Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԸ՝ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ



Զրույց «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ

Ամեն օր Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի ազդականչերի հետ հնչում է Ադրբեջանում ապրող թալիշ հերոս ժողովրդի հավատո հանգանակը. «Մենք ԹԱԼԻՇ ենք, մենք ԼԵԶՈՒ ունենք, մենք ՀԱՅՐԵՆԻՔ ունենք, մենք ԻՐԱՎՈՒՆՔ ունենք։ Այդ ԻՐԱՎՈՒՆՔԸ մեզ Աստված է պարգևել, և ոչ մի պետություն իրավասու չէ այն մեզնից խլելու»։

-Պարոն Գևորգյան, ի՞նչ նպատակով և ո՞ւմ նախաձեռնությամբ ստեղծվեց «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը։

-Թալիշներն իրանական ժողովուրդ են, որոնց հետ հայերս ունենք պատմամշակութային սերտ առնչություններ: Բնակվում են Ադրբեջանի հարավարևելյան և Իրանի կասպիամերձ շրջաններում։ Նրանք տարածաշրջանում իրանալեզվությունը պահպանած միակ իրանական հանրույթն են, որ գրեթե անմիջականորեն սահմանակցում են Արցախին: Այսինքն՝ թալիշները միակ բնական կամուրջն են հայախոս և իրանախոս բնակչության միջև` տարանջատելով հյուսիսարաքսյան և հարավարաքսյան թյուրքալեզու մասսաներին:

Ադրբեջանական հանրապետության վարած «ազգաստեղծ» քաղաքականության հետևանքով, ցավոք, թալիշ ժողովուրդն այսօր կանգնած է ուծացման լուրջ վտանգի առաջ: Մեր խնդիրն է աջակցել հարևան ժողովրդին` պահպանելու ազգային ինքնությունը, մշակութային ինքնատիպությունն ու լեզուն… Թալիշական ռադիոն այսօր ոչ միայն այդ ժողովրդի պատմությունն ու մշակույթը պրոպագանդող, զարգացնող միջոց, այլ նաև կապող օղակ է դարձել հայրենաբնակ և աշխարհասփյուռ թալիշների միջև: Հայ ժողովուրդը խորապես ըմբռնում է պետականազուրկ և ձուլման վտանգի առջև կանգնած ժողովրդի ճակատագիրը, կիսում նրան հուզող տագնապները, համակրում նրա ազատատենչ իղձերն ու ձգտումները… Ահա, թե ինչու է Արցախի հայությունը բարեկամության ձեռք մեկնել թյուրքացման ճիրաններում հայտնված թալիշներին:

Դեռևս 2005թ. Ծաղկաձորում կազմակերպված թալիշագիտական առաջին գիտաժողովում է արծարծվել թալիշերենով ռադիոհաղորդումների հեռարձակման թեման` այն դիտարկելով որպես այդ ժողովրդի մշակույթի պահպանման և տարածման ուղիներից մեկը։ 2011թ. կազմակերպված երկրորդ թալիշագիտական միջազգային գիտաժողովում շեշտվեց նման ռադիոկայան ունենալու հրատապությունը։ Իսկ ահա 2013թ. մարտի 21-ին՝ իրանական ժողովուրդների Նոր տարվա` Նովրուզի օրը, թալիշ ժողովրդին մատուցվեց նախադեպը չունեցած մի նվեր` կյանքի կոչվեց մեր ծրագիրը։

-Պարոն Գևորգյան, մեկուկես տարին փոքր ժամանակահատված չէ կատարված աշխատանքները հանրագումարի բերելու համար։ Որքանո՞վ կարողացավ «Թալիշստանի ձայնը» դառնալ թալիշ ժողովրդի մշակութային և քաղաքական կյանքի խոսափողը…

-Նախքան հաջողություններին անդրադառնալը, կցանկանայի խոսել մեր առջև ծառացած բազում դժվարություններից։ Սկսեցինք բացարձակապես զրոյից։ Ռադիոն լեզվակիր մասնագետներով համալրվեց ոչ հեշտությամբ, Շուշիի աշտարակի տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի խնդիրը նույնպես մեկ օրում չլուծվեց, աշխատանքային խմբագրակազմի դերն ուղղակի ստանձնել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնը և այլն: Սակայն, փառք Աստծո, այդ ամենն արդեն անցյալում է: Այս անվերջ թվացող դժվարությունների կողքին կար անսահման նվիրում և ձեռնարկած գործը իրողություն դարձնելու վճռականություն։ Այժմ անվարան կարող եմ հայտարարել, որ կայացած կառույց ենք։ Ռադիոկայանը իրավամբ կարողացավ ծառայել իր նպատակին, կատարել իր առաքելությունը՝ դառնալով թալիշ ժողովրդի մշակութային և քաղաքական կյանքի հիմնական խոսափողը: Այն նպաստեց այդ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը, ինչի շնորհիվ այսօր թալիշությունը տարածաշրջանում ինքնուրույն քաղաքական գործոն է:

Թալիշներն իրենց թվաքանակով Անդրկովկասում 4-րդ էթնիկ խումբն են, և այլևս անհնար է հաշվի չառնել նրանց գործոնը տարածաշրջանում ուժերի հավասարակշռման և խաղաղության պահպանման գործում: Ադրբեջանի յուրաքանչյուր անհեռատես ու, որպես կանոն, ձախողված ռազմական արկածախնդրություն արցախյան ճակատում կարող է ծնունդ տալ անկախ Թալիշստանի:

