ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՈՒՂԵՐՁԻՑ
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:
♦♦♦
23 տարի առաջ այս օրը բոլորս միասին ընտրություն կատարեցինք հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության:
♦♦♦
Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլև հայության բոլոր հատվածների համար: Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես պետություն, Արցախի հետ ուս ուսի հակառակորդին պարտադրեց արժանապատիվ զինադադար, բարձրացրեց երկրաշարժից ու պատերազմից խոնարհված իր գյուղերն ու քաղաքները, ոտքի կանգնեց սովի ու խավարի միջից՝ ուղղելով իր մեջքը:
♦♦♦
Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի և Արցախի, ինչպես նաև համայն հայության միասնական կեցվածքը:
♦♦♦
Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում: Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:
♦♦♦
Ու թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի: Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը և քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և եթե դժվարանում են հասկանալ, թե դա ինչ է, ապա դա ամենևին էլ մեր խնդիրը չէ: Մեր արժեքներն այլ են. ժողովրդավարություն, քաղաքական ազատություններ, խաղաղություն և մարդասիրություն, նաև հարգանք բոլոր ժողովուրդների, այդ թվում և՝ ադրբեջանցի ժողովրդի հանդեպ:
♦♦♦
Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետևողական բալանսավորման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ: Մենք ձևավորում ենք որակապես նոր հասարակություն: Մենք դա չենք անում, որպեսզի օտարները գան և մեզ բարձր կամ ցածր գնահատական տան: Մենք դա անում ենք, քանզի համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է: Մեր աշխարհայացքի հիմքում մարդն է, նրա շահերը, իրավունքները և բարեկեցությունը:
♦♦♦
Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար: Մենք իբրև ազգ և պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, և սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է:
♦♦♦
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա բարձրանում և մարմին է առնում ողջ հայության դարավոր երազանքը:
♦♦♦
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Խորագիր՝ #37 (1055) 25.09.2014 – 1.10.2014, Ռազմաքաղաքական