Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՆ` ՔԱՈՍՈՒՄ



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այս տարվա հունիսին հրապարակած իր հոդվածներից մեկում Սիրիայում տիրող իրավիճակը բնորոշել է որպես գլոբալ սպառնալիք: Իսկ Իրաքում հռչակված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Թե ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները, ներկայացնում է արաբագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ:

-Դեռևս հունիսին Սիրիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում Բաշար ալ Ասադը վերընտրվեց: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ իրավիճակ է այսօր հետընտրական Սիրիայում:

-Սիրիայում քաղաքական և տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Երկրի հյուսիսային շրջանները, մասնավորապես՝ Ռաքքայի նահանգը, Հալեպի, Դեյր Զորի որոշ շրջաններ դեռեւս զավթված են մնում Իսլամական պետության կողմից, որը Ռաքքայում հռչակել է իսլամական խալիֆայություն: Շարունակվում է գնային սղաճը, կայուն չէ մասնավորապես՝ ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սիրիայի սահմաններից դուրս ապրում է մոտ 3 միլիոն կամ գուցե ավելի փախստական, կան մեծ թվով ներքին փախստականներ ևս: Մեծացել են գործազրկության ծավալները, ահագնացել են սոցիալական խնդիրները:

-Որքանո՞վ բեկումնային կարող է դառնալ «Իսլամական խալիֆայության» աշխուժացումը Սիրիայի համար:

-Այն պարզապես օգնեց Ասադին` միջազգային հանրությանը ցույց տալու, որ ինքն իրականում պայքարում է միջազգային ահաբեկչության և իսլամական կրոնաքաղաքական ծայրահեղական խմբավորումների դեմ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն հարևան երկրներին, այլև ԵՄ-ին, Իսրայելին, ԱՄՆ-ին, միջազգային անվտանգությանը առհասարակ: Ընդհանրապես, «Իսլամական պետության» ակտիվացումը սպառնալիք է ամբողջ Միջին Արևելքի համար:

-Հնարավոր համարու՞մ եք, որ ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը Սիրիայի նկատմամբ. կարո՞ղ է կասեցնել «Իսլամական խալիֆայության» տարածումը և ոչնչացնել ահաբեկչական խմբավորումները:

-Կարծում եմ` իրականում ԱՄՆ-ը իր քաղաքականությունը չի փոխի: Գերտերությունների խնդիրն էր թուլացնել Սիրիան, նրա դաշնակիցներին, մասնավորապես` Իրանը և ընդհանրապես արաբական աշխարհի ազգային անվտանգության համակարգը: Չմոռանանք, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի օգնությամբ, Ասադի դեմ պայքարելով նպաստել է սալաֆիական-վահաբական խմբերի ակտիվացմանը (խոսքը վերաբերում է իսլամական ծայրահեղական կրոնաքաղաքական խմբավորումներին):

– Ի՞նչ իրավիճակում են այսօր Սիրիայում բնակվող ալավիները և մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունները:

-Ոչ ապահով: Սպասողական: Սիրիայի քաղաքացիները տևական ժամանակ է` սպասում են խաղաղության հաստատմանը:

-Ինչպիսի՞ն է սունիների կարգավիճակը Սիրիայում: Արդյոք հնարավո՞ր է, որ նրանք անցնեն «Իսլամական խալիֆայության» կողմը:

-Կարծում եմ` միայն այն հատվածը, որ կրոնամոլ է կամ շեշտված հակաբաասական («Բաասը» Սիրիայի իշխող կուսակցության անվանումն է), հակաասադական:

-Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան (որտեղ արմատական խմբավորումների համար ռազմական պատրաստվածության ճամբարներ կան) բազմիցս հայտարարել է, թե փակել է իր տարածքից դեպի Սիրիա զինյալների մուտքը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

-Վստահ չեմ, որ այդպես է: Ամեն դեպքում, Թուրքիան այն պետություններից է, որոնք մեծապես նպաստեցին Սիրիայի թուլացմանն ու ավերմանը: Սիրիան կորցրեց իր նախկին դիրքը տարածաշրջանում: Թուրքիան, որ ցանկանում էր ամրապնդել սեփական դիրքերը, սիրիական պատերազմից իրականում թե՛ շահեց, թե՛ կորցրեց: Պարզ դարձավ, որ Թուրքիան չի կարող զրո խնդիրներ ունենալ հարևանների հետ, նաև ապացուցվեց, որ Անկարան սատարում է միջազգային ահաբեկչությանը, որը կարող է ուղղորդվել նաև իր դեմ:

Զրույցը վարեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Տարածաշրջան


18/09/2014