Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՍԵՐՈՒՆԴ



Կամոքն Աստծոյ եւ մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` Այո՛:
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

♦♦♦

Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը` ասելով՝ Այո՛:

Երեւի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձույլ չի եղել տրամադրված: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ: Բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու եւ միասնաբար մոտենանք քվեատուփերին եւ ասենք` Այո՛:

Ցանկանում եմ մեր ժողովրդին միասնություն, միասնություն եւ վերստին միասնություն:
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

♦♦♦

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր եւ Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ` որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

♦♦♦

«Այո»-ն մենք ըսինք այն ժամանակ, երբ եկանք հայրենիք: Եվ Այո պիտի ըսինք միշտ, որովհետեւ անկախության երջանկաբեր էությունը մենք միշտ երազած ենք ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ: Եվ մեր սերունդը, որ աշխարհներ ու ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը: Իսկ գրավականը մեկն է. այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք եւ հասկանանք, որ մեր փրկությունը մեր միասնականության մեջ է: Պետք է գիտնանք, որ ամսու 21-ին համերաշխաբար մեր հետագա երջանկության առաջին, բայց կարեւորագույն քայլը պիտի ընենք: Ուրեմն` անկախությանը` Այո՛:
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

♦♦♦

Արե՛ւ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Բանակ և հասարակություն


25/09/2014