ԶԻՆՎՈՐԻ ԿՐՏՍԵՐ ԸՆԿԵՐԸ
Մենք հաճախ ենք մեր թերթում տպագրում դպրոցականների նամակներն ուղղված հայ զինվորին: Նրանց անկեղծ, անմիջական խոսքը, նրանց հավատն առ զինվոր և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում հայրենիքի պաշտպաններին: Հերթական այդպիսի նամակը տպագրելուց հետո մեզ գրեց Քարվաճառում ծառայող շարքային Արման Ղարիբյանը եւ խնդրեց տպագրել իր պատասխանը աշակերտներին: Նա իր նամակում գրում էր, որ հայ զինվորին առավել քան անհրաժեշտ է զգալ, որ ինքը սիրված եւ գնահատված է իր հայրենակիցների կողմից: Զինվորը իր ու ծառայակից ընկերների անունից շնորհակալություն էր հայտնել այն հավատի եւ վստահության համար, որ դպրոցականները տածում են իրենց նկատմամբ:
Վերջերս Արման Ղարիբյանը զորացրվել է եւ մեզ ուղարկել լուսանկար հետեւյալ մակագրությամբ. «Վերջապես հանդիպեցի Իննային, մի հրաշք աղջիկ, որը մեկ տարի շարունակ ինձ նամակներ էր գրում, երբ ես ծառայում էի հեռավոր Քարվաճառում: Մի օր Իննան նամակ էր գրել «Հայ զինվորին», այդ հայ զինվորն էլ բարեբախտաբար հենց ես էի…եւ այդպես սկսվեց մեր նամակագրական ընկերությունը: Երբ ընկերներս, որոնց հետ երկար ճանապարհ էի անցել, մոռացել էին ինձ, Իննան շարունակում էր գրել, հետաքրքրվում էր, թե ես ոնց եմ, ինչ եմ ուտում, ինչ եմ կարդում, ինչ եմ զգում… Իննան հրաշալի անձնավորություն է. բացի դպրոցում գերազանց առաջադիմություն ցուցաբերելուց, նաեւ երգի, դաշնամուրի եւ պարի խմբակ է գնում, նույնիսկ հասցնում է լողի գնալ: Նա ունի հիանալի, գիտակից ծնողներ, որոնք անում են ամեն ինչ իրենց երեխայի համար: Մի խոսքով, ծանոթացեք` Իննա Դանիելյան, իմ ամենակրտսեր ընկերը…
Հ.Գ. – Ես ու Իննան այսօր որոշեցինք հավատարիմ մնալ մեր շփման ձեւին` ձեռագիր նամակներին»:
Զինվորի եւ նրա կրտսեր ընկերոջ նամակագրական կապը անտարբեր չթողեց նաեւ մեր ֆեյսբուքյան ընթերցողներին: Գրառումը դիտվել է 12 080 անգամ, արժանացել 135 հավանման: Բազմաթիվ արձագանքներից մենք կներկայացնենք ընդամենը մեկը՝ Իննայի մոր մեկնաբանությունը. «Արմա՛ն ջան, սիրելի՛ զինվոր, հայրենիքի պաշտպան, մենք եւս շատ ուրախ ենք, որ Իննան քեզ նման գիտակից եւ բարեկիրթ ընկեր ունի: Այսօր իսկապես հիանալի օր էր: Հուսով եմ՝ ձեր ընկերությունը հարատեւ կլինի: Մեր ընտանիքի կողմից բարեւներ քո բոլոր զինակից ընկերներին»:
Մամուլը հզոր ուժ է, եւ այս դեպքը եւս մեկ անգամ ընդգծեց նրա առաքելությունը:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում