ՈՎ` ՈՒՄ
Սեպտեմբերի 8-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսում ելույթ է ունեցել մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին և կոչ արել մասնատել Իրանը, քանի որ այդ երկրի բնակչության 52 տոկոսից ավելին ադրբեջանցիներ (թուրքեր) են: Պատգամավորի ելույթին ի պատասխան խիստ հայտարարությամբ է հանդես եկել Բաքվում Իրանի դեսպանատունը:
Այս խնդրին է անդրադարձել պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ ռուսական «ԻԱ Ռեքս» գործակալությանը տված հարցազրույցում:
-Եկեք նախ հաշվենք տեսնենք` ինչքան է կազմում 80 միլիոնի, սա Իրանի բնակչության թիվն է, 52 տոկոսը` մոտ 42-45 միլիոն մարդ: Իրանում, այսպես ասած, ադրբեջանցիները տեղաբաշխված են երկրի հյուսիս-արևմտյան չորս նահանգներում` Արևմտյան Ադրբեջանում, Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում և Զանջանում: Կարող ենք միացնել նաև Ղազվինի նահանգը, թեպետ այս շրջանը երբեք չի մտել Մեծ Ատրպատականի (Իրանի հնագույն նահանգներից մեկը, որը հիմա Ադրբեջան է կոչվում, անուն, որ տրվել է պատմական Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունեցող Անդրկովկասյան այս հանրապետությանը) տարածքի մեջ:
Համաձայն 2006 թվականի մարդահամարի տվյալների, վերը թվարկված նահանգների բնակչության ընդհանուր թիվը կազմել է 9 միլիոնից քիչ ավելի, որից մոտ 3 միլիոնը քրդեր են (Արևմտյան Ադրբեջան), գումարենք ազարիներին, այսինքն` Հարավային թաթերին (իրանախոս կղզյակներ), մոտ կես միլիոն թալիշներին (Արդաբիլի արևելյան հատվածում), ասորիներին, հայերին… Այսպիսով՝ «ադրբեջանցիների» ընդհանուր թվաքանակը Իրանում կկազմի շուրջ 6 միլիոն, ավելի ստույգ` 5,5 միլիոն: «Ադրբեջանցի» եզրույթը չակերտների մեջ ենք առնում գիտակցաբար, ընդգծելու համար, որ նրանք, ովքեր բնակվում են նախկին խորհրդային հանրապետությունում, բոլորովին էլ այն ադրբեջանցիները չեն, և այս հայտնի է քիչ թե շատ գրագետ ամեն իրանագետի: Բանն այն է, որ Իրանի հյուսիսարևմտյան թյուքախոս բնակչությունը բոլորովին ուրիշ ժողովուրդ է. միակ բանը, որ նրանց կապում է ներկա Ադրբեջանական Հանրապետության քաղաքացիների հետ՝ լեզուն է: Բաքվում ամեն կերպ ձգտում են «բաժանված ժողովրդի» պատրանք ստեղծել, ինչը իրականության բացահայտ խեղաթյուրում է: Այս առիթով ես հաճախ եմ մեջբերում Ադրբեջանի գաղափարական հիմնադիրներից մեկի` Զիա Բունյաթովի խոսքերը` Թավրիզից վերադառնալուց հետո տված հարցազրույցում («Զերկալո», 25 հոկտեմբերի, 1989 թ.). «Մեկ անգամ էլ համոզվեցի, որ նույն լեզվով խոսել դեռ չի նշանակում նույն ժողովուրդը լինել»: Այնպես որ՝ «Իրանում ադրբեջանական փոքրամասնության» մասին տարատեսակ պնդումները, ինչպես նաև թվաքանակի մասին ֆանտաստիկ թվերը Իրանում անջատողական տրամադրություններ հրահրելու և թյուքախոս բնակչությանը հարավկովկասյան քաղաքական իրակույթների մեջ ներքաշելու նպատակ հետապնդող քաղաքական մոլորություններ են: Ի դեպ, տարածված այն կարծիքը, թե Թեհրանի կեսը ադրբեջանցիներ են, այսինքն` մոտ 6-7 միլիոն մարդ, դարձյալ անհեթեթություն է. անգամ Մոսկվայում, ինչպես նաև եվրոպական շատ մայրաքաղաքներում ավելի հաճախ կարելի է ադրբեջաներեն խոսողների հանդիպել, քան Թեհրանում:
Իսկ այն հարցին` ինչո՞ւ է Բաքվում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնը պնդում, թե իբր Իրանի ադրբեջանական համայնքը կազմում է մոտ 35 միլիոն մարդ, ես այսպես կպատասխանեմ. բանն այն է, որ Իրանում որոշակի ուժերի կողմից երբեմն-երբեմն հրապարակ է նետվում Ռուսաստանի և Իրանի միջև 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագիրը վերանայելու հարցը, ավելի պարզ` իշխանությունների այդ որոշակի շրջանակները Արաքս գետից հյուսիս ընկած հողերը` ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքը, վերադարձնելու հույս են փայփայում: Իսկ այս համատեքստում Իրանում ապրող ադրբեջանցիների թվաքանակի մասին տվյալներն արդեն բոլորովին այլ շեշտադրում են ընդունում: Իրանում այս խնդրի հետ են ամեն կերպ փորձում կապել նաև շիիտական գործոնը, որը դարձյալ պատրանքների շարքից է: Այսօրվա Ադրբեջանական Հանրապետությունում շիիտական դավանանքի իրական կրողները հենց իրանական ծագմամբ ազգային փոքրամասնություններն են` թալիշներն ու թաթերը: Իմ հաստատ համոզմամբ, շիիզմը Ադրբեջանում երբե՛ք չի դառնալու քաղաքական փաստարկ: Ակնհայտ է, որ մահմեդականությունն այս երկրում քաղաքական փաստարկ կարող է դառնալ միայն ծայրահեղ իր դրսևորումներով` սալաֆիզմ և այլն… Իսկ Իրանի որդեգրած քաղաքականության այս ուղղությունը, իմ կարծիքով, ավելի շուտ խաղ է կրակի հետ: Կարծում եմ, որ իրանցիները պետք է վերջնականապես հստակեցնեն իրենց վերաբերմունքը Ադրբեջանի պետության հետ` մասնավորապես, և Հարավային Կովկասի հետ` ընդհանրապես: Իրանի Իսլամական Հանրապետության ապագան ուղղակիորեն պայմանավորված է իշխանությունների կողմից տարածաշրջանում էթնիկ-քաղաքական իրավիճակի հստակ պատկերացումից և օբյեկտիվ գնահատականից: Հնացած, շատ հաճախ կրոնական-զգացական լիցքերով հագեցած հասկացողությունների խաղարկումները Իրանի համար հղի են բավականին լուրջ և անկանխատեսելի հետևանքներով: Ես չեմ էլ կասկածում, որ Ադրբեջանական Հանրապետությունը երբևէ չի դառնալու Իրանի հավատարիմ գործընկերը, քանի որ այս էթնիկ-քաղաքական միավորի ստեղծումն ու ամրապնդումը ի սկզբանե ունեցել և ունի մի նպատակ` Իրանի մասնատումը: Եվ օրինաչափ է, որ ամեն անգամ հենց Իրանի իշխանություններն սկսում են սիրաշահել, հաճոյանալ Ադրբեջանին, չի ուշանում մեջքից հասցված հարվածը, ինչպես տեսանք Բաքվում տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների Կոնգրեսում մեջլիսի պատգամավորի ելույթում:
Տպագրության պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան