Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ



Յուրաքանչյուր ազգ ճանաչվում է իր մեծերով` անկախ նրանից, թե ինչքանով են նրանք ի վիճակի եղել սատարելու իրենց ժողովրդին: Հրեաները մնում են հրեա, քանի որ իրենց գիտակցության մեջ ամուր նստած է այն գաղափարը, որ հենց իրենց ազգի ներկայացուցիչներն են վիթխարի դեր խաղացել մարդկության զարգացման բոլոր բնագավառներում` քաղաքականություն, գիտություն, արվեստ. Փրկիչ, Մարքս, Էյնշտեյն, Կորոլյով… Նման մարդիկ իրենց ազգն են ներկայացնում մարդկությանը, որն արդեն մեծ ներդրում է այդ ազգի ճանաչման, ասենք այսօրվա բառերով` գովազդի համար: Հայ ժողովրդի զավակներից խոշոր քաղաքական գործիչներ են եղել երեքը` Միքայել Լոռիս-Մելիքովը Ռուսական կայսրությունում, Նուբար փաշան Եգիպտոսում ու Անաստաս Միկոյանը ԽՍՀՄ-ում:

Նկարիչ՝ Հովհ. Այվազովսկի՝ Կոմս Մ.Տ. Լոռիս-Մելիքով

Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովի կենսագրությունը կարելի է կարդալ համացանցում և բազմաթիվ գրքերում ու դասագրքերում, և մեր նպատակն այսօր ոչ թե իր կենսագրության էջերի կրկնությունն է, այլ անձի պատմական նշանակության ընդգծումը: Նա միակ հայ գործիչն է, որն ընդգրկված է Ռուսաստանի բոլոր դպրոցական և բուհական դասագրքերում` իր լուսանկարով, ազգային պատկանելության շեշտադրումով, ինչն այսօր զարմանալի կարող է թվալ: Սակայն մեր մեծ հայրենակցի դերն իրոք դժվար է գերագնահատել: Իսկ այլ հանգամանքների բերումով այն կարող էր Ռուսաստանի համար վճռորոշ լինել:

Լոռիս-Մելիքովը եղել է այն եզակի գործիչներից, ովքեր փայլել են և՛ ռազմական, և՛ քաղաքական ասպարեզներում: Եվ եթե Ռուսաստանի համար ավելի կարևոր է նրա քաղաքական գործունեությունը, մեզ համար կարևոր է նաև ռազմականը, քանի որ նա իր հրամանատարական տաղանդը կիրառել է հիմնականում թուրքերի և նրանց կողմնակիցների դեմ:

Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում ուսանելիս նա ձեռք է բերել արևելյան մի քանի լեզվի իմացություն` նպատակ ունենալով դառնալ բանասեր-լեզվաբան: Չար պատահականությամբ դուրս է մնացել ինստիտուտից և անցել ռազմական կրթության, հետո… սովորել է ողջ կյանքում: Նրա գործունեության տարիները համընկել են Ռուսաստանի թերևս ամենախոհեմ կայսեր` Ալեքսանդր II-ի թագավորության տարիների հետ: Ռուսաստանի գերագույն տիրակալը, գիտակցելով իր երկրի քաղաքական հետամնացությունը և դրա հետ կապված վտանգները, 1861 թվականին վերացրեց ճորտատիրական կարգերը և համառորեն ձգտում էր դեպի սահմանադրական միապետություն, ինչպիսին են այսօրվա Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ճապոնիան և այլն: Կայսեր քաղաքականությանը դեմ էին նրա բոլոր մերձավորները և հիմնականում թագաժառանգը` ապագա Ալեքսանդր III-ը: Իր կառավարության ողջ կազմում կայսրը տեսավ մի անձնավորության, որը կարող էր աստիճանաբար լուծել երկրի քաղաքական խնդիրները և այն դուրս բերել ծանր ճգնաժամից: Եվ դա Լոռիս-Մելիքովն էր: Մեր հայրենակցի բացարձակ տրամաբանությունն ու ազնվությունը վստահություն էին ներշնչում արքային, և 1880թ.-ին Լոռիս-Մելիքովը նշանակվեց հատուկ նշանակության Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ, որին Ռուսաստանի անծայրածիր կայսրությունում ենթարկվում էին ամեն ինչ և ամեն ոք` բացի Ալեքսանդր II-ից: 1882 թվականին Լոռիս-Մելիքովի առաջարկությամբ հանձնաժողովն իր պարտականությունները համարեց կատարված: Իր իսկ առաջարկությամբ Լոռիս-Մելիքովը նշանակվեց ներքին գործերի նախարար, որն ուներ անսահմանափակ իրավունքներ:

