ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ վարչական համալիրում ընդունեց Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Նախարարը հատկանշական համարեց այն, որ համաժողովն անցկացվում է Անկախության տոնի նախօրեին, եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ ողջ հայությունը պետք է միասնական ջանքերով ձեռնամուխ լինի համաժողովի ընթացքում վեր հանված խնդիրների լուծմանը:
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ Սեյրան Օհանյանի, իրենց ազդեցությունն են թողնում նաև սփյուռքի մեր գաղութների, Հայաստանի և Արցախի վրա: Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է լինել համախմբված, քանի որ, ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի, եթե մենք համախմբված ենք` կարող ենք ամենուր հասնել հաղթանակների:
Անդրադառնալով հակառակորդի արկածախնդիր պահվածքին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ 2014 թվականը ՀՀ զինված ուժերի համար լարված տարի էր: Հակառակորդի որդեգրած մարտավարությունը վտանգեց զինադադարի համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Սակայն հայկական բանակն իր առջև դրված խնդիրը գերազանց կատարեց` ետ շպրտելով հակառակորդին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համագործակցության երկու բանաձև առաջարկեց Հայաստան-Սփյուռք հինգերորդ համահայկական համաժողովի մասնակիցներին. «Առաջինը՝ հարկ եղած դեպքում բանակը վերածել տասը միլիոնանոց համաժողովրդական բանակի, և երկրորդ՝ ստեղծել անվտանգության կուռ համակարգ, որտեղ յուրաքանչյուրն իր գործով կնպաստի վտանգների չեզոքացմանը: Հայաստանը մեր կենտրոնն է, մենք այստեղ ենք համախմբվում, ուստի սփյուռքի կրթական, գիտական, ֆինանսական, բարոյական աջակցությունը կիրառելով՝ մենք պիտի այնպես անենք, որ սպառնալիքները տեղ չհասած մարեն»:
Ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել նախարարին:
Հանդիպման ավարտին «Հայ զինվորին» իրենց տպավորությունների, առաջարկությունների ու տեսակետների մասին պատմեցին համահայկական համաժողովի լրագրող մասնակիցները:
ԵՐԱՆ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ
«Ազատ խոսք» թերթի խմբագիր
«Ինչպես ամեն հայ կամ մեկը, որ հայկական արմատներ ունի, հայկական ինքնության գիտակցություն ունի, շունչը պահած հետևում էր օգոստոսյան իրադարձություններին, զինադադարի խախտումներին: Ես այնքան հպարտ զգացի, որ ունենք հայկական զորավոր բանակ, հայկական զորավոր պաշտպանության նախարար, նրանք փաստեցին, որ մեր հայրենիքի ապահովությունը ամուր ձեռքերում է: Մենք ունենք ոգի, մենք մարտունակ ենք, որն էլ մեզ կհուսադրի սփյուռքում: Այդ ոգին փոխանցվեց համայն հայությանը, դարձյալ մեկ սիրտ, մեկ բռունցք եղանք: Սփյուռքը միշտ բարոյապես աջակցում է հայոց բանակին, բայց նույնիսկ ֆինանսական օգնությունը կամ օտար պետություններում հայանպաստ դիրքորոշում ստեղծելն էլ տակավին բավարար չէ, մենք ավելի կազմակերպված պետք է կարողանանք օգնել հայրենիքին եւ հայապահպանման գործին: Ես համաժողովի ընթացքում առաջարկեցի՝ սփյուռքը պետք է վերակազմակերպվի, որովհետև այն բազմաշերտ և բազմաբնույթ է, պետք է կարողանանք այդ տարբերությունները հաղթահարել՝ ստեղծելով միասնական ներկայացուցչական մարմին, որը կներկայացնի համայն սփյուռքի շահերը, զորաշարժի կենթարկի սփյուռքահայ զանգվածը, որպեսզի ավելի նպատակային գործենք»:
ՀԱԿՈԲ ՊԱԼՅԱՆ
Լիբանանի «Բագին» թերթի գլխավոր խմբագիր
«Պաշտպանության նախարարը շատ դիպուկ էր՝ ասելով, թե հայկական բանակը ամենամեծ երիտասարդական կառույցն է: Այսօր մենք հայապահպանման խնդիր ունենք, մեր լեզվին, մեր տեսակին սպառնացող ալիքներն ուժգին են, և այս պայմաններում հայկական բանակը պետք է դառնա հայ լեզուն, հայ մշակույթը քարոզող այն դպրոցը, որտեղ երիտասարդները կհաղթահարեն կեցվածք ձեւավորելու խնդիրը: Ես հետեւում եմ և տեսնում, որ զորամասերում հաճախ են հյուրընկալվում ընդունված տիպարներ, ինչը ողջունելի է, նրանք վստահաբար կկարողանան զրուցել, հեղափոխել երիտասարդներին: Ինչ վերաբերում է Սփյուռք-Հայրենիք համագործակցությանը, պետք է ասեմ, որ սփյուռքը գոյատևման լուրջ խնդիրներ ունի, և պետք չէ այն դիտարկել որպես հասույթի աղբյուր: Ժողովրդի գիտակցության մեջ պետք է փոփոխություն մտցնել, ի վերջո, պետք է հասկանալ՝ սփյուռքահայը նախեւառաջ զգացական հայ է… Ցանկալի է, որ սփյուռքի նախարարությունում աշխատեն մարդիկ, որոնք սփյուռքը ճանաչում են, հասկանում, ընկերային ըմբռնում ունեն, այս պարագայում գործը կթեթեւանա»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Բանակ և հասարակություն