն Սահակյանի տան բակում: Մեկն օրորոցաձև է, ունի արձանագրություն: Դիմացի կողմում երկու խաղացող երեխաների պատկերներ են քանդակված: Մյուս կողմը պատի մեջ է: Կա արձանագրություն թվագրված ՌՃԸ-1108+551= 16592. Բացի այդ, գյուղի հարավարևելյան կողմում՝ քանդված տների մոտ, կա մի տապանաքար, ձիավորը նետը ձեռքին քանդակով: Քիչ այն կողմ մի ավերակի մեջ 2 տապանաքարեր կես են արված. Երկրորդ կտորները չգտնվեցին: Մեկի վրա այծեր ու ոչխարներ են քանդակված, եզրերը նախշազարդ են:

Անցնում ենք գետը և պատմական անտառամիջյան ճանապարհով բարձրանում վեր: 2,6 մ բարձրությամբ ժայռին 2 գեղեցիկ խաչեր են քանդակված: Թվագրություն չկա, բայց ոճը 12-13-րդ դարերի է: Զգացվում է, որ այս ժայռախաչը դարձել է սրբատեղի տարածքի Շրվականի բնակչության համար: Մոտը շինության հետքեր կան, հավանաբար մատուռի հիմքեր են: Այստեղ միջնադարում բնակավայր է եղել, որը հավանաբար հետագայում տեղափոխվել է գետի աջ ափ կամ հիմնովին ավերվել է 17-րդ դարի վերջերին: Շրվական գյուղում մինչև վերջերս հայոց հուշարձաններ չէին հանդիպել, սակայն գյուղի նախկին դպրոցի ավերակի մոտ բնակիչները մեծ քարեր էին տեսել: Մեկի վրա խաչ է քանդակված: Բարեբախտաբար, այս խաչքարն ու մի քանի գերեզմանաքարեր պահպանվել են: Իսկ մի մեծ տապանաքար՝ մարդու կերպարանքով, գտնվում է գյուղի ներքին տներից մեկի մոտ: Այս շիրմաքարի տեղը նույնպես երեխաներն ասացին:

Շրվականից շարժվում ենք դեպի Արվական: Որսորդ Գարեգինն արդեն մի քանի տարի է, ինչ խնդրում է գալ եւ իր հայտնաբերած հայոց գերեզմանատունն ուսումնասիրել, որը գտնվում է Կատոսավանքի ձորում՝ խիտ անտառի մեջ: Անտառահատների բացած ճանապարհով իջնում ենք ձորը: Վերջապես հասնում ենք մի առվակի, որից քիչ վերև՝ մի հարթ հրվանդանի վրա, գտնվում է գերեզմանատունը՝ ամբողջովին անտառապատ: Այնուամենայնիվ, 10-ից ավելի շիրմաքարեր երևում են: Հատկապես մի խաչքար հիացնում է իր գեղեցկությամբ, որն ունի մեկ մեծ խաչ և երկու փոքրը՝ մեծի թևերի տակ: Այս խաչքարից մոտ կիսով չափ հողի տակ մի տապանաքար կա՝ 153x70x45 սմ չափսերով:

Գերեզմանատան հարավային եզրին հողից մաքրեցինք մի գեղաքանդակ խաչքար դիմային կողմում միջնադարի հայ քանդակագործը դարերին է ժառանգել արվեստի կատարյալ նմուշ: Մեջտեղում մեծ խաչն է, վերևում՝ օղակաձև պսակը՝ մեջը դարձյալ խաչ: Խաչքարն ունի թվագրություն՝ ՌԱ=1001+551=1552թ.: Ձորում՝ գետի ափին են գտնվում 9-րդ դարի Կատոսավանքի ավերակները…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Հոգևոր-մշակութային


18/09/2014