ԵՌԱԳՈՒՅՆԸ, ԻՄ ՍԻՐԱԾ ԳՈՒՅՆԸ
Անկախության տոնի նախօրյակին հերթական ուրախ լուրն ստացանք Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից` երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Արսեն Գագիկի Ղազարյանը նվաճեց արծաթե մեդալ:
Օրերս նա հյուրընկալվեց մեր խմբագրությունում:
-ԶՈՒ-ի անունից սրտանց շնորհավորում ենք հաղթանակդ:
-Շնորհակալություն: Շատ էի ուզում չեմպիոն դառնալ, բայց չստացվեց. եզրափակիչում պարտվեցի իսրայելցի այն մարզիկին, որին հաղթել էի անցած տարի:
-Հե՞շտ է ձյուդոյում մեդալ նվաճելը:
-Ոչ մի մարզաձեւում էլ հեշտ չէ:
-Քանի մենամարտ անցկացրիր:
-Հինգ: Բոլորն էլ դժվարին մենամարտեր էին:
-Ամենից տպավորիչը ո՞րն էր:
-2013 թվականի Եվրոպայի երիտասարդների հաղթող, 2013թ. Եվրոպայի գավաթակիր ադրբեջանցի Ռաշադ Ռուֆուլլաեւի հետ անցկացրածը, որտեղ ես նրան պարտության մատնեցի: Այդ հաղթանակն ամեն առումով ինձ համար կարեւոր էր, չէ՞ որ ես իմ երկրի զինվորն եմ նաեւ:
-Արսե՛ն, դու ծնվել ու հասակ ես առել մարզական լուրջ ավանդույթներ ունեցող ընտանիքում…
-Հայրս ճանաչված սամբիստ, Խորհրդային Միության եռակի, աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Գագիկ Ղազարյանն է: Ավագ եղբայրս` Դավիթը, նույնպես ձյուդոյիստ է: Նա 2009 թ.-ի Եվրոպայի պատանիների եւ 2010թ. Սինգապուրում անցկացված պատանիների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Հայաստանի այս տարվա մեծահասակների հաղթող: Մենք երկուսս էլ նույն` 66 կգ քաշային կարգում ենք հանդես գալիս: Այնպես ստացվեց, որ Հայաստանի այս տարվա առաջնությանը հանդիպեցինք եզրափակիչում, եւ Դավիթը հաղթեց: Ի դեպ, եղբայրս էլ է ծառայում:
-Պատկերացնում եմ՝ որքան դժվար է եղել հատկապես ձեր հայրիկի համար, երբ երկու որդիները դուրս են եկել տատամի:
-Այո՛, եւ՛ որպես ծնողի, եւ՛ որպես անձնական մարզչի: Բայց սպորտում ամեն ինչ էլ պատահում է. մի օր դու կհաղթես, մի օր քեզ կհաղթեն:
-Ձեր հայրը սամբոյի հայտնի վարպետ է, բայց դուք ընտրել եք ձյուդոն…
-Սկզբում սամբոն էինք ընտրել, բայց քանի որ սամբոն օլիմպիական մարզաձեւ չէ, հայրիկիս հետ խորհրդակցելուց հետո սկսեցինք ձյուդոյի մեջ հմտանալ: Ասեմ, որ այս մարզաձեւերը իրար շատ մոտ ու նման են: Վերջին տարիներին ձյուդոն իր կանոնադրության մեջ մի քանի բան է փոխել. որոշ հնարքներ արգելված է կատարել:
-Սպորտում ո՞վ է կուռքդ:
-Հա՛յրս: Ինձ համար նա լեգենդար մարզիկ ու մարզիչ է:
-Ակնառու նվաճումների համար ձյուդոյիստին ի՞նչ է հարկավոր:
-Բնատուր տաղանդ եւ, իհարկե, աշխատասիրություն…
-Քո սիրած գույնը:
-Եռագույնը:
-Խորհրդանիշը:
-Դրոշը, զինանշանը, օրհներգը:
-Սիրած բանաստեղծը:
-Հովհաննես Թումանյանը:
-Կոմպոզիտորը:
-Մեծն Կոմիտասը:
-Սիրած կինոնկարը:
-«Համբույր Փարիզում»:
-Ռոմանտիկ ֆիլմեր ես սիրում:
-Այո՛:
-Կներես, Արսե՛ն, բայց պետք է հարցնեմ. ընտրած աղջիկ ունե՞ս:
-Դեռ՝ ո՛չ:
-Մարզիկիդ ամենանվիրական երազանքը:
-Որ իմ հաղթանակների պատվին մեր երկրի դրոշը բարձրացվի:
-Առաջիկա ծրագրերիդ մասին ի՞նչ կասես:
-Մարզվել: Մեծ է ցանկությունս դառնալ աշխարհում ուժեղագույնը, օլիմպիական խաղերում հաղթել:
-Ծառայությունդ ո՞նց է անցնում:
-Շատ լավ:
-Ինչպե՞ս կբնութագրես այսօրվա հայ զինվորին:
-Ինչպես կբնութագրե՞մ… Հայ զինվորը քաջ է, խիզախ: Հայ զինվորը ոտից գլուխ հայրենասիրություն է:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում