Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԸՆԿՈՒԶԵՆԻՆ



-Գիտե՞ս Սեպտեմբերի 21-ն ի՞նչ օր է,- հարցրի գռուզ մազերով պատանուն:

-Իբր շատ եմ ուզում էս երկրում ապրեմ, որ հիմա էլ անկախության օրը հիշեմ,- փնչացրեց նա:

Ես հասկացա, որ նա գիտի, թե ինչ օր է Սեպտեմբերի 21-ը, բայց առնվեցի նրա տոնից, արտաբերած «Էս երկրից» արտահայտությունից: Զայրույթս զսպեցի ու ասացի.

-1991 թվականի սեպտեմբերի 21-ին ես էլ եմ «այո» ասել անկախությանը, ես էլ եմ կողմ քվեարկել ու դրանից դժգոհ չեմ: Ընդհակառակը, հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել նման կարևոր, ես կասեի՝ դարակազմիկ իրադարձության մասնակիցը դառնալու: Ասացի ու լռեցի: Ես այդ խոսակցությունն սկսել էի, որպեսզի նրան պատմեի անկախության հանրաքվեի մասին, բայց նրա վերաբերմունքից առնված՝ լռեցի: Չցանկացա նրան պատմել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ու Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռիշար Կազընավի մասին:

Ռիշար Կազընավը բարձրահասակ, սևահեր ֆրանսիացի էր, որ իր բան ու գործը թողած՝ եկել էր Հայաստան, որպեսզի հավաստիանա՝ հայերն արդյոք անարգել ու իրենց կամքո՞վ են քվեարկում անկախության օգտին, թե՞ բռնություն ու պարտադրանք կա այդ գործում: Ես՝ խորհրդային երկրի լրագրողս, մինչ այդ ֆրանսիացի տեսել էի միայն կինոյում կամ հեռուստատեսությամբ: Ես պատանուն չասացի, որ ես իրավունք չունեի արտասահմանցու հետ հարցազրույց վարելու: Չէ, ոչ մի օրենքում նման բան գրված չէր, բայց չէր խրախուսվում: Չասացի, թե գերմանացի զբոսաշրջիկ ուսուցիչների հետ կապ հաստատելու համար ստիպված էի եղել բացատրագիր գրել համապատասխան մարմիններում:

Ի՞նչ ասեի… Ես պարզապես հիշում էի 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, որ աշնանային սովորական օր էր: Լեռնաշխարհի համար արդեն ուշ աշնանային, Երևանի և Արարատյան դաշտի համար՝ դեռևս շոգ: Բայց այն կարևոր էր նրանով, որ մեր ապուպապերի երազանքն իրականություն դարձնելու օր էր: Դրա համար էր այդքան անսովոր: Մարդիկ գալիս, քվեաթերթիկը գցում էին տուփի մեջ և գնում էին ժպիտը դեմքներին: Եթե կային այնպիսիները, ովքեր ամբողջությամբ չէին հասկանում իրենց քվեարկության արժեքը, միևնույն է, ենթագիտակցությամբ ընկալում էին, որ կարևոր վճիռ են ընդունում:

Ես վիրավորված եմ պատանու վերաբերմունքից, չնայած գիտեմ, որ նրա շատ հասակակիցներ, եթե չասենք՝ նրանց մեծամասնությունը, հասկանում է ու գնահատում անկախության արժեքը: Նրանք սահմանին կանգնած սանձում են թշնամու ախորժակը, նրանք կյանքներն են տալիս հանուն երկրի ու նրա անկախության: Գիտեն ու հասկանում են, որ դա անքննարկելի, անգնահատելի արժեք է, բայց նաև գիտեմ, որ պատանին մեղավոր չէ: Մեղավորը մեր սերունդն է այն բանի համար, որ անկախությունը դեռևս այնպես չի ընկալվում, ինչպես հարկն է:

Շատ կուզենայի, որ ընկալվեր և ամեն ոք ուրախությամբ սպասեր այդ օրվան, իր պատուհանից երկրի դրոշը կախեր:

Կուզենայի, որ իմ երկրի բանակում թշնամու և, որ ավելի ցավալի է, ազգակցի ձեռքով զոհված զինվորական չլիներ:

Ուրիշ… կարծեմ երկրի գրեթե բոլոր մարդկանց սրտից խոսած կլինեմ, եթե ասեմ, որ կցանկանայի, որ իմ հոր չորս զավակներից երեքը դրսում չլինեին, նրա թոռները պանդուխտի ցուպ չունենային իրենց ձեռքերում:

Կուզենայի… Ընթերցողը, լինի գեներալ, շարքային զինվոր, պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի, այդ շարանը կարող է էլի ավելացնել: Բայց ես ուզում եմ այստեղ ընդհատել ու ասել.

-Ես սիրում եմ իմ երկիրը և ուրախ եմ նրա անկախության համար: Սիրում եմ երկրիս դրոշը, սիրում եմ օրհներգը, սիրում եմ անձնագիրս՝ վրան զինանշան: Չնայած յուրաքանչյուր հայի նման իմ կարծիքն ունեմ դրանց ձևի ու բովանդակության մասին, բայց սիրում եմ: Սիրում եմ նաև իմ երկրի բանակը, որ անկախության թիվ մեկ երաշխավորն ու պահապանն է:

Քանի՞ սերունդ է երազել անկախության մասին, քանի քանիսն են գլուխները դրել հանուն այդ գաղափարի, քանի~ քաջասիրտ հայորդի է զինվորականը եղել օտար բանակների և երազել ունենալ սեփականը, իր գիտելիքները, փորձը, քաջությունը ծառայեցնել սեփական հայրենիքին: Հիմա իրականացել է այդ հնարավորությունը:

Առայժմ այնպես չէ, ինչպես կուզենայինք, բայց նույնիսկ շոտլանդացիները, որ ավելի լավ են ապրում քան բրիտանները, դարձյալ դժգոհ են իրենց կյանքից ու անկախության են ձգտում:

Ես հաճախ եմ մտքումս անկախությունը ընկուզենի տնկելու հետ համեմատում: Ժողովուրդն ասում է, չէ՞, ընկուզենի տնկողը դրա բերքից չի ուտում: Այսինքն՝ այնքան ուշ է բերք տալիս ընկուզենին, որ… Ես դրան կավելացնեմ, որ մենք մեր ընկուզենին տնկել ենք քար ու քռա տեղում, մեր ծառը չսիրող մարդկանց հարևանությամբ: Դրա համար էլ պարտավոր ենք ամեն օր ջրել ու խնամել այն, պարտավոր ենք դա անել այն գիտակցությամբ, որ անպայման մրգահաս է լինելու: Եթե ոչ մեզ համար, ապա մեր թոռների համար՝ անպայման:

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հ.Գ.
Գրեցի ու հիշեցի, որ այժմ ընկուզենու տունկերն ավելի շուտ են բերքավորվում ու ամեն օր ջնջում են ժողովրդական իմաստնությունը:
Ուրեմն` մեր ծառը ջրենք ու խնամենք ամեն օր: Չմոռանանք՝ այն արդեն ահագին սաղարթ ունի և մեկ-մեկ, սիրտը նեղված կամ հոգնած ժամանակ, կարելի է նրա տակ նույնիսկ քեֆի սեղան բացել:

Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


25/09/2014