ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ
Անիկ Սուքիասյանը ծնվել է 1935թ.։ Նա մեծացել է Քանաքեռի, ապա Նոր Բայազետի մանկատանը։ Անիկ Սուքիասյանի կյանքի լավագույն հիշողություններից են մանկատանը իր ամենասիրելի բանաստեղծի՝ Չարենցի աղջիկների հետ անցկացրած պահերը։ Անիկ Սուքիասյանը միշտ էլ բանաստեղծություններ է գրել, սակայն չի համարձակվել դրանք ցույց տալ որևէ մեկին։ Եվ ահա, առաջին անգամ, նրա բանաստեղծությունների տետրը դուրս է եկել գրապահարանից ու հայտնվել իմ սեղանին։ Դրանք հայրենիքի, բնության, մարդկային հարաբերությունների մասին անկեղծ տողեր են։ Եվ մենք ընտրեցինք զինվորին ու հայրենիքին նվիրված երկու ներբող։ Շուտով Անիկ Սուքիասյանը կտոնի իր 80-ամյակը։ Այս երկու բանաստեղծությունները, որ ներկայացնում ենք ընթերցողին, թող օրհնանք դառնան սահման պահող զինվորի համար և հնչեն իբրև շնորհավորանք Անիկ մայրիկի 80-ամյա տարեդարձին։
ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ ԵՍ
Հայաստա՛ն, ես քո զինվորն եմ արի,
Հայրենի՛ք, ես քո զինվորն եմ հպարտ:
Իմ օրհնանքներով ես միշտ կհսկեմ
Քո սահմանները թանկ ու հարազատ,
Իմ աղոթքներով ես կպաշտպանեմ
Քո սիրտը, հո՛ղ իմ, երկիր իմ անպարտ։
Տես, պատրաստ եմ ես կյանքն իմ նվիրել,
Քո ազատության համար, հո՛ղ իմ սուրբ,
Որ նենգ թշնամու շունչը զազրելի
Չպղծի ծաղկոտ լանջերդ մաքուր։
Ու թե պետք լինի, ես զենք կդառնամ,
Տունն իմ պաշտպանող զինվորի ձեռքին,
Վահան կդառնամ, կխոցվեմ հպարտ
Միայն քեզ գնդակ չդիպչի, հո՛ղ իմ։
Հայաստա՛ն, ես քո զավակն եմ արի,
Հայրենի՛ք, ես քո զինվորն եմ հպարտ։
ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
Իմ տունն այստեղ է, այստեղ է սիրտն իմ,
Հայրենի հողում, լեռներում ծաղկուն,
Իմ տունն այստեղ է, այստեղ է ջուրն իմ,
Այնքան սիրելի և այնքան սիրուն:
Օտարի տունը, ինչ էլ որ լինի,
Խորթ է ու վանող, իմը չէ երբեք,
Ես իմ քարքարոտ երկիրն եմ սիրում,
Որ ունի հազար ցավ, հոգս, վիշտ ու վերք…
Լսո՞ւմ ես հողի տնքոցն անամոք.
Կարոտի կանչ է՝ հետ եկեք հեռվից,
Լսո՞ւմ ես երկրի հառաչը ցավոտ՝
Մի՛ թող պապերիդ շիրիմը անտեր…
Եկե՛ք, լույս վառեք ձեր օջախներում,
Տեսե՛ք պատերն են քանդվում կարոտից,
Ձեր տաք հայացքով հողը ջերմացրեք,
Թող ծաղիկ բուսնի քարին ու… հոգուն…
Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Հոգևոր-մշակութային