-Ինչպիսի՞ն է Ադրբեջանի արձագանքը։

-Բաքուն սկզբում սկսեց անհիմն մեղադրել Իրանին, ապա Ռուսաստանին ռադիոկայանի հիմնադրմանը մասնակցելու կասկածանքով: Այնուհետև փորձ կատարվեց քաղաքականացնել ռադիոկայանի գործունեությունը՝ պնդելով, թե այն, իբր, նպատակ է հետապնդում սատարելու անջատողական ուժերին։ Ցանկանում եմ անպայման շեշտել, որ ռադիոկայանը բացառապես հայ-թալիշական ընդհանուր նախագիծ է, և Ադրբեջանի բարբաջանքները, թե այս ամենի հետևում կանգնած են տարածաշրջանային մեծ երկրները, անհիմն հեքիաթներ են։ Այսօրինակ հայտարարությունները հայկական կողմի դերակատարությունը նսեմացնելու նպատակ են հետապնդում, ինչին լոկ ծիծաղով կարելի է վերաբերվել:

-Ձեր ռադիոհաղորդումներն ունեն մշակութային, պատմական ուղղվածություն, որոնց ընթացքում ներկայացվում է թալիշ ժողովրդի անցած պատմական ուղին, հնչում է ազգային երաժշտություն, պոեզիա։ Թալիշերեն եք թարգմանում Ղուրանը և ներկայացնում։ Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս են ձեր աշխատանքին արձագանքում թալիշ մտավորականները։

-Թալիշ քաղաքական գործիչներն ու մտավորականները, որոնք հիմնականում ապրում են արտասահմանում (հասկանալի պատճառներով), ոչ միայն ողջունում են ռադիոկայանի գոյությունը, այլև մշտապես շնորհակալական խոսքեր են ուղղում մեզ։ Կցանկանայի մեջբերել թալիշ առաջնորդ, ռազմական և քաղաքական գործիչ, ժամանակին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի ջերմ և սրտառուչ խոսքերը. «Թալիշական ռադիոյի շնորհիվ ես վերագտա թալիշերենս և վերհիշում եմ մեր անցյալը, մեր գրականությունը։ Դա մեծ գործ է մեզ համար…»։

– Իսկ ո՞ր բարբառով է հեռարձակվում «Թալիշստանի ձայնը»։ Չէ՞ որ թալիշերենը, որպես նորմատիվային լեզու, որքան ես գիտեմ, գոյություն չունի…

-Այո՛, թալիշերենն ունի երեք բարբառախումբ` հյուսիսային, կենտրոնական և հարավային։ Մեր ռադիոհաղորդումները հնչում են հյուսիսային, այսինքն` լենքորանյան բարբառով, քանի որ այն մայրաքաղաքային բարբառն է և համաթալիշական գրական լեզու դառնալու հավանականություն ունի։ Բացի այդ, այն հասկանալի և ընդունելի է ողջ թալիշության շրջանում։ Որոշ հաղորդումներ երբեմն հնչում են նաև ադրբեջաներենով, քանի որ հասկանալի պատճառներով թալիշների մի հատվածը չի հաղորդակցվում մայրենի լեզվով, բայց հարազատ է մնացել սեփական ինքնությանը։

Ռադիոժամերից 5-10 րոպե դասի տեսքով տրամադրվում է թալիշերեն լեզվին և նրա պրոպագանդմանը։ Նշեմ, որ այժմ ևս ռադիոհաղորդումների պատրաստմանը մասնակցում են իրանագիտության ամբիոնի ուսանողներն ու դասախոսները` կամավորական սկզբունքով, անվարձահատույց։ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնում բացվել է նաև «Թալիշագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիր, որի նպատակը թալիշագետ կադրերի պատրաստումն է։

– Ադրբեջանում ապրում են նաև ազգային այլ փոքրամասնություններ՝ թաթեր, լեզգիներ, ավարներ. նրանք ինչպե՞ս են արձագանքում ռադիոկայանի հեռարձակումներին։

-Նրանք բազմիցս դիմում են մեզ նմանատիպ հաղորդումներ իրենց համար ևս կազմակերպելու խնդրանքով կամ գոնե թալիշական ռադիոյի ծրագրերում ընդգրկել իրենց պատմության, ազգային մշակույթի մասին պատմող նյութեր։

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։

-Վերջին շրջանում մեր հաղորդումներում ավելացրել ենք նաև լուրերի բաժին, որը, բացի տեղական և տարածաշրջանային իրադարձություններից, անդրադառնում է նաև միջազգային զարգացումներին։ Թալիշ մտավորականներից և քաղաքական գործիչներից բացի, հարցազրույցներ ենք նախատեսում նաև հայ գիտական և քաղաքական գործիչների հետ։ Մտադիր ենք ստեղծել ռադիոկայք, բացառված չէ նաև թալիշական համացանցային հեռուստատեսությունը։

-Պարոն Գևորգյան, փաստորեն ակնհայտ է, որ «Թալիշստանի ձայնը» կարողացել է ծառայել իր բուն նպատակին. նրա շնորհիվ Ադրբեջանում ապրող թալիշներն այլևս հայերին դիտում են որպես իրենց բարեկամի։ Այսինքն՝ ռադիոկայանը ինքնաբերաբար ստանձնել է տարածաշրջանում բարեկամության հաստատման առաքելությունը:

– Այո՛, մեր նպատակը տարածաշրջանում ժողովուրդների միջև համերաշխության ու բարեկամության հաստատումն է` վկան հայ-թալիշական բարեկամությունը: Մեր բնական դաշնակիցները չափազանց զգայուն են արցախյան խնդրի նկատմամբ և իրենց հետագա քայլերն ինչ-որ չափով պլանավորում են Արցախի` անկախության պահպանմամբ ու ճանաչմամբ: Հենց իրենք են խոստովանում, որ Արցախի հաստատակամությունը կկանխորոշի իրենց և ողջ տարածաշրջանի ապագան:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


18/09/2014