Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ



Ուր ասես, աշխարհի որ անկյունն ասես, որ չհասան Արցախյան շարժման ղողանջները: Հասան այնտեղ, որտեղ գեթ մեկ հայ կար, այնտեղ, որտեղ հայկական շունչ ու հոգի կար…

Օտարության մեջ էր նաև Կամո Հակոբջանյանը: Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնամետալուրգիական ֆակուլտետն ավարտած և ինժեների որակավորում ստացած քսաներեքամյա հայորդուն ինստիտուտը գործուղել էր Սարատով` տեղի երկրաբանական արշավախմբում աշխատելու: Հայաստանից եկած ինժեների սրտացավ աշխատանքը չի վրիպում արշավախմբի ղեկավարության ուշադրությունից, և Կամոյին առաջարկվում է նախ վարպետի, իսկ կարճ ժամանակ անց` տեղամասի պետի պաշտոնը:

Արցախյան շարժման արձագանքները Կամոյին հասան հեռավոր Սարատովի երկրամասում: Սումգայիթի, Բաքվի ջարդերը մի կողմից, սահմանում հաճախակի դարձած ընդհարումները, հայոց շեների վտանգված անդորրը մյուս կողմից ամբողջովին տակնուվրա արեցին Սյունյաց աշխարհի զավակի ներաշխարհը, և նա առանց երկմտելու հավաքեց ճամպրուկներն ու փութաց հայրենիք: Ի՞նչ ապահով ու բարեկեցիկ կյանք, ի՞նչ հանգիստ, ի՞նչ քուն, երբ վտանգված է hայրենիքդ:

1988-90 թթ. Կամո Հակոբջանյանը աշխատանքի է անցնում Կապանի երկրաբանաորոնողական արշավախմբի Սիսիանի խմբում, միևնույն ժամանակ գործուն մասնակցություն ունենում Արցախյան շարժմանը: 1990թ անդամագրվում է Հատուկ գնդի Սիսիանի վաշտին, նշանակվում առաջին դասակի առաջին ջոկի հրամանատար:

-Քանի որ այդ օրերին ահռելի չափերի էր հասել անասնագողությունը, մարդաորսը, իմ դասակին հանձնարարվեց հսկել Սիսիան-Բերձոր, Քաշաթաղ սահմանագիծը: Կարճ ժամանակ անց մեր դասակի գործողությունների շնորհիվ դադարեցին բոլոր տեսակի ոտնձգությունները, իրավիճակն ամբողջովին վերցրինք մեր հսկողության տակ,- հիշում է մայոր Հակոբջանյանը:

1992թ. Հատուկ գունդը վերակազմավորվում է սահմանապահ զորքերի, և Կամոն նշանակվում է սահմանապահ ջոկատի Սիսիանի պարետության Նորավանի ուղեկալի պետի պաշտոնակատար: Նույն թվականին մասնակցում է Բերձորի միջանցքի ազատագրման, Հադրութի շրջանի Ազով, Դրախտիկ գյուղերի պաշտպանական մարտերին: 1993թ. սահմանապահ զորամասը վերակազմավորվում է մոտոհրաձգային, հրաձգային ստորաբաժանումների, և Կամո Հակոբջանյանը նշանակվում է Գորիսի բրիգադի Սիսիանի գումարտակի վաշտերից մեկի հրամանատար, մասնակցում Բերձորի, Գյուլիբերդի, Մուրադխանլիի ազատագրական մարտերին: 1993թ. Կամոն ընկերների` Մուրադյան Արայիկի, Պողոսյան Տիգրանի, Գևորգյան Վարդանի, Քարամյան Անդրեասի, Հայրապետյան Արարատի հետ կամավոր մասնակցում է նաև Քարվաճառի մարտերին:

-Արցախյան հաղթանակը ի՞նչ տվեց քեզ,- հարցնում եմ Կամոյին:

-Արժանապատիվ ապրելու իրավունք: Արցախյան պատերազմը, ազատագրական լինելուց զատ, նաև անհիշելի ժամանակներից այս տարածքներում բնակվող հայ քրիստոնյաներիս ֆիզիկական փրկության համար մղված պատերազմ էր, գոյության կռիվ:

-Կամո, մարտական ընկերներով հավաքվո՞ւմ եք:

-Իհարկե: Տարբեր առիթներով, հիմնականում ծննդյան տարեդարձներին, տոն օրերին… Առանց այդ հավաքների ո՞նց կլինի: Հիշում ենք անցած-գնացած օրերը, մեր զոհված ընկերներին, մեկ-մեկ էլ այս կամ այն կռվից դրվագներ, մեր հաղթանակներն ենք հիշում:

-Ընկերներդ քեզ նաև գրականության մարդ են համարում և ասում են, որ հրաշալի ասմունքում ես, և ձեր հավաքույթները մշտապես ուղեկցվում են քո ասմունքով…

-Ամենայն հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, Չարենցը, Սևակը, իմ մեծ հայրենակիցը` Համո Սահյանը, իմ սիրելի բանաստեղծներն են… Նրանք իմ ամեն օրվա ուղեկիցներն են:

– Դժվար չէ՞ երկար տարիներ առաջնագծում ծառայած սպայի համար զինկոմիսարիատ ղեկավարելը:

-Դժվարը դժվար չէ, պարզապես անսովոր է… Զինկոմիսարիատի աշխատանքը կոլեկտիվ աշխատանք է, և երբ կա գործին նվիրված, համախմբված կոլեկտիվ, գործերն աջ ու առաջ կգնան: Հենց առաջին տարում ես նկատեցի, որ կուռ, առողջ կոլեկտիվ է, ինչը նաև նախկին, ներկայումս Եղեգնաձորի զինվորական կոմիսար, մայոր Արմեն Սարգսյանի աշխատանքի արդյունքն է:

-Կամո՛, մաղթանքներդ հայ զինվորին:

-Թող խաղաղություն, հավերժ խաղաղություն լինի: Մեր երկրին հզորացում ու բարգավաճում եմ ցանկանում: Անկախությունը շատ թանկ գնով ձեռք բերվեց, և ինչպես ծնողն իր զավակին, այդպես էլ մենք` ազգովի պետք է գուրգուրենք ու փայփայենք մեր անկախությունը: Անկախությունը մեզ տրվեց մեր եղբայրների արյան գնով, մեծ զրկանքների ու տառապանքների գնով: Կեցցե՛ Անկախությունը, կեցցե՛ ազատ անկախ Հայաստանը, կեցցե՛ անկախության պահապան հայկական բանակը, կեցցե՛ հայ զինվորը…

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Ազգային բանակ


02/10/2014