ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է
Առհասարակ ցանկացած երկրի դրոշ բարձրացվում, և երկրի հիմնը հնչեցվում է երկու դեպքում` մեկ երկրի ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, և մեկ էլ, երբ տվյալ երկրի մարզիկը այս կամ այն սպորտաձևից դառնում է հաղթող: Հայոց եռագույնը բարձրացնելու և մեր պետության հիմնը հնչեցնելու հերթական պատմական ու բաղձալի պահը օրերս մեզ պարգևեցին հունահռոմեական ոճի մեր երկու տաղանդավոր ըմբիշներ` Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Ես համոզված եմ, որ դյուցազունների հաղթանակներից հետո հազարավոր մարդիկ աշխարհում, եթե չասեմ միլիոնավոր, մոտեցել քարտեզին ու մեր երկրի տեղն են փնտրել: Իսկ երբ գտել են, վստահ եմ, մնացել են զարմացած, թե ինչպես կարող է այդ փոքրիկ երկիրը համաշխարհային մարզական նման խոշոր ստուգատեսում խաղարկվող ոսկե մեդալների ութ հավաքածուից տիրանալ երկուսին և թիմային հաշվարկով աշխարհի հզորների մեջ գրավել պատվավոր առաջին տեղը:
Տաշքենդում կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր դեռ ավելի վաղ, և այն, ինչին սպասում էինք բոլորս` ազգովի: Երեք տարի այս հաղթանակը ուղղակի «թռչում էր» մեր ըմբիշների, հատկապես առավել փորձառու Արսեն Ջուլֆալակյանի ձեռքից: Սակայն այս անգամ նույնիսկ աշխարհի ուժեղագույններն անզոր գտնվեցին մեր ըմբիշների հետ մենամարտում: Եթե ռուս ըմբիշ Վլասովին սպորտային բախտը ժպտաց, և նա չհանդիպեց իր վաղեմի ախոյանին` Արսեն Ջուլֆալակյանին, ապա իրանցի ըմբիշ, աշխարհի, օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռզայիի բախտն ուղղակի չբերեց. նա կիսաեզրափակիչում հանդիպեց Արթուր Ալեքսանյանին և պարտվեց:
ԱՊԱՌԱԺԵ ԿԱՄՔՈՎ ԸՄԲԻՇԸ
-Սիրելի՛ Արսեն, կեցցե՛ս, քո բազկի զորությամբ վերջապես ապացուցեցիր, որ աշխարհում 75 կգ քաշային կարգում ուժեղագույնն ես և հրաշալի նվեր մատուցեցիր մեր երկրի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ մեր ժողովրդին, քո հազարավոր երկրպագուներին:
-Շնորհակալություն, անչափ զգացված եմ սրտաբուխ խոսքերի համար: Սպասված հաղթանակ էր: Հայաստանը երկու ոսկի նվաճեց: Բացառիկ երևույթ համաշխարհային սպորտի պատմության մեջ: Անչափ երախտապարտ եմ իմ ժողովրդին ջերմեռանդ, բացառիկ աջակցության համար: Շնորհակալ եմ այն երջանիկ պահերի, ակնթարթների, այն սրտաբուխ զգացմունքների համար, որ մեզ պարգևեցին մեր հայրենակիցները, հայրենական սպորտի կազմակերպիչները` ԱՕԿ-ը` ի դեմս նրա նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանի, ըմբշամարտի ֆեդերացիան` ի դեմս ֆեդերացիայի նախագահ պարոն Սամվել Կարապետյանի և փոխնախագահ Սամվել Գևորգյանի, մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին և անում են մեր հաղթանակների համար, սպորտի և երիտասարդության նախարարությունը` ի դեմս Գաբրիել Ղազարյանի…
-Քո հաղթանակը պատմական է մի քանի առումով. նախ` առաջին անգամ առաջինը հռչակվեցիր մոլորակի վրա, հաղթանակդ եղավ անկախության շեմին և, ինչպես տեղեկացանք անգլիական Բի ԲԻ Սի հեղինակավոր հեռուստաընկերությանը տված քո ուղղակի հրաշալի հարցազրույցից, աշխարհում առաջին և միակ դեպքն է, երբ մի ընտանիքից երկուսը` հայր ու որդի, դառնում են Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Այս բացահայտումն ի լուր աշխարհի արեց անգլիացի լրագրողը…
-Այս վերջինը ինձ, մեր ընտանիքի համար էլ էր անակնկալ: Ինքս արխիվները չեմ ուսումնասիրել և ասվածը հաստատել չեմ կարող, բայց և չեմ էլ կարծում, որ նման հեղինակավոր հեռուստաընկերության աշխատակիցը չճշտված տեղեկություն հրապարակի:
-Երանի~ 2016 թվականի օլիմպիական ոսկին էլ նվաճես և այս ռեկորդը դարեդար դարձնես Ջուլֆալակյան, դարձնես հայկական:
-(Ժպտում է): Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց ամեն ինչ կանեմ, որ դա իրականություն դառնա:
-Ես մշտապես հետևում եմ քո մրցելույթներին և այն տպավորությունն եմ ստացել, որ չեմպիոնական ոսկին ինքն իր ոտքով գալիս է քո դուռը, բայց դու կարծես «նրան չես ընդունում», և այն հայտնվում է այլ հասցեում…
-Էլ բաց չեմ թողնի: (Ծիծաղում է):
-Ասում են` մեր ժողովուրդն այսպիսի համաժողովրդական ցնծություն և ուրախություն է ապրել, այսքան համախմբված ու միասնական է եղել Տիգրան Պետրոսյանի, Արարատ-73-ի, Յուրի Վարդանյանի, շախմատի մեր օլիմպիական չեմպիոնների հաղթանակների, Արցախյան զարթոնքի տարիներին…
-Կարծում էի, որ հիմա այն օրերի համեմատ շատ բան է փոխվել, բայց մեր ժողովուրդը ցույց տվեց, որ միշտ հաղթանակի սպասում ունի, հավատում է իր զավակներին, վստահում նրանց ուժին… Համաժողովրդական ցնծությունը ուրախության հենց դրա վկայությունն էր: Անձամբ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նման երջանկություն պարգևել մեր ժողովրդին: Նույնը` Արթուրը:
-Արվեստը, մշակույթը, սպորտը այն բնագավառներն են, որ մեծ ճանաչում են բերում ցանկացած ազգի, պետության:
-Այլ կարծիք չի կարող լինել. արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչները իրենց երկրների դեսպաններն են…
-Առաջիկա ծրագրերիդ մասին մի երկու խոսք կասե՞ս:
-Մի քանի օրից մեկնելու եմ Գերմանիա` մասնակցելու տեղի ակումբային առաջնությանը: Հետո մասնակցելու եմ Ծաղկաձորում անցկացվելիք հավաքներին, հետո կհանգստանամ: Եկող տարի էլ մասնակցելու եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Նորից ասեմ` չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել. ինչպես ասում են` մարդ որոշում է, Աստված` տնօրինում:
-Հավանաբար դու էլ ամեն հաղթանակից հետո մտքով շնորհակալություն ես հայտնում քո առաջին մարզչին…
-Անպայման: Իմ առաջին մարզիչը Գագիկ Սարգսյանն է: Նրա մոտ եմ սերտել ըմբշամարտի այբբենարանը: Երբ նա թողեց մարզչական աշխատանքը, ես մարզվելու տեղափոխվեցի Արամ Գասպարյանի մոտ: Այնուհետև, երբ ընդունվեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և տեղափոխվեցի Երևան, սկսեցի մարզվել Սամվել Գևորգյանի մոտ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հայրիկիս` Եվրոպայի բազմակի, աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, նրա անուրանալի վաստակի համար, ազգային հավաքականում նրա կատարած մեծ ծավալի աշխատանքի համար:
-Արսե՛ն, ես հիշում եմ, 2010 թվականին դու դարձար Աշխարհի մեծահասակների փոխչեմպիոն և նույն տարում ճանաչվեցիր հայոց բանակի լավագույն մարզիկ: Կուզեի քո սրտի մաղթանքները հղեիր սահմանում կանգնած մեր զինվորին:
-Մեծ սիրով: Մեծ սիրով: Այնպիսի երկրում և այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ բանակի գործոնը անչափ մեծ դեր է խաղում: Ամեն օր հայ զինվորն է հսկում ու պահպանում մեր անդորրը, նրա շնորհիվ է, որ այգաբացը խաղաղ է բացվում, իսկ արշալույսն էլ խաղաղ իջնում մեր երկրի վրա: Հայ զինվորն է ապահովում մեր երկրի ու ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Այսօր չկա մեկը, որ փոքր-ինչ կասկածի տակ առնի մեր զինուժի, հայ զինվորի ու սպայի մարտական պատրաստվածության բարձր աստիճանը: Մեր թշնամին, աշխարհը վերջերս ևս մեկ անգամ համոզվեցին, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, իսկ նրա զինվորը` ամենաուժեղն է, ամենապատրաստվածը և ամենախաղաղասերը. ինչը բազմիցս ապացուցել է խաղաղապահ առաքելությունների ընթացքում: Ես միշտ հիշում և աղոթում եմ նրանց համար:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԻՑԸ
Երբ զանգահարեցի Արթուր Ալեքսանյանի հորը, որն ի դեպ նաև որդու անձնական մարզիչն է, ասաց. «Անչափ զգացված եմ, որ մեր բանակի թերթն է անդրադառնում մեր ըմբիշների հաղթանակին: Նրանք երկուսն էլ ժամանակին ծառայել են ազգային բանակում. ծառայության ժամանակ Արսենը դարձել է Եվրոպայի մեծահասակների, աշխարհի փոխչեմպիոն, իսկ Արթուրը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն: Իսկապես շատ ուրախ ու հպարտ եմ, որ մեր մարզիկները անկախության տոնից մի քանի օր առաջ կարողացան մեր ազգին ևս մեկ անգամ ուրախացնել: Տղաները բարձր մակարդակով անցկացրին ողջ մրցաշարը, նրանք իրենց հաղթանակով աշխարհին ցույց տվեցին, որ հայը պետք է լինի ու միշտ էլ պետք է այդպես հզոր լինի»:
Առաջին անգամ պատմության մեջ մեր ըմբիշները միանգամից երկու քաշային կարգերում ոսկի նվաճեցին, թիմային հաշվարկով գրավեցին առաջին տեղը, և նաև, որ մեկ տարում երկու աշխարհի չեմպիոն ունեցանք: Այդպես եղել էր ուղիղ քսան տարի առաջ, երբ աշխարհի երկու հաղթող ունեցանք` հունահռոմեական ոճի ըմբիշ Մնացական Իսկանդարյանն ու հրաձիգ Երջանիկ Աբգարյանը:
Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ երկու չեմպիոններն էլ, չնայած իրենց բազմազբաղվածությանը, առանց տատամսելու, անմիջապես և սիրով համաձայնեցին «Հայ զինվորի» համար ժամանակ գտնել ու հարցազրույց տալ:
-Արթո՛ւր ջան, շնորհավորում եմ պատմական հաղթանակդ, հաղթանակ, որ հավերժ կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ:
-Շնորհակալություն շնորհավորանքի համար: Այդ հաղթանակը միայն իմը չէ, այն իմ երկրինն է, իմ ժողովրդինը, մեր թիմի ու հայկական սպորտի հաղթանակն է: Ես իմ բոլոր հաղթանակները նվիրել եմ իմ ազգին, և սա էլ բացառություն չէ:
-Արթո՛ւր, օրինակ՝ ինձ հետաքրքրում է` երբ հաղթանակիդ պատվին բարձրացվեց հայոց եռագույնը, ու հնչեց մեր երկրի հիմնը, ինչ զգացումներ ունեցար:
-Դժվար է բառերով նկարագրելը: Կարծես կյանքիս ամենամեծ երազանքը կատարվեց: Հուզվեցի, երբ երկրիս դրոշը բարձրացվեց, երբ ողջ մարզադահլիճը ոտքի կանգնեց… Դա բառերով չես պատմի…
-Մարզիկին համաշխարհային փառքի հասնելու համար ֆիզիկական բարձր պատրաստվածությունը քիչ է, ուրիշ էլ ի՞նչ է հարկավոր:
-Հարկավոր է, որ մարզիկը նաև աշխատասեր լինի, ճշգրտորեն կատարի մարզիչների տված առաջադրանքները: Պակաս կարևոր չէ, հատկապես մենամարտային մարզաձևերում, մրցաշարից առաջ մարզիկի հոգեբանական պատրաստվածության աստիճանը: Այս ամենի կատարյալ վիճակը էապես մոտեցնում է գալիք հաղթանակը: Եթե մարզիկը հոգեբանորեն պատրաստ չեղավ, մեծ արդյունքի չի կարող հասնել:
-Արթո՛ւր ջան, 2014թ.-ը գերազանց ես մեկնարկել, և որքանով ինձ է հայտնի, ոչ մի գոտեմարտ տանուլ չես տվել, ինչը վկայում է գերազանց մարզավիճակիդ, հավաքականում տիրող առողջ, իսկական մարզական մթնոլորտի մասին:
-2014թ.-ին մասնակցել եմ 6-7 մրցաշարերի, ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները և բոլորում էլ հաղթել եմ: Իսկ ինչ վերաբերում է հավաքականում տիրող մթնոլորտին, մեկ նախադասությամբ ասեմ` դրանից լավ չի լինում:
-Աշխարհի այս առաջնությունում ո՞ր մենամարտն էր առհասարակ քեզ համար կարևորը, վճռորոշը:
-Ինձ համար երբևէ չեն եղել կարևոր ու անկարևոր մենամարտեր, ներառյալ աշխարհի այս առաջնությունը, որտեղ իմ մրցակիցներից ամենից տիտղոսակիրը լոնդոնյան օլիմպիադայի հաղթող, աշխարհի եռակի չեմպիոն իրանցի ըմբիշն էր, և ամենից դժվար գոտեմարտն էլ նրա հետ ստացվեց: Կարևորը ռևանշն էր, որը կայացավ:
-Առաջիկա ծրագրերիդ մասին ի՞նչ կասես…
-Նախ՝ պետք է հանգստանամ: Դա լինելու է կարճատև հանգիստ, որից հետո մեկնելու եմ Գերմանիա` մասնակցելու այդ երկրի ակումբային մրցաշարին: Մրցաշարի ավարտից հետո վերադառնալու եմ հայրենիք` ազգային հավաքականի կազմում մասնակցելու ծաղկաձորյան հավաքներին: 2015թ.-ին էլ մեր հավաքականին լուրջ փորձություններ են սպասվում` Եվրոպայի և աշխարհի հերթական առաջնությունները: Ի դեպ, 2015թ.-ի աշխարհի առաջնությունը, որը անցկացվելու է Լաս Վեգասում, վարկանիշային է լինելու: Պետք է շատ լավ պատրաստվենք, հաղթենք թիմով, որպեսզի օլիմպիական միավորներ վաստակենք և շատ մասնակիցներ ունենանք 2016թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկելիք Ամառային օլիմպիական խաղերին:
-Արթո՛ւր, այս հաղթանակիդ համար ո՞ւմ ես ավելի շատ պարտական, եթե կարելի է…
-…Առաջինը մարզչիս` Ռուբեն Գևորգյանին, հորս` Գևորգ Ալեքսանյանին, հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի, աշխարհի, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին և փոխնախագահ Սամվել Գևորգյանին, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանին և մեր ազգին, որի շնչառությունն ու աջակցությունը մշտապես զգացել եմ իմ թիկունքում:
-Ի՞նչ կմաղթեիր մեր զինվորներին, մեր երկրի պաշտպաններին:
-Մեր հայրենիքի պաշտպանների այս սերունդը գրեթե իմ հասակակիցներն են, և մենք բոլորս էլ անկախության տարեկիցներն ենք: Ես կասեի՝ մենք բոլորս էլ անկախության ծնունդ ենք: Իմ հաղթանակը նաև նրանց` իմ հերոս եղբայրների հաղթանակն է, որոնց շնորհիվ մենք` մարզիկներս, հանգիստ խղճով պարապում, մարզվում և մեր երկրի պատիվը կարողանում ենք բարձր պահել ամենատարբեր մարզական միջոցառումների ժամանակ: Փա՛ռք ու պատիվ հայկական բանակի զինվորին ու սպային, փա՛ռք հզոր ու հաղթական Հայոց բանակին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի բազմակի և աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի և Արթուր Ալեքսանյանի կյանքում օրերս շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Հայրենիքը բարձր գնահատեց տաղանդաշատ մարզիկների ծառայությունը, և մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նրանց պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Բանակ և հասարակություն, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում