Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱԿԱՆ ԳՆԴԱՊԵՏԸ



1990թ. Խորհրդային Հայաստանում, իրոք, անհնար, անելանելի վիճակ էր ստեղծվել: Խորհրդարանական ընտրություններում դեմոկրատական ուժերի բացահայտ հաղթանակը, նրանց կողմից անկախության հռչակագրի ընդունումն ու իշխանության ձևավորումն արժանացել էր կայսրության կենտրոնամետ ուժերի հակազդեցությանը: Իշխանություններն իրենց հենարան բանակով, ուժային մյուս կառույցներով ու քարոզչամեքենայով հանրապետությունում ապակայունացնում էին քաղաքական իրավիճակը, բանակի, միլիցիայի կամ ադրբեջանական խաժամուժի ձեռքով Արցախում, Ադրբեջանի տարածքում և սահմանային գոտիներում կազմակերպում էին հայերի ջարդեր, հրահրում ազգամիջյան բախումներ, վարկաբեկում ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքն ու շարժումը, տարածքը հայտարարում վիճելի:

Այդ ծանր օրերին գտնվեց անհնարին վիճակից դուրս գալու ելք: Հանրապետության ներքին կարգուկանոնի վերականգնման համար ներքին գործերի նախարարության (ոստիկանության) կազմում 1990թ. սեպտեմբերի 20-ին ստեղծվեց Հատուկ գունդը, որի կազմում ընդգրկվեցին ինքնագործունեությունը մերժող, երիտասարդ իշխանությունների հետ համագործակցող բոլոր կամավորական ջոկատները: Հրաձգային թեթև զենքերով զինված այդ գունդը կարճ ժամանակում դարձավ հայ ժողովրդի պաշտպանության, հույսերի իրականացման, բանակաշինության առաջամարտիկը, ադրբեջանական զինուժի, իշխանությունների մղձավանջը:

Հատուկ գնդի կազմում է սկսել իր մարտական ուղին ՀՀ ԶՈՒ թիկունքի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Աշոտ Արամայիսի Մարտիրոսյանը, որն օրերս դարձավ վաթսուն տարեկան և պատրաստվում է համալրել պահեստազորայինների շարքերը: Առաջ անցնելով նշեմ, որ նա Հատուկ գնդի այն զինվորներից է, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում երբևէ չեն ներկայացրել առողջական, անձնական, ընտանեկան կամ այլ պատճառաբանություններ` ազատվելու գնդի հերթական ելքերից ու ռազմերթերից, և բացառիկ պարտաճանաչությամբ միշտ գտնվել է իր տեղում, մասնակցել է բոլոր մեծ ու փոքր ճակատամարտերին, պաշտպանական ու տարածքների ազատագրման, հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին: Սկսելով ջոկի հրամանատարից՝ նա մեկ տարի անց նշանակվում է դասակի հրամանատար, հետո գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ 1993թ.-ի մարտին՝ գումարտակի հրամանատար: Մեր առաջին հանդիպումը և ծանոթությունը կայացել է հենց այդ օրերին: Մարտի 21-ին, որպես «Հայ զինվորի» թղթակից, մեկնեցի Կապան, որտեղ առաջադրանքներս կատարելուց հետո՝ ամսի 24-ին, ուղևորվեցի Լաչինի հարավային կողմը: Ասեմ, որ ինչպես Կապանում, այնպես էլ այստեղ դիրքային հրաձգությունները չէին դադարում: «Ստրոյկա» կոչվող կիսակառույցում տեղավորված Գունդը զբաղված էր ազատամարտիկների կողմից «Կոբրա» անունն ստացած լեռնաշղթայով անցնող առաջնագծի դիրքերի պաշտպանությամբ: Երեկոյան զորամասի և ստորաբաժանումների հրամանատարական կազմի կողմից իրավիճակի քննարկումից հասկացա, որ պաշտպանության ընթացքում կատարել են նաև դիրքերի ամրացման, կապի ապահովման, նոր դիրքերի ստեղծման աշխատանքներ: Երեք-չորս օր Կապանում և Լաչինում մշտապես շփվելով անձնակազմ ղեկավարող, զորամասային տնտեսություն վարող, պաշտպանություն կազմակերպող ու մարտ ղեկավարող սպայակազմի հետ, համոզվեցի, որ, իրոք, լավագույն տղաները, ազգի ընտրանին բանակում է, սահմաններում, որտեղ պետության ու ժողովրդի ճակատագիրն է որոշվում: Ես հատկապես տպավորվել էի Աշոտ Մարտիրոսյանի համեստությամբ, բանիմացությամբ, ենթակա անձնակազմի անվտանգության ապահովման մտահոգությամբ, իրավիճակը սառնասրտորեն վերլուծելու, գնահատելու կարողությամբ: Մեր կարճատև զրույցի ժամանակ իմանալով, որ ես բանակի նորաստեղծ պաշտոնաթերթն եմ ներկայացնում, նա ասաց.

-Թերթը կնպաստի բանակի արագ ձևավորմանը, զինվորները հաճախ իսկական սխրանք են գործում, հարկավոր է գրել նրանց մասին, ոգևորել:

Նա փաստորեն մի քանի օր առաջ էր ստանձնել երկրորդ գումարտակի հրամանատարի պարտականությունները և տեղափոխվել այստեղ, իսկ խորհրդակցությունից հետո վերադարձավ «Կոբրա», որտեղ գումարտակի շտաբն էր տեղակայված: Առաջադրանքս կատարելով՝ մարտի 27-ին վերադարձա Երևան, իսկ մի քանի օր անց իմացա ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից Քարվաճառի կրակակետերի ոչնչացման, տարածքն իրենց հսկողության տակ առնելու, միաժամանակ հակառակորդի օդուժի կողմից Կապանը ռմբակոծելու և «Կոբրայի» դիրքերում տեղի ունեցած մեծ ճակատամարտի մասին: Այդ օրերին Լաչինից վերադարձած տղաներից մեկը ոգևորությամբ պատմեց, թե ինչպես են պաշտպանվել ու խափանել ադրբեջանցիների հարձակումը, իսկ տարիներ անց նույն կռվի մասին կարդացի նաև Աշոտի օրագրում. «…մարտի 20-30-ին հակառակորդը պարբերաբար հրետակոծում էր մեր դիրքերը…, գյուղը, որտեղ տեղակայված էր գումարտակի շտաբը: Մարտի 30-ին նրանք անցան հարձակման, բայց մենք գրոհը հետ մղեցինք՝ ցավոք տալով մեկ զոհ՝ Ռազմիկ Խաչիկի Միրզոյան, վաշտի հրամանատար, և երկու վիրավոր… Ամենից ահավորն ու դաժանը 1993թ. ապրիլի երեքի մարտն էր: Կորցնելով Քարվաճառը, հակառակորդն իր ամբողջ ուժերը նետեց մեր ուղղությամբ՝ նպատակ ունենալով շտկելու իրավիճակը: Քարվաճառում տարած հաղթանակի համար ապրիլի երկուսին մեր տրամադրությունը բարձր էր, բայց ես անհանգիստ էի: Հակառակորդի քար լռությունն իմ մեջ կասկածներ էր առաջացնում: Ուշ գիշերով ստուգեցի բոլոր դիրքերը, վաշտի հրամանատարներ Արամ Ներսիսյանին, Մանուկ Մկրտչյանին, շտաբի պետ Օնիկ Վարդանյանին ասացի, որ որքան հնարավոր է, զգույշ լինեն…: Ինձ թվաց՝ աչքս նոր է կպել, երբ վեր թռա արկերի պայթյուններից: Ժամը 5: 45 էր, հասկացա, որ մեծ կռիվ է լինելու: Լսելով զեկույցները՝ հրամայեցի անձնակազմին լավ պատսպարվել, որովհետև համոզված էի, որ հակառակորդի հրետանին երկար է աշխատելու: Քանի որ այդ օրերին Լաչինի հարավային հատվածի ընդհանուր հրամանատարությունն ինձ էր վստահված, իրավիճակի մասին զեկուցեցի գնդի հրամանատար Գ. Մելքոնյանին և Լաչինի գլխավոր հրամանատար, գնդապետ Հ. Հարոյանին…»:

Հետո նա մանրամասն ներկայացնում է օրվա ընթացքում հակառակորդի երեք հրետակոծությունների և դրանց հաջորդած հետևակի երեք գրոհների մանրամասները, հիշում դիրքերի, հատկապես Առաջինի և 01-ի պաշտպաններին, զոհվածներին, վիրավորներին:

Սրանք ընդամենը դրվագներ են՝ վերցված գնդապետ Աշոտ Մարտիրոսյանի հարուստ մարտական ուղուց: Իսկ այդ ուղին սկսվել էր վաղուց, Հայաստանի սահմանների պաշտպանությունից, շարունակվել Շահումյանի շրջանում, ԼՂՀ տարբեր հատվածներում, Լաչինի հյուսիսում, հետո շարունակվել դեպի Կուբաթլու, Ֆիզուլի, 1993թ. դեկտեմբերի 31-ից՝ Օմար… Մի քանի անգամ վիրավորվել է, ստացել սալջարդ, սակայն շարքից երբեք դուրս չի եկել: Երեք անգամ նրան համարել են զոհված՝ համոզված լինելով, որ բացառվում է տվյալ մարտում որևէ մեկի ողջ մնալու հավանականությունը, սակայն բոլոր կռիվներից նա իր անձնակազմի հետ դուրս է եկել պատվով, անվնաս, ամբողջական կազմով կամ նվազագույն կորուստներով:

Հրադադարի հաստատումից հետո Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց պետական սահմանի պահպանություն իրականացնող զորամասերից մեկի շտաբի պետ, այնուհետև, որպես ավագ սպա, աշխատեց օպերատիվ վարչությունում, թիկունքային զորամասերից մեկի շտաբի պետն էր, 2004թ.-ից՝ զորամասի հրամանատար:

-Ծնվել եմ 1954թ., Իջևանի Սևքար գյուղում, սովորել եմ տեղի միջնակարգ դպրոցում: Մեր ազգը 500 տարվա տոհմածառ ունի, Սևքար է տեղափոխվել Քուռ գետի ափից կամ էլ Արցախի Ճարտար գյուղից: Հավանաբար ճիշտը երկրորդ վարկածն է, որովհետև մեր տարածաշրջանում Արցախից վերաբնակեցվածները շատ են: Դպրոցից հետո սովորել եմ առեւտրատնտեսագիտական տեխնոլոգիաների ինստիտուտում, որը շատ վաղուց գոյություն չունի, և աշխատել Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտում: 1988թ., երբ տեսանք, որ շարժման նկատմամբ բռնություն է կիրառվում, ինստիտուտի երիտասարդ աշխատողներով սկսեցինք մարզվել, կրակել սովորել, հետո միացանք քաղաքի տղաներին: Ավելի ուշ ձևավորվեց Աշտարակի վաշտը՝ Վահան Պապոյանի հրամանատարությամբ, իսկ 1990թ., երբ ստեղծվեց Հատուկ գունդը, մեր վաշտը դարձավ գնդի երկրորդ գումարտակի կորիզը: Այն ժամանակ ես 36 տարեկան էի և մտածում էի, որ կռիվը կվերջանա, Արցախի հարցը կլուծվի, ու մենք կդառնանք մեր գործին, բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, կռիվը չվերջացավ, մեր զոհված ընկերներն իրենց լուռ ներկայությամբ պարտադրեցին, որ մնանք շարքում ու շարունակենք պայքարը:

-Տեսնո՞ւմ եք Ձեր հին ընկերներին,- հարցնում եմ:

-Գնալով ավելի ուշ-ուշ ենք հանդիպում: Զինվորական ծառայության մեջ քչերն են մնացել: Մարդիկ հեռացել են միմյանցից, շատերը՝ հայրենիքից: Ես անձամբ ձգտում եմ կապ պահպանել, հանդիպել, բայց զգում եմ, որ տղերքը սոցիալապես լավ վիճակում չեն և դրանից էլ շատ են ընկճված: Օրինակ՝ իմ գումարտակի ութսուն տոկոսը կարիքավորներ են, չեն կարողանում երեխաների ուսման վարձերը, նրանց ամուսնությունների ծախսերը հոգալ: Եվ եթե ես ոչնչով չեմ կարողանում օգնել ինձ մոտ եկած ընկերոջս, զինվորիս, ինքս էլ եմ խեղճանում: Ազատամարտիկների սոցիալական հարցերը պետք է հիմնավորապես լուծվեն, հարկավոր է նրանց վերադարձնել իրենց երբեմնի հպարտությունը, փառքը, քանի դեռ նրանք կան, քանի դեռ իրենց հայրենիքի զինվոր են զգում. ապացույցը՝ սահմանային վերջին իրադարձությունները, երբ առանց կանչի հայտնվեցին առաջնագծում:

-Հետայսու ի՞նչ է անելու գնդապետ Աշոտ Մարտիրոսյանը:

-Ինձ թոշակառուի կարգավիճակում չեմ պատկերացնում: ԼՂՀ-ում այդ հարցերը, կարծեմ, լավ են լուծված, զորացրվողների համար դարձյալ աշխատելու, երկրին օգուտ տալու պայմաններ են ստեղծում: Մեզ մոտ հնարավորությունները սահմանափակ են, որովհետև կազմակերպություններն ու ընկերությունները, հիմնականում, մասնավոր են, մնում է՝ զորացրվողներն իրենք մտածեն, ինչ-որ բան ձեռնարկեն, մանավանդ՝ ընտանիք պահելու համար թոշակը քիչ է:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Ազգային բանակ


18/09/2014