Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՅՈԹՀԱՏՈՐՅԱԿ` ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿԱՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Շուտով լույս կտեսնի տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Արկադի Երեմի Սարգսյանի մոնումենտալ աշխատության եզրափակիչ հատորը: Հեղինակի ինտելեկտուալ պոտենցիալի և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին են վկայում հրատարակված ավելի քան 240 գիտական աշխատությունները և 10 մենագրությունները:

Սակայն պետք է առանձնացնել նրա երկու առանձնահատուկ մենագրությունները, որոնք հիմնարար հետազոտությունների արդյունք են և, ըստ իս, իրենց հավասարը չունեն: Դրանք են «Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք» եռհատորյակը և «20դ. հայ ռազմական գիտնականները, նախագծողները, արտադրողները և փորձարկողները» քառհատորյակը, որտեղ առաջին անգամ հավաքված և համակարգված են տեղեկություններ այն հայերի մասին, ովքեր 20դ.-ում հաջողությամբ իրենց կյանքը կապել են ԽՍՀՄ հետախուզության և հակահետախուզության հետ ու այս ոլորտում հասել են տպավորիչ հաջողությունների և ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի այն ստեղծագործ մարդկանց, նրանց գործերի, նվաճումների մասին, որոնք ոչ ավանդական մոտեցումների արդյունքում ստեղծել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ականավոր նմուշներ: Մենագրությունները ձևավորված են 250 ունիկալ լուսանկարներով, որոնք հիմնականում տպագրվում են առաջին անգամ և հիանալիորեն լրացնում են տեքստային նյութը: Դրանք բարձր փաստագրական մակարդակով արված խորը վերլուծական աշխատություններ են:

Իր մենագրություններում հեղինակը չբացահայտված տեղեկությունների հսկայական շերտ է բարձրացնում; Նույնիսկ ներկայացված ավելի քան 1000 անձանց անունների մեծ մասը մինչ այժմ պրակտիկորեն անհայտ էին: Նրանց և նրանց գործունեության արդյունքների մասին, մի շարք պատճառներից ելնելով, գերադասում էին լռել, և դրանք հրապարակելու` հեղինակի որոշումը կարելի է միայն ողջունել, քանի որ դա յուրատեսակ երախտագիտություն է հանուն Հայրենիքի նրանց անտեսանելի, վեհանձն աշխատանքի համար:

Մենագրություններն ունեն 26 հավելվածներ. “Հայաստանի անվտանգության մարմինների հակիրճ պատմություն”, “Հայաստանի պետական անվտանգության մարմինների ղեկավարները”, “Հայաստանի ներքին գործերի մարմինների ղեկավարները”, “Աշխարհում հատուկ ծառայությունների գործարկության ինչպիսի՞ մոդելներ գոյություն ունեն”, “Գործակալների ինչպիսի՞ դասակարգում գոյություն ունի”, “Ունի՞ արդյոք հետախուզությունը իր սեփական ձեռագիրը”, “Ինչո՞վ են նմանվում և տարբերվում հետախուզությունն ու հակահետախուզությունը հանցավոր կազմակերպություններից”, “Արդյո՞ք կոռուպցիա կար ԽՍՀՄ պետանվտանգության մարմիններում”, “Որո՞նք են ահաբեկչության դեմ պայքարի` հատուկ ծառայությունների մեթոդները”, “Արդյո՞ք հատուկ ծառայություններն օգտագործում են թմրանյութերի յուրահատուկ հատկանիշներն իրենց շահերի համար և որոնք են թմրաբիզնեսի դեմ (թմրանյութերի պատրաստում և տարածում) պայքարի եղանակներն ու մեթոդները”, “Ո՞րն է համակարգչային հետախուզության դերը”, “Ի՞նչ նպատակներով կարելի է օգտագործել հեռախոսային խոսակցությունների (բանակցությունների) գաղտնալսումը”, “Հատուկ ծառայությունների գործունեությունում հաշվի առնվո՞ւմ է արդյոք էթնիկական գործոնը”, “Կանայք հետախուզությունում և հակահետախուզությունում”, “Գործակալական կապը հետախուզությունում և հակահետախուզությունում”, “Ալկոհոլի ազդեցության չեզոքացման եղանակները և գինարբուքի դեմ պայքարի ազգային միջոցները”, “Դավաճանության բազա”, “Ինչի՞ մասին է խոսում ԽՍՀՄ և ՌԴ պետանվտանգության մարմինների աշխատակիցների դավաճանության վիճակագրությունը”, “Ո՞րն է վերջին տարիների ռուսական հատուկ ծառայությունների մեծ ձախողումների պատճառը”, “Ո՞ր երկրի հետախուզությունն է այսօր համարվում աշխարհում ամենաուժեղներից և լավագույններից մեկը”, “Աշխատո՞ւմ է արդյոք հետախուզությունը մոտակա տարիներին աշխարհի զարգացման կանխատեսման վրա”, “Որո՞նք են հատուկ ծառայությունների գործունեության արդյունավետության նպատակներն ու չափանիշները ներկայում և ապագայում”, “Օգտագործո՞ւմ են արդյոք պետական գործիչները հետախուզական տեղեկատվությունն իրենց աշխատանքում”, “Մենագրության մեջ չներառված անձնաց ցուցակը և հակիրճ տեղեկություններ նրանց մասին”, “Գլխավոր նախագծողների ինստիտուտը և պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտների ու նախագծային բյուրոների հաջողության գաղտնիքը”:

