ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
«Պետք է մի քիչ ավելի ակտիվ լինենք»,-ապագա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը
«Ես շատ եմ կարեւորում այս հանդիպումը, որովհետեւ համարում եմ, որ ժուռնալիստները մեր հասարակության առաջամարտիկներն են: Եթե հետախուզության աշխատակիցներին ասում են գաղտնի պատերազմի զինվորներ, իսկ դուք բացահայտ՝ տեղեկատվական դաշտում ծավալվող պատերազմի զինվորներն եք եւ այսօր առաջին շարքում եք կանգնած, ինչպես մարտական դիրքը պահող զինվորը»,- այսպես արտահայտվեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: 2004-2005 թվականներից հետո եւ հատկապես վերջին մի քանի տարիներին, տեղեկատվական պատերազմները Հայաստանի համար լուրջ մարտահրավեր են: Եվ հենց այս համատեքստում էլ շատ կարեւոր է, որ ժուռնալիստը իմանա, թե ինչ կարելի է գրել, ինչ` ոչ, պետք է պահպանի մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները, լինի պատասխանատու եւ առաջնայինը երկրորդականից տարբերելու զգացողություն ունենա: Շատ հաճախ լրագրողի չկշռադատված խոսքը կամ չմտածված քայլը ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին: Հետեւաբար, ապագա լրագրողի համար նմանատիպ հանդիպումները ուսանելի են եւ նպաստավոր առիթ՝ իմանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:
Փորձագետի հավաստմամբ՝ թուրքական կողմը լուրջ գումարներ է ծախսում այս ասպարեզում՝ ներգրավելով պրոֆեսիոնալ կազմ, իսկ մենք, հակառակը, հաճախակի վրիպումներ ենք թույլ տալիս, ինչի իրավունքը չունենք, եւ մենք այս գործում նաեւ պրոֆեսիոնալների պակաս ունենք, ինչու չէ՝ լուրջ ֆինանսավորման խնդիր ունենք լուծելու: «Անցած տարի ՊՆ մի քանի բաց քննարկում կազմակերպեց ուսանողների, հասարակական կազմակերպությունների հետ, եւ այդ գործընթացը շարունակվում է: Եղե՛ք ակտիվ, մասնակցեք քննարկումներին, սուր հարցադրումներ արե՛ք,- ապագա լրագրողներին հորդորեց փորձագետը եւ ավելացրեց: -Չկա այնպիսի մի հասարակություն, որում վատ աշխատող համակարգը բարեփոխվի առանց լուրջ պետական մասնակցության եւ աջակցության: Հասարակությունը պետք է պահանջատեր լինի եւ տեր կանգնի իր արժեքներին՝ հին, թե նոր, որոնք իրենց մեջ կրում են մեր այսօրվա երիտասարդները: Դուք՝ վաղվա լրագրողներդ, ձեր մատուցած ազգանպաստ ծառայությամբ շատ բան կարող եք փոխել հասարակության մեջ: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ պրն. Հովհաննիսյանը նշեց. «Երբեմն մենք շատ ուշ ենք արձագանքում իրադարձությունների ընթացքին, երբեմն էլ վաղօրոք բարձրաձայնում ենք ավելին, քան պետք էր, որից էլ օգտվում է մեր հակառակորդը: Օրինակ՝ անցած տարի որեւէ մեկը չասաց, չգրեց, թե պիտի պահանջել միջազգային կազմակերպություններից պատժել Ադրբեջանին այս կամ այն ապակառուցողական գործունեության համար, կամ համեմատության մեջ ներկայացվեր փաստը. եթե մենք, դիցուք, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին այսքան զոհ ենք ունեցել, ապա նրանք՝ որքան ավելի…»:
Հանդիպման ավարտին, ամփոփելով իր խոսքը, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար ուրախալի է տեսնել, որ մեր երիտասարդությունը ըմբոստ է եւ ձգտում է բարձրաձայնել իրեն հուզող հարցերն ու հիմնախնդիրները, որոնց լուծմանը հետամուտ լինելով՝ դուք՝ լրագրողներդ, կարող եք փոխել մեր հասարակությունը…»:
ԱԼԻՍԱ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի Ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանողուհի