Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ



-Այդ օրերին Շուշիի առանձնակի գումարտակը Մարտակերտում էր,- վերհիշում է գումարտակի հրամանատար, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։

-Դիվիզիայի շտաբը գտնվում էր Մեծ Շենում, մի 10-15 կմ հեռավորության վրա։ Գեներալ Իվանյանը այնտեղ էր՝ Մեծ Շենում։ Շատ էինք մտերիմ, ինձ շատ էր սիրում, հարգում։ Մեկ էլ գիշերվա մի ժամի, ասենք 12-ին, 1-ին զանգում էր.

-Ռոմի՛կ, քնա՞ծ ես։

-Չէ՛, քնած չեմ,- ժպտում էի ես։

-Դե, շուտ արի։

Գնում էի։ Ներս էի մտնում, ու ինչպես միշտ հարգարժան գեներալը սեղանին կռթնած, հայացքը քարտեզին՝ հաշվարկներ էր անում, գծագրում, գրառումներ կատարում սեղանին դրված թղթերին։ Հետո սկսում էր բացատրել՝ երկար ու մանրամասն, ու միայն վերջում ինձ մի հարց էր տալիս.

-Հը, ո՞նց էր…

-Հրաշալի, շատ լավ…,- ու երբ որևէ կարծիք էի ուզում հայտնել, հարգարժան գեներալը՝ ձեռքը մտերմաբար ուսիս դնելով, ասում էր.

-Ապրես, դե, արդեն ուշ է, գնա՛, քնի՛ր, րօվՏՍ։

Ու ինձ ճանապարհում էր դեպի դուռը։

Այսպես հաճախ էր կրկնվում, ու ամեն անգամ գիշերվա ուշ ժամերի, երբ հանկարծ գեներալին տեսնում էի գրասեղանին հակված, աչքիս առաջ էին գալիս էրգրից եկած մեր պապերը, որոնք նստում էին պատերի տակ ու ձեռնափայտերով գծում էին, ջնջում, գծում էին էրգրի, իրենց տան, իրենց գյուղ տանող ճանապարհներն ու արահետները…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Պատմության էջերից


18/09/2014