Նշված մենագրությունների համար նախաբան են գրել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գ.Ա.Վարդանյանը և “Կարմիր դրոշ”-ի շքանշանակիր, միակ անլեգալ կին-հետախույզ Գ.Լ.Վարդանյանը, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ՌԴ նախագահին առընթեր տեխնիկական հանձնաժողովի նախագահ, տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր, Պետական մրցանակի դափնեկիր, բանակի գեներալ Յու.Ա.Յաշինը, ՌԳԱ ակադեմիկոս, Սոցաշխատանքի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր Ե.Ն.Ավրորինը, պաշտպանական տեխնիկայի գլխավոր նախագծող, ՌԳԱ ակադեմիկոս, Սոցաշխատանքի հերոս, Լենինյան և վեց պետական մրցանակների դափնեկիր Ա.Ի.Սավինը, ՌԳԱ ակադեմիկոս, Սոցաշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր Գ.Վ.Նովոժիլովը: Սրանք հենց այն մարդիկ են, որոնք հիանալի գիտեն, թե ով ով է և իրականում ինչ է արել:

Այս մենագրություններն առանձնանում են պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, շարադրանքի կոնկրետ և կենդանի ոճով, վառ, հասկանալի լեզվով, պատմական ճշգրտությամբ:

Մի հին ճշմարտություն կա. այն ժողովուրդը, որն իր անցյալը չի հիշում, ապագա չունի, կամ, չի կարելի մտածել ապագայի մասին` չիմանալով անցյալը: Իրոք, հասարակության կայունության ոչ միայն հիմքը, այլև նրա դինամիկ զարգացման կարևորագույն գործոնը, դեպի ապագա ձգտումը միշտ եղել է, կա և կլինի ժողովրդի հոգևոր միասնությունը, նրա պատմական հիշողությունը: Իհարկե, հիշողությունները չեն օգնի հետ բերել անցյալը, սակայն անպայման այն մարդկանց կօգնեն հասկանալ, ովքեր ցանկանում են իսկական ապագա:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մեր երկրում նման բան երբեք չի հրատարակվել: Հոյակապ մենագրություններ են, ուղղակի անհավանական: Մնում է մեկ անգամ ևս հեղինակին հայտնել մեր երախտագիտությունը այս փայլուն և յուրահատուկ աշխատանքի համար, որը զգալի ներդրում է հայագիտության մեջ:

Գեներալ-գնդապետ Մ.Հարությունյան

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


24/09/2014