Կայսերական իշխանության բարձունքին կանգնած, բայց իրականում մերձավորներից մեկուսացած կայսրը վստահորեն շարունակում էր իր իսկապես բարեփոխումները: 1882 թվականի մարտի 1-ին նա ծանոթացավ Լոռիս-Մելիքովի սահմանադրությանը, ավելի ճիշտ` սահմանադրության սկզբունքներին և շատ գոհ մնաց: Մարտի 3-ին նշանակվեց պետական խորհրդի նիստ սահմանադրության քննարկման և ընդունման համար` չնայած թագաժառանգի բացեիբաց ըմբոստանալուն: Սակայն Լոռիս-Մելիքովի հետ հանդիպումից հետո` պալատ վերադառնալիս, կայսրն սպանվեց:

Ռուսաստանի մամուլը գրեց և մինչև այժմ գրում է, որ Լոռիս-Մելիքովի սահմանադրությունը Ռուսաստանի առաջընթացի միակ ճանապարհն էր: Փաստորեն նրա` երկրի անսահմանափակ կառավարիչ, իսկ հետո ներքին գործերի նախարար լինելու ընթացքում հեղափոխական շարժումն անընդհատ անկում է ապրել: Նաև ահաբեկիչներից մեկի` Կրավչինսկու վկայությամբ` եթե սահմանադրության մասին լուրը հրապարակվեր, արքայի վրա մահափորձ չէր լինի, եթե ընդունվեր սահմանադրությունը, հեղափոխական շարժումը կունենար իր վախճանը: Հեղափոխություններն սկսվում են, երբ մարդը չունի տարրական իրավունքներ, և դա բերում է կա՛մ հեղաշրջման, կա՛մ երկրի կործանման: Երկու դեպքում էլ սրա գինը տասնյակ հազարավոր ճակատագրեր ու կյանքեր են: Որոշ շովինիստական կամ հակառուսական աղբյուրներ (ինչպիսին է Վիքիպեդիան) գրում են, թե կայսրի սպանությունը Լոռիս-Մելիքովի քաղաքականության հետևանքն էր: Իսկ ճշմարիտ պատմաբանները համոզված են, որ ահաբեկչությունը կազմակերպված էր հենց ցարական պալատում թերևս հենց թագաժառանգի իմացությամբ: Ալեքսանդր II-ի սպանությունը վճռեց ոչ միայն Լոռիս-Մելիքովի, այլև ողջ Ռուսաստանի ճակատագիրը: Ալեքսանդր III-ը, իսկ հետո նրա որդին` Նիկոլայ II-ը, գնացին հին ճանապարհով և երկիրը հասցրին հոգեվարքի: Ըմբռնելով այս պարզ փաստը` Ռուսաստանը նաև այսօր իր երախտագիտությունն է հայտնում մեր մեծ հայրենակցին:

Պետք է հպարտությամբ կրկնենք, որ նրա ազգային պատկանելությունը նշված է Ռուսաստանի պատմության բոլոր դասագրքերում և նրան նվիրված աշխատություններում, քանի որ նա միշտ իրեն միայն հայ է ճանաչել: Սա արդեն մեր պատիվն է:

Իսկ ի՞նչ է արել նա հայ ժողովրդի համար: Հարց, որը տվյալ դեպքում ավելորդ է, սակայն… Նա տարբեր զինվորական պաշտոններում մասնակցել է իր դարաշրջանի բոլոր ռուս-թուրքական պատերազմներին: 1877-1878 թթ. պատերազմի ժամանակ, չնայած ռուսական զորքերի ընդհանուր հրամանատարն Անդրկովկասում արքայի կրտսեր եղբայրն էր, որը նաև Անդրկովկասի փոխարքան էր, հրամանատարությունը փաստորեն իրականացնում էր Լոռիս-Մելիքովը, ով, ռուս գեներալներին աստիճանաբար փոխարինելով հայազգի գեներալներով, փորձում էր Ռուսաստանի զավթողական պատերազմը վերածել հայկական ազատագրականի: Երբ հերթական հայ գեներալ Տեր-Ղուկասովի նշանակման կապակցությամբ փոխարքան բողոք է գրում թագակիր եղբորը, Լոռիս-Մելիքովն իրեն հատուկ խելամտությամբ և ազնվությամբ հայտնում է կայսրին, որ իր գործողությունները բխում են միայն ու միայն կայսրության և տեղի ժողովրդի շահերից, որը ձգտում է ազատագրվել թուրքի լծից և ընդունել ռուս կայսեր իշխանությունը: Կայսրը հավատաց Լոռիս-Մելիքովին, որը գրավեց Արդահանը, Կարսը, մոտեցավ Էրզրումին, բայց … հայտարարվեց պատերազմի ավարտը:

Պատմությունը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: Գուցե նույնիսկ գտնվեն «խելացիներ», ովքեր այս փառապանծ մարդու կենսագրության մեջ կպեղեն սև կետեր, անտարակույս` սուտ, ինչպես դա արվում է Անաստաս Միկոյանի դեպքում: Բայց Լոռիս-Մելիքովի պես մարդկանց իրոք պետք է փառաբանել, թեկուզեւ այն պատճառով, որ օտարները երախտապարտ են մեր ժողովրդին նման հանճար ծնելու համար:

ՎԱՂԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ
բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Պատմության էջերից


18/09/2014