ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բարեգործական համերգ էր՝ նվիրված անապահով ազատամարտիկներին։
Այս նախաձեռնության հեղինակներից մեկը՝ երիտասարդ ակտիվիստ Ժաննա Մախյանը, ասաց. «Ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին աջակցելու, օգնելու, սատարելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ կայքերից մեկում դիտեցի «Արաբո» ջոկատի մահացած ազատամարտիկ Վագիֆ Ավետիսյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին պատմող տեսանյութը։ Ընկերներով որոշեցինք օգնել ծանր կացության մեջ հայտնված այդ մարդկանց՝ դրամահավաք կազմակերպեցինք և սառնարան գնեցինք։ Դրանից հետո էլ որոշեցինք օպերայի հրապարակում բացօթյա համերգ կազմակերպել և ողջ հասույթը տրամադրել անապահով ազատամարտիկներին։ Դիմեցինք «Կադենցա» մենակատարների համույթին (գեղ. ղեկ.՝ Վարդան Հակոբյան) և «Խազեր» երգչախմբին (գեղ. ղեկ.՝ Անի Նավասարդյան) համերգային ծրագրով հանդես գալու։ Նրանք մեզ սիրով արձագանքեցին։ Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանն էլ համաձայնեց դահլիճն անվճար տրամադրել։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցեցին։ Շնորհակալ ենք նաև հանդիսատեսին,- նշեց Ժաննա Մախյանը։
Իսկ համերգն իրոք գեղեցիկ էր կազմակերպված։ Հրաշալի կատարումները հաջորդում էին իրար և մեծ բավականություն պատճառում ներկաներին։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հ.Գ. -Մեծ ու փոքր ամբիոններից պաթոսով հայրենասիրությունից ճառելու փոխարեն լավ կլիներ պարզապես տոմս գնել և ներկա գտնվել այսօրինակ համերգներին. հա՛մ գեղեցիկ երաժշտություն կունկնդրեիք, հա՛մ էլ մի փոքրիկ լումա կներդնեիք նրանց համար, ովքեր մեզ պարգևեցին մեր հողի վրա ապրելու իրավունքը…
Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Բանակ և հասարակություն