Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ



Արդեն ավանդույթ է դարձել Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում 8-րդ դասարանցիների ռազմագիտության առաջին դասն անցկացնել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում։

Դասը կազմակերպել էր դպրոցի զինղեկ, գնդապետ Ռ. Գրիգորյանը, մասնակցությամբ 8բ դասարանի դասղեկ տիկին Կ. Թովմասյանի և ծնողական խորհրդի ներկայացուցիչների։

Այս դպրոցում ձևավորվել է հայրենասիրության մի կայուն գործընթաց, որին ակտիվորեն մասնակցում են բոլոր մանկավարժները, ծնողները։ Կահավորվել ու ձևավորվել են ռազմահայրենասիրական դաստիարակության, դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Հովհաննես Սարգսյանի անունը կրող կրակային պատրաստության դասասենյակները։

Զինղեկ, գնդապետ Գրիգորյանի ջանքերով դպրոցն ունի զինհամազգեստ, ուսապարկեր, սաղավարտներ, ժամանակակից հակագազեր, ինժեներական բահեր, ցուցադրական պաստառներ, հարուստ ֆիլմադարան… Իսկ դասարանի կենտրոնական պատը զարդարում են Հայրենիքին անբասիր ծառայած դպրոցի շրջանավարտների անուն-ազգանունները։

Զինղեկը սերտ կապի մեջ է իր աշակերտների հետ, որոնք ներկայումս ծառայում են ՀՀ զինված ուժերում։

«Հայ զինվորում» կարդում ենք նաև զինղեկ Ռ. Գրիգորյանի շնորհավորանքը, որտեղ նա այսպես է դիմում մայրերիս.

Փառք ու պատիվ Ձեզ, զինվորի մայրեր

Մեր հերոսների դուք հերոս մայրեր։

Աշխարհի բոլոր ծաղիկները Ձեզ,

Սիրասուն մայրեր։

Մեր խոնարհումը Ձեզ,

Զինվորի մայրեր…

Գեղեցիկ ավանդույթ են Բանակի օրվան նվիրված ամենամյա թատերականացված միջոցառումները (շատ տպավորիչ էր բանակի 20-ամյակին նվիրված ներկայացումը՝ գնդապետ Ռ. Գրիգորյանի մասնակցությամբ), ինչպես նաև ամենամյա էքսկուրսիան սահմանապահ ուղեկալ, սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Այո՛, այդ դպրոցի մանկավարժները և հատկապես զինղեկը սրտացավությամբ են մոտենում ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերին, արդյունքում՝ դպրոցի շրջանավարտների գերակշիռ մասը նվիրվածությամբ ու պարտքի գերագույն գիտակցությամբ են ծառայում բանակում։

Շնորհակալություն ու բարի արարում։

Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ծնող

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Բանակ և հասարակություն


18/09